Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը փետրվարի 5-ին մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հանդես կգա համերգային ծրագրով:
Փետրվարի 4-ի երեկոյան «Էջմիածին» երգչախմբի սաները, ուղեկցությամբ Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի ու երգչախմբի հիմնադիր-ղեկավար Բարեշնորհ Արթուր սարկավագ Վարդանյանի, ընդունելության արժանացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:
Գարեգին Բ Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությանն ու «Էջմիածին» երգչախմբի սաներին` ուրախություն հայտնելով նախաձեռնության առիթով: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ աննախադեպ այս միջոցառումը ոգևորություն ու մեծ խանդավառություն կառաջացնի ճեմարանականների մոտ` դրական ազդեցություն ունենալով ուսումնական գործընթացի վրա:
Հայոց Հովվապետը կարևորեց երգչախմբի շրջագայությունը՝ ընդգծելով, որ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և հայ ժողովրդի հոգևոր-ազգային մշակույթը ներկայացվելու է երգի միջոցով:
Փետրվարի 5-ին երգչախումբը, բարձր հովանավորությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, համերգով հանդես եկավ առաջնորդանիստ եկեղեցական համալիրում` Մոսկվայի հայ համայնքի անդամներին ներկայացնելով հոգևոր և աշխարհիկ երգերով համեմված գեղեցիկ հայտագիր:
Առաջիկա օրերին երգչախումբը ելույթներ կունենա Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայում, տարբեր հայ համայնքներում:
Երգչախումբը ռուսաստանյան շրջագայությունից հետո, առաջնորդությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետի, կմեկնի Բելառուսի Հանրապետություն` Գրոդնո, որտեղ կմասնակցի շուրջ 45 երգչախմբերի մրցույթ-փառատոնին:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի