Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ընդհանուր առմամբ գոհ է օրերս Փարիզում անցկացված միջազգային մրցաշարին իր հինգ սաների մասնակցությունից, որն առաջին միջազգային պաշտոնական մեկնարկն էր մրցաշրջան 2017-ում: Կարեն Ասլանյանը՝ 66 կգ քաշային կարգ, Կարապետ Չալյանը՝ 75 կգ եւ Մաքսիմ Մանուկյանը՝ 85 կգ, տուն վերադարձան որպես հաղթող, իսկ 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը՝ երրորդ մրցանակակիր:
Մարզիչը գոհ չէ միայն 59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանի մասնակցությունից, որից նույնպես ակնկալիքներ ուներ: Բայց ըմբիշն իրեն արդարացնելու եւս մեկ հնարավորություն կստանա Կիեւում կայանալիք միջազգային մրցաշարում (մարտի 2-ից 5-ը):
Հավաքականի հետ Փարիզ մեկնել էր նաեւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, սակայն վերջինը այդպես էլ չմտավ մրցագորգ: Aravot.am կայքը այդ օրերին գրել էր, որ չճշտված տեղեկություններով ըմբիշը առողջական խնդիրներ է ունեցել: Պարոն Ջուլֆալակյանը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց լուրը: «Այո, Արթուր Ալեքսանյանը թիմակիցների հետ մեկնել էր Փարիզ եւ պետք է մասնակցեր մրցաշարին: Սակայն այնտեղ զգացի, որ առողջականը չի գոհացնում, կիսահիվանդ վիճակում մասնակցելը ճիշտ չի լինի՝ ավելորդ ծանրաբեռնվածություն, հնարավոր է նաեւ անհաջող մասնակցություն, դրա համար էլ թույլ չտվեցի մասնակցել», – ասաց նա:
Մեր թիմը ոչ պաշտոնական թիմային պայքարում երկու տասնյակից ավելի երկրների մեջ 42 միավորով գրավեց վեցերորդ տեղը: Սակայն Լեւոն Ջուլֆալակյանը այդ վիճակագրությունով չի հետաքրքրվել: «Քանի որ բոլոր քաշային կարգերին չէինք մասնակցում, թիմային պայքարում մրցանակային տեղ գրավելը բարդ էր լինելու: Անգամ հինգ ոսկե մեդալ նվաճելու դեպքում չէր բացառվում, որ էլի եռյակում տեղ չզբաղեցնեինք», – ասաց մասնագետը՝ հավելելով, որ իրեն այս փուլում ավելի շատ հետաքրքրում էր, թե ըմբիշները նոր մեկնարկող մրցաշրջանի սկզբում ունեցած մարզավիճակում ինչպիսի՞ պայքար կմղեին:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատճառով ամբողջական թիմով չմասնակցեցին: «Արթուր Ալեքսանյանի մասին արդեն ասացի: Իսկ մյուս բոլոր քաշային կարգերում արդեն պլանավորված է, թե որ մարզիկը որ մրցաշարում, երբ եւ որտեղ պետք է հանդես գա: Օրինակ, Կիեւի մրցաշարում հանդես է գալու 10 ըմբիշ, սակայն մինչ այդ դեռ պետք է կողմնորոշվեմ, թե ով է մեկնելու եւ ինչի համար: Միայն ասեմ, որ մի քանի ըմբիշ հանդես կգան ոչ իրենց սովորական քաշային կարգերում», – տեղեկացրեց Լեւոն Ջուլֆալակյանը:
Գլխավոր մարզիչը առայժմ ձեռնպահ մնաց հավաքականի հետագա ծրագրերի մասին մանրամասն խոսելուց:
Զրույցում անդրադարձ եղավ նաեւ հավաքականում իրականացվելիք սերնդափոխությանը: «Նշածս անուններից պարզ հասկացաք, որ բնականաբար, սերնդափոխություն ընթանում է, բայց այն պետք է ընթանա բնականոն հունով: Այստեղ շտապել պետք չէ: Եթե կան ըմբիշներ, որոնք գործում են լիարժեք եւ առաջատար են, հասկանալի է՝ կմնան», – վստահեցրեց մարզիչը:
Բայց հերթափոխի աճի տեմպերը նրան չեն գոհացնում. «Ամիսներ առաջ ես արդեն նշել էի, որ Հայաստանի առաջնության մասնակիցների քանակը եւ որակը ինձ չի գոհացնում: Քանակի եւ որակի պարագայում դժվարություններ միշտ եղել են: Այդուհանդերձ, աշխատանքի արդյունքում բոլորս էլ տեսել ենք մեր թիմի հաջողությունները: Պետք է աշխատել եւ փորձել եղածից ստեղծել որակ», – ասաց նա:
Լեւոն Ջուլֆալակյանը նաեւ տեղեկացրեց, որ օլիմպիական հաջորդ շրջափուլը, երբ կսկսեն խաղարկվել վարկանիշերը, կմեկնարկի 2019 թվականի աշխարհի առաջնությունից:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
04,02.2017