Լրահոս
Օրվա լրահոսը

«Մետրոյի դղրդյունից առավոտյան 7-ին վեր եմ թռել»

Փետրվար 06,2017 14:30

Զարուբյան փողոցի բնակիչները
մետրոյի գնացքների դղրդյունից հանգիստ չեն գտնում

Հունվարի կեսից սկսած` Զարուբյան փողոցի որոշ տների բնակիչներ քուն ու դադար կորցրել են: Առավոտյան վեր են թռնում, կեսօրին էլ քնել չեն կարողանում. նրանց տների տակով մետրոյի գնացքներն են անցնում եւ այնպիսի դղրդյուն առաջացնում, որ, բնակիչների խոսքերով, «վիբրացիայից» գազօջախը, պահարանները, պատուհանները, դռները եւ տան մնացած պարագաները «շխշխկում» են ու «դղրդում»:

«Ժամը 7-ին վեր եմ թռնում, ամբողջ օրն էլ գլխացավով մնում, ոչ էլ ցերեկն է քնել լինում, վերջին օրերին մետրոյի գնացքներն այնքան ուժեղ աղմուկով են անցնում, որ քնել ու տանը հանգստանալ ընդհանրապես հնարավոր չի լինում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Զարուբյան փողոցի բնակիչներից մեկը` Միքայել Զաքարյանը: Նա առավոտից երեկո տանն է լինում, ոչ բամբակե խցանն է ականջներում օգնում, ոչ էլ տանը մի այնպիսի անկյուն կա, որտեղ մետրոյի գնացքի ձայնն անլսելի լինի: Այն օրերին եւ ժամերին, երբ գնացքն այդպիսի դղրդյունով է անցնում, տան բոլոր անկյուններում էլ դղրդյունը զգացվում է: Զարուբյան փողոցի այդ հատվածով, որը գտնվում է Սահմանադրական դատարանի շենքի հետնամասում, անցնում են մետրոյի «Մարշալ Բաղրամյան» եւ «Երիտասարդական» կայարանների գնացքները, որոնք երթեւեկում են երկու ուղղություններով: Տարիներ ի վեր այդ գնացքներն այդ հատվածով անցնում են, սակայն, բնակիչների հավաստմամբ, նման դղրդյուն երբեւէ չեն առաջացրել: Բնակիչների վկայմամբ՝ առհասարակ գնացքների ձայնը լսելի է դարձել 2002-2003 թվականներից հետո, իսկ մինչ այդ որեւէ անհարմարություն չի եղել: Այդուհանդերձ, անգամ այդ թվականներից հետո գնացքներն այդպիսի աղմուկ չեն հանել, եւ բնակիչները հարմարված ապրել են եւ նույնիսկ ձայնին ընտելացել: Սակայն, ինչպես նրանք են նշում, վերջին փոփոխությունը, որն այդպես էլ չեն պատկերացնում՝ ինչի հետ կարող է կապված լինել, մարդկանց անհարմարություններ է պատճառում:

«10 օր սարսափելի էր, հինգ րոպեն մեկ անցնում էին ու նման ձայն հանում»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա բնակարանում եղած ժամանակ էլ մետրոյի գնացքի ձայնը, որն անցնում էր գրեթե 5 րոպե պարբերականությամբ, լսելի էր, սակայն պարզվեց՝ դա ամենանորմալ վիճակն է, ինչին բնակիչները սովոր են եղել եւ երբեւէ չեն դժգոհել, ու եթե ամեն օր այդպես լինի, չէին էլ բողոքի: Միքայել Զաքարյանի տանը եղել ենք փետրվարի 2-ին: Այդ օրը, ինչպես նկատեցին բնակիչները, գնացքները բավականին հանգիստ էին եւ բնակիչներին որեւէ անհարմարություն չէին պատճառում: Նրանց համար նաեւ անհայտ էր մնում, թե ինչո՞ւ դղրդյունը մի օր լինում է, մի օր` ոչ, կամ օրվա մի ժամին լինում է, մի ժամի՝ դադարում, հատկապես, որ նույն գիծն է:

Բնակիչներն ահազանգել են մետրոյի պատասխանատուներին, որոնք հաստատել են, որ որոշ տեխնիկական խնդիրներ կան եւ շտկման փուլում են:

Ի դեպ, վերջերս աղմուկի հետ կապված խնդիր էին բարձրացրել նաեւ Աբովյան փողոցի բնակիչները, որոնց բնակարանների տակով նույնպես անցնում են մետրոյի գնացքները:
Ինչո՞ւ են գնացքները սովորականից շատ դղրդյուն առաջացնում՝ «Առավոտի» հարցին Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի տնօրենի Երթեւեկության գծով տեղակալ Գեւորգ Ավետիսյանը պատասխանեց, որ Զարուբյան հասցեի բնակիչների տների տակով, որտեղով անցնում են մետրոպոլիտենի «Բաղրամյան» եւ «Երիտասարդական» կայարանների գնացքները, այս պահի դրությամբ գծի հղկման, հարթեցման, ուղղման աշխատանքներ են կատարվում. «Բնականաբար, ալիքաձեւ ինչ-որ գոյացություններ են առաջանում գծերի վրա, որոնք համապատասխան կից ծառայության մասնագետները ժամանակ առ ժամանակ նայում են, ստուգումներ են անցկացնում եւ հարկ եղած դեպքում ուղղումները կատարում են: Այս պահի դրությամբ այդ գծի վրա աշխատանքները չեն ավարտվել, բնականաբար, ավարտվելուց հետո էական տարբերություն կզգացվի:

Բայց մտածել, որ ընդհանրապես մետրոյի, որը ստորգետնյա տրանսպորտ է հանդիսանում, ձայնը քաղաքում չլսվի, դա արդեն սուտ կլինի, բացառվում է»:

Պարոն Ավետիսյանի խոսքով. «Ամեն դեպքում մենք այդ հատվածը նորից կվերանայենք, բնականաբար, համապատասխան ցուցումներ կտրվեն մեր մեքենավարներին, որ այդ հատվածում արագությունները չգերազանցեն:

Համենայնդեպս, ասեմ, որ մեքենավարը, որքան էլ ցանկանա, չի կարող ավելի արագությամբ սլանալ, որովհետեւ ինքը միջակայք ունի, իր դիմացի գնացքի հետ կապված գրաֆիկով պետք է ընթանա, եւ որեւէ արագության գերազանցումը, բնականաբար, դիսպետչերի կողմից նկատվում է, եւ նրան համապատասխան դիտողություն արվում է: Այնպես չէ, որ քմահաճույքով է` ով ինչ արագությամբ ցանկանա, այդ արագությամբ կսլանա»: Ապա պարոն Ավետիսյանը նկատեց. «Մեր մետրոն աշխատում է ժողովրդի համար, ոչ թե ժողովրդին նեղություն տալու համար»:

Գեւորգ Ավետիսյանը հաստատեց, որ որոշ ժամանակ առաջ, աղմուկի հետ կապված, դժգոհություն են ունեցել նաեւ Աբովյան-Սայաթ-Նովա հասցեի բնակիչներից:
Երթեւեկության գծով պատասխանատուն ասաց, որ բողոքի հետքերով գնացել են, այցելել բնակարաններ. «Ճիշտ է, աղմուկ կար, բայց բնակիչների ներկայացրածի համեմատությամբ այնքան ցավալի տեսարան չէր, որ պետք էր դրա դեմն առնեինք, այդուհանդերձ՝ մետրոպոլիտենում գնացքների արագության հետ կապված վերանայում եղավ, այդ հատվածում գնացքների արագությունը մի փոքր իջեցվեց, եւ այդ խնդիրը լուծվեց»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

04,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728