Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղն ունի 389 բնակիչ: Գյուղը Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը 1500 մ է հեռու: 1990-ական թվականների հայ-ադրբեջանական չհայտարարված պատերազմի ժամանակ Կիրանցի բնակիչները խիզախություն եւ հերոսություն ցուցաբերեցին, անձնազոհ կերպով կրելով պատերազմի դժվարությունները: Փոքր գյուղից 1988-1994թթ. զոհվել է 16 մարդ, վիրավորվել, հաշմանդամ է դարձել 7-ը: Կիրանցի Հայաստանի սահմանամերձ այն հազվագյուտ գյուղերից է, որտեղից քիչ արտագաղթ է եղել, վերջին 10-15 տարում գյուղի բնակչությունն աճել է:
Սակայն սահմանամերձ բնակավայրում ապրող երիտասարդ 15 ընտանիք բնակարանի խիստ կարիք ունի: Այդ ընտանիքները չեն ցանկանում հայրենի գյուղը լքել, նույն հարկի տակ բնակվում են իրենց հարազատների հետ, կենցաղային դժվարին պայմաններում: Երկու-երեք եղբայրները ամուսնանալով՝ բնակվում են հայրական հարկի ներքո, ամեն ընտանիք՝ տան մեկ սենյակում: Երիտասարդ ընտանիքներում երեխաներ են ծնվում, մեծանում, նույն հարկի տակ մի քանի ընտանիքների, տարբեր սերունդների կեցությունն ավելի է դժվարանում:
Կիրանցի բնակիչները աշխատանք գտնելու գործում մեծ ընտրություն չունեն, նրանք սահման պահող պայմանագրային զինծառայող են կամ էլ գյուղատնտեսությամբ են զբաղվում: Նրանց ստացած ոչ մեծ եկամուտները հազիվ բավարարում են իրենց ընտանիքները պահելու, նաեւ բանկերում, վարկային տարբեր կազմակերպություններում ունեցած վարկերը փակելու, բայց ոչ՝ տուն կառուցելու համար: Կիրանցում երիտասարդներ կան, ովքեր երկար ժամանակ է, ինչ նշանադրված են, սակայն չեն կարողանում ամուսնանալ, հարս բերել, քանի որ իրենց տանը նորաստեղծ ընտանիքի բնակության համար տարածք չկա:
Կիրանցի նախկին գյուղապետ Հմայակ Նազարյանը դիմել է կառավարություն, որպեսզի հարցի լուծմանն աջակցություն ցուցաբերվի: Խնդրի լուծման տարբերակներից մեկն այն է, որ բարեգործների ֆինանսական միջոցներով Կիրանցի երիտասարդ, բնակարանի կարիք ունեցող ընտանիքների համար գյուղում ոչ մեծ քոթեջներ կառուցվեն: Կիրանցի երիտասարդ ընտանիքների կացարանի հարցը կարող լուծվել նաեւ գյուղի հիմնական դպրոցի խարխուլ շենքի փոխարեն նոր շենք կառուցելուց հետո: Կիրանցի դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը մեզ հայտնել է, որ պետական բյուջեի միջոցներով Կիրանցում դպրոցի նոր շենք կկառուցվի: Դպրոցի ներկայիս շենքը հիմնանորոգվելու, կառույցն ամրացնելուց հետո կարող է որպես կացարան տրվել բնակարանի կարիք ունեցող 15 երիտասարդ ընտանիքի:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ