Մանր «բացահայտումներով» չարժե կերակրել հասարակությանը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը փետրվարի 1-ին Հայ-ամերիկյան առեւտրային պալատի (ՀԱԱՊ) կազմակերպած միջոցառմանը իր ծավալուն ելույթում կրկին շեշտեց միտքը, որ կոռուպցիան կարող է անդրադառնալ ազգային անվտանգության վրա ու վտանգել այն` նկատելով. «Երբ 15 ամիս առաջ ՀԱԱՊ-ում իմ ելույթի ժամանակ ես նշեցի կոռուպցիայի ու ազգային անվտանգության շփման եզրերի մասին, շատերը դա լուրջ չընդունեցին, զարմանքով ընդունեցին, շատերն ուշադրություն չդարձրին: Չեմ ուզում ասել, որ այդ մասին առաջինը ես խոսեցի, սակայն այժմ քաղաքական բանավեճերում այդ հարցին ավելի անկեղծ անդրադարձ է կատարվում, հնչում են կառավարության կողմից լուրջ քայլեր ձեռնարկելու առաջարկներ: Քառօրյա պատերազմի օրերին եւ հաջորդիվ հանրային բանավեճերում ուրվագծվեց այն քայքայիչ ազդեցությունը, որ կոռուպցիան կարող է ունենալ ազգային անվտանգության հարցերում, եւ հանրության ուշադրությունը բեւեռվեց այդ խնդրին»:
Այնուհետեւ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամությանը՝ դեսպանը ՀՀ կառավարությանն է ներկայացրել կոնկրետ առաջարկներ ու հավելել. «Լուծումներից մեկը կարող է լինել այն, որ կառավարությունը հստակեցնի, որ պետական պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար պարտադիր չէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին, որ քննություն կարող է սկսվել, եթե պետական պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը դատախազի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի: Հայկական լրատվամիջոցները հայտարարագրերի լավ վերլուծություններ են ապահովում եւ կարողանում են վեր հանել այն դեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները 40, 50 կամ 100 անգամ ավելին են, քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողմից դրանց հիման վրա քայլեր ձեռնարկելու միտումներ չկան»:
ԱՄՆ դեսպանը, ոչ ավել-ոչ պակաս, ՀՀ կառավարությանը մեղադրել է անարդյունավետ գործելու մեջ, այլ կերպ ասած` ժողովրդի աչքին թոզ փչելու մեջ: Նա կոնկրետ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ծագած դիսկուրսում երկրում առկա կոռուպցիայի քայքայիչ ազդեցության մասին է հիշեցրել:
Կարդացեք նաև
Տարիներ շարունակ խոսվում է անբարեխիղճ պաշտոնյաների կողմից չարաշահումների, յուրացումների, աստղաբաշխական թվերով ունեցվածք դիզելու, երկրին հասցրած ահռելի չափերի վնասների մասին, սակայն չի գործում պատասխանատվության մեխանիզմ: Նման պաշտոնյաները պաշտոնից հեռացվելուց հետո մի որոշ ժամանակ անց կա՛մ հայտնվում են մեկ այլ պաշտոնում, կա՛մ օտար ափերում շարունակում են բարեկեցիկ կյանք վայելել, կամ էլ, ծայրահեղ դեպքում, իրենց հռչակում են «ազգին ազգադավ իշխանությունից» փրկող «ընդդիմություն»:
Միլսի գնահատականներն այսօր հատկապես արդիական են Կարեն Կարապետյանի ղեկավարման համար, որովհետեւ այն, ինչ հայտարարվում է, տարբերվում է իրականությունից:
Բերենք օրինակ: Պարզվում է՝ հայտնի են դարձել միլիոնների խախտում թույլ տված տնտեսվարողները, որոնցից ՊԵԿ-ը վարչապետին բողոքել էր: Տարեվերջին մի քանի տասնյակ տնտեսվարողներ պետությունից միլիոնների հարկեր են թաքցրել՝ տեղեկանում ենք հարկայինի հրապարակած փաստաթղթերից:
Եվ ի՞նչ եք կարծում` ինչպիսի՞ թաքցված հարկերի մասին է խոսքը, պետությանը վնաս հասցրածներից, օրինազանցներից ի՞նչ չափերի հասնող տվյալներ է հաջողվել ջրի երես հանել… Պարզվում է՝ ընդամենը խոսքը առավելագույնը 1-2 միլիոն դրամի մասին է: Իսկ պետությանը վնաս հասցրածների նվազագույն թաքցված հարկերի չափերն իսկապես զավեշտի ժանրից են, օրինակ` տեղ են գտել հասցված վնասի չափերի այսպիսի տվյալներ` 68 հազար 100 դրամ, 54 հազար 160 դրամ, 40 հազար դրամ, 37 հազար 800 դրամ:
Հունվարի 13-ին մամլո ասուլիսում, երբ լրագրողը Կարեն Կարապետյանին հարցրեց՝ օլիգարխների հետ լեզու գտնո՞ւմ եք, օրինակ՝ կարո՞ղ եք ասել՝ շաքարի գնին ձեռք չտաք կամ ալյուրի գինը մի թանկացրեք, նա պատասխանեց. «Իսկ դուք համարում եք, որ դա իմ գործառո՞ւյթն է…», «օլիգարխների հետ ես զգում եմ ինձ շատ հանգիստ, ապահով»:
Իսկ ո՞ւմ գործառույթն է… Ցանկացած երկրում, որտեղ իրական բարեփոխումների ձգտող կառավարության ղեկավարը իսկապես ցանկանում ու ձգտում է իրավիճակ ու մթնոլորտ փոխել, առնվազն պետք է արձանագրեր, որ, ցավոք, առայժմ օլիգարխներ կան, ու դեռեւս նրա կառավարությանը չի հաջողվել արմատախիլ անել այդ համակարգն ու երկրին հասցրած վնասները բացահայտել:
Բայց ի՞նչ է ասում մեր վարչապետը` նա ոչ միայն իր գործառույթը չի համարում մենաշնորհներ ստեղծածների դեմ քայլեր ձեռնարկելը, այլեւ ավելին` արձանագրում է, որ «օլիգարխների հետ» իրեն «շատ հանգիստ է զգում»:
Սա «նոնսենս է», եւ ԱՄՆ դեսպանի ելույթի հիմքում հենց դրա մասին է ասվում:
Կարեն Կարապետյանն իսկապես բավական ծանր վիճակում է կառավարության ղեկավարումը ստանձնել, սա գիտակցում են բոլորը` առանց գույները խտացնելու, բայց նա արդեն 5 ամիս է կառավարությունը ղեկավարում եւ վստահաբար շատ ժամանակ չունի: Իրական քայլերի փոխարեն մանր «բացահայտումներով» կերակրել հասարակությանն անիմաստ է:
Տեղին է այս դեպքում հիշատակել փետրվարի 2-ին «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի ելույթից մի դրվագ. «Պոպուլիզմը, միգուցե, լավ է որոշակի պահի համար՝ երեք օր, հինգ, յոթ, տասնհինգ օր, լավ՝ վեց ամիս, բայց, փառք Աստծո, մեր հասարակությունը կարողանում է շատ շուտ հասկանալ, թե ով ինչ է ի վիճակի անել»:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 04.02.2017
Կարելի է մտածել որ, թերեւս, իր դերն ալ արդէն հիմնականօրէն այս էր՝ մի քանի ամիս – խրթին ընտրությունների նախօրյակին… -, «պատրանքներով օրօրել» ժողովուրդը: Քանզի օրօրումը ընդհանրապէս անոյշ քուն է բերում, եւ բարի երազներ…
Իր ընտանեկան գնահատելի ներդրումին համար, կարելի է հարց տալ թէ արդյօք ինչո՞ւ մինչեւ օրս դեռ չէր առած այդ քայլը: Աթոռի գի՞նն է այդ: Թէ պարզապէս, շնորհիւ իր պաշտօնին, «ապահով» է զգում այդ փողերը այդպէս ներդնելու… Երկրորդ վարկածի պարագային, շատ ել երաշխիք չունի սակայն…
Սակայն նաեւ, հետաքրքրական «անմեղություն» մը ունի այս մարդը, բառին ոչ անպայման քովասական իմաստով… :
Այս տեսանկյումից, օրինակի համար, օլիգարխների մասին իր վերոհիշյալ խօսքերը կարելի է մենկաբանել հետեւյալ կերպով՝
«ախր, սա երկիրը սա է, այսպէս է.
անօրէն օլիգարխներից ձերբազատվիլ անհնար է.
հետեւեբար, ան որ ուզում է մեծ գործեր անել, մեծ ներդրումներ կատարել, թող անոնց հետ լեզու գտնի, անոնց գոհացնի, որպէսզի կարողանա մի բան անել»:
Մօտեցումը ընդունելի կրնա ըլլալ, եթէ ժամանակաւոր կացության մը մասին է խօսքը: Հանգրվան մը միայն, դէպի աւելի լաւ ու առողջ վիճակ: Ինչպէս որ… ինքը, իր այդ պաշտօնին վրա, օրինակի համար:
( Իսկ Հայաստանում ժպիտների պակասի նյութով՝ պիտի որ ընդունէք թէ այդ երեւոյթը միշտ ել կապ չունի դժվար պայմանների հետ: Տիրապետող հակումը՝ խոժոռ ու մռայլ, խիստ դէմքերն են, կախ երեսները…: Ասում են, այդ ալ Սովետի ժամանակներից մնացած սովորություն մըն է: Կարգ մը երիտասարդների մօտ, այդ ուղղությամբ ել մի քիչ փոփոխություն կա սակայն: Ուրեմն այդ մէկն ալ ժամանակի հարց է, երեւի: )