Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Չեմ թաքցնում՝ ուզում եմ դառնալ պատգամավոր». Անահիտ Բախշյան

Փետրվար 06,2017 13:07

 

«Ազատ դեմոկրատներ միավորման» համամասնական ցուցակում ընգրկված Անահիտ Բախշյանը չի թաքցնում, որ ցանկանում է դառնալ պատգամավոր: Անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի առաջարկն ընդունելու իր որոշմանը՝տիկին Բախշյանն ասաց. «Ազատ դեմոկրատների» քաղաքական գիծը շատ հարազատ է ինձ: Այդ գիծը Հայաստանի պետության, ինքնիշխանության պահելն է, ժողովրդավարական արժեքները, եվրոպամետ պետությունների մոդելը և մարդու իրավունքները: «Ազատ դեմոկրատներն» ինձ համար համախոհ կուսակցություն է, և ընդունել եմ Խաչատուր Քոքոբելյանի հրավերը ու չեմ թաքցնում՝ ուզում եմ դառնալ պատգամավոր»:

Տիկին Բախշյանը տեղեկացրեց, որ շարունակելու է զբաղվել զինհաշմանդամների հետագա բժշկական վերականգնողական հարցերով. «Այն, ինչով զբաղվում ենք հիմա, բարեգործական հիմքով է, մինչդեռ դա պետք է դառնա պետական հոգածություն»: Անահիտ Բախշյանը կոչ արեց ժողովրդին հետևել, թե որ քաղաքական ուժն ինչ բառապաշարով է մյուսի թերությունների մասին խոսում: Տիկին Բախշյանը եւս կարծում է, որ շատ դեպքերում դաշինքներն արհեստական են ստեղծված, բայց մյուս կողմից, ըստ նրա, դա կոչվում է ընտրությունների նախապատրաստություն. «Բոլորովին չենք լսել՝ ինչ-որ շարժման անուն, մեկ էլ միանում է՝ չգիտեմ ում: Բայց անխուսափելի է այս ամենը, սա նա է, ինչ կոչվում է  ընտրություների նախապատրաստում: Մեր երկրում գոնե մենք ավելի քաղաքակիրթ ու գրագետ մշակույթ չունենք: Ընտրական օրենսգիրքն էլ կարծում եմ անում է ամեն ինչ, որ այդ վարկանիշն ընկնի: Այս ռեյտինգային կոչվածը, ինչպես Գևորգ Դանիելյանն է ասում, ուղղակի առանց կես լիտր խմելու չես հասկանում»:

Տիկին Բախշյանը չցանկացավ կրկին ներկայացնել իր՝ «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու պատճառները, հիշեցնելով, որ բազմիցս խոսել է այդ մասին: Ի պատասխան լրագրողների հարցերին` տիկին Բախշյանը փոխանցեց միայն հետևյալը. «Ելքի»-ի երիտասարդ անդամն էլ բարձրաձայնեց այդ մասին, թե չեն հասկանում «Ժառանգությանը». մի կողմից` «Ելք», մյուս կողմից` Սեյրան Օհանյան քաղաքական դաշինքը: Այսինքն՝ քաղաքական կողմնորոշումն ու գիծը, ծրագիրը ստացվում է  կապ չունի»:

«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը հավաստիացրեց, թե իրենք ընդդիմադիր են ու գործում են ընդդիմադիր դաշտում: Հարցին՝ դաշինքո՞վ, թե՞ միայնակ են մասնակցելու ընտրություններին, Էդգար Առաքելյանը պատասխանեց. «Ի սկզբանե նշել ենք, որ «Հայկական վերածնունդն»,  ամենայն հավանակությամբ, կմասնակցի միայնակ, բայց չի բացառվում համագործակցությունը այլ ուժերի հետ»:

Հիշեցնելով, որ անցյալում բավականին մեծ աշխատանք են տարել օրենսդրական և այլ առումներով՝ Էդգար Առաքելյանը նշեց, թե այժմ զբաղվելու են նաև գյուղացի կանանց խնդիրներով, որպեսզի հետագայում նրանք թոշակ ստանան: Լրագրողները հստակեցրին՝ այսինքն, եթե գյուղացին իր այգին է մշակում, դա ստա՞ժ համարվի, պարոն Առաքելյանը դրական պատասխան տվեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728