Լրահոս
Օրվա լրահոսը

Դաջվածքով խոզեր եւ մարդ, որ վաճառել էր իր մեջքը 150000 եվրոյով

Փետրվար 06,2017 14:00

Բելգիացի նկարիչ Վիմ Դելվուայի սկանդալային նախագիծը

Ցյուրիխի բնակիչ Թիմ Շտայների մեջքին դաջվածք կա, որ նկարել է հայտնի նկարիչը, ու այն արդեն գնել է ոչ պակաս հայտնի հավաքորդը: BBC-ի տեղեկացմամբ, Թիմի մահից հետո, նրա նկարազարդ մեջքի կաշին կհանվի, կդրվի շրջանակի մեջ ու կփոխանցվի գնորդին: Այդպիսին է պայմանավորվածությունը: Իսկ այժմ Թիմը ողջ առողջ է, եւ որպես ցուցանմուշ օրերով նստած է ժամանակակից արվեստի թանգարանների սրահներում:
«Իմ մեջքին արվեստի ստեղծագործություն է, իսկ ես սովորական մարդ եմ, որին բախտ է վիճակվել կրել այն»,-ասում է թաթու-սրահներից մեկի նախկին մենեջեր, 40-ամյա Թիմ Շտայները:

Դեռեւս 10 տարի առաջ նրա նախկին ընկերուհին հանդիպել էր բելգիացի ճանաչված նկարիչ Վիմ Դելվուային, որը հռչակվել էր իր սկանդալային նախագծերով, մասնավորապես՝ խոզերի վրա արված դաջվածքներով: Դելվուան աղջկանից հետաքրքրվել էր՝ կգտնի՞ որեւէ մեկին, որը կցանկանա «կենդանի» կտավ դառնալ իր համար: Շտայները խոստովանում է, որ ընկերուհու զանգին ի պատասխան՝ միանգամից համաձայնել է:
Եվ այսպես՝ երկու տարի անց նրա մեջքին հայտնվեց տարօրինակ դաջվածքը՝ Մարիամ Աստվածածինը՝ ինչ-որ գանգի հետ, բացի դրանից, նկարիչը տղամարդու մեջքին նկարել է ծիծեռնակներ, դեղին ու կարմիր վարդեր, ինչպես նաեւ լոտոս: Դելվուան չի մոռացել իր ստորագրությունը թողնել Շտայների նկարազարդ մեջքին, որի վրա աշխատել է 40 ժամ:
«Կենդանի կտավը» եւս գոհ է իր վրա պատկերված գլուխգործոցից, համարում է, որ այն արվեստի բարձր արտահայտություն է: Շտայները կարծում է, որ մի բան է որեւէ մակերեսի վրա վրձնելը, մեկ այլ բան՝ ասեղով մարդու մաշկի վրա նկարելը:

Թիմ Շտայների մեջքին նկարված աշխատանքը, որ հեղինակը «Թիմ» է վերնագրել, 2008թ. 150000 եվրոյով գնել է արվեստի ստեղծագործությունների գերմանացի հավաքորդ Ռիկ Ռեյնքինգը:

Խելահեղ նախագիծը բուռն քննարկումների տեղիք է տվել, մանավանդ որ Թիմը շաբաթվա 6 օրերին՝ օրական 5 ժամ անցկացրել է թանգարաններում նստած՝ ցուցադրելով իր մեջքը: «Ստացվում է 1500 ժամ նստած եմ անցկացրել՝ ոտքերս օդում կախված: Հապա մի փորձեք 15 րոպե անշարժ նստել՝ ուղիղ մեջքով… Դա իմ կյանքի ամենամեծ փորձությունն էր»,-խոստովանում է Թիմը: Նա չի արձագանքում այցելուներին, երբ փորձում են թանգարանում իր հետ զրույցի բռնվել:

Արդեն երկու ցուցահանդես կայացել է՝ Դանիայում եւ Շվեյցարիայում:
Թիմը հպարտությամբ է մտածում, որ մի օր իր փոխարեն թանգարանում նկար է կախված լինելու «Թիմ» անունով, այդպիսով ինքն անմահանալու է:

 

Պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

04,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728