Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՍ-ի Արտակը՝ Նիկոլ Փաշինյանին. «Ձեր տեղեկությունները ամբողջապես սուտ են»

Փետրվար 06,2017 13:25

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագիծը՝ ԱԺ-ում ստեղծելու ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի բարձրաստիճան պաշտոնյաների գույքային վիճակը, նրանց եկամուտների եւ ունեցվածքի ձեռքբերման օրինականությունը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դեմ են քվեարկել իր նախագծին եւ հակափաստարկներից մեկն այն է, որ հիմա ՀՀ-ում գործում է Բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների եւ գույքի հայտարարգրման մեխանիզմ: «Բայց մենք գիտենք, որ դրանից դուրս են մնում բոլոր հարազատները, մերձավորները, բացի ամուսնուց եւ համատեղ ապրող երեխայից ու ծնողից, բավականին լայն շրջանակն դուրս է մնում դրանից»,-ասաց պատգամավորը:

Նախագիծը ներկայացնելիս Փաշինյանը դիմեց ՍԱՍ սուպերմարկետների սեփականատեր Արտակ Սարգսյանին՝ ասելով. «Պարո՛ն Արտակ Սարգսյան, ես հիմա բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակներն ահազանգում են, որ դուք պարտադրում եք ՍԱՍ սուպերմարկետի աշխատողներին գրանցումից դուրս գալ եւ վերագրանցվել այն ընտրատարածքում, որտեղ դուք առաջադրված եք»: Նա ասաց, որ դիտմամբ է նշում պատգամավորի անունը, որ նա հնարավորություն ստանա պարզաբանել՝ ինչքանո՞վ են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը:

Փաշինյանը նաեւ կոչ արեց քաղաքացիներին, որ եթե նման բան իրենց պարտադրվի, անպայման ահազանգեն իրենց:

Երբ Արտակ Սարգսյանը փորձեց պատասխանել՝ պարզվեց՝ նրա բարձրախոսը այնքան երկար չի աշխատել, որ չի էլ միանում արդեն: Ոչ մի կերպ չստացվեց միացնել նրա բարձրախոսը եւ նա խոսեց առանց դրա:

RA National Assembly session took place

Պատգամավորն ասաց, թե այդ տեղեկությունները, որոնք շրջանառվում են իր մասին, չեն համապատասխանում իրականությանը. «Ձեր տեղեկությունները ամբողջապես սուտ են: Գիտեք ինչի համար են տարածվում այդ տեղեկությունները, ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը»:

Լրագրողների հետ զրույցում Արտակ Սարգսյանը չպատասխանեց իր առաջադրմանը վերաբերվող հարցերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728