Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում երեկ տհաճ միջադեպ է եղել: Սովորաբար 85 կգ քաշային կարգում հանդես եկող Աղասի Աղասյանը մասնակցել է 94 կգ քաշայինների պայքարին եւ ցույց տվել երկրորդ արդյունքը: Սակայն նա վերջին մոտեցումից հետո մարզակոշիկները թողել է մրցահարթակում, իսկ ավելի ուշ լրագրողներին հայտարարել, թե ինքը ծանրամարտից հեռանում է հպարտ, բարձր ճակատով եւ թքած ունի այն մարդկանց վրա, ովքեր իր մարզակոշիկներից էժան են:
Ըստ շրջանառվող լուրերի` Աղասյանը նաեւ ասել է, թե կշեռքի ժամանակ ինքն իր քաշային կարգում տեղավորվել չի կարողացել, քանի որ իրեն շոգեբաղնիք չեն տրամադրել, հակառակ դեպքում կդառնար 85 կգ քաշային կարգի հաղթող: Ու նաեւ, որ ծանրամարտում Փաշիկ Ալավերդյան անուն-ազգանունով մարդու չի ճանաչում: Այս ամենին գումարած, Աղասի Աղասյանը պարգեւատրման արարողության ժամանակ չի մոտեցել պատվո պատվանդանին ու չի ստացել արծաթե մեդալը:
Այսօր առաջնության ավարտից հետո լրագրողները Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին խնդրեցին մեկնաբանել կատարվածը: «Շատ խելացի տղա է երեւում: 2-րդ տեղի համար սահմանված դրամական պարգեւը վերցնում է, իսկ մեդալն ստանալու համար չի մոտենում պատվանդանին: Ինչ վերաբերում է քաշի մեջ չտեղավորվելուն:
Կշռման արարողությունը տեւում է մեկ ժամ ու ծանրորդն այդ ընթացքում ավելորդ 450 գրամը գցելու հնարավորություն ուներ: Եթե նրան շոգեբաղնիք չեն տրամադրել, ո՞վ է մեղավոր՝ ե՞ս: Նա ունի անձնական մարզիչ, նա այստեղի աշխատող է (առաջնությունն անցկացվում էր Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում): Չգիտեմ, թե ինչու եւ ովքեր նրան շոգեբաղնիք չեն տրամադրել: Դա ինձ չի վերաբերվում եւ իմ գործը չէ: Ինչ է՝ մտածում եք, թե ե՞ս պետք է հատուկ նրա համար շուտ գայի ու շոգեբաղնիքը միացնեի:
Կարդացեք նաև
Եվ վերջինը. մենք ենք սխալ վարվել, որ նրան ընդառաջ գնալով, նույն մրցման ժամանակ թույլատրեցինք մասնակցել ավելի բարձր քաշային կարգում հանդես գալ, ինչի իրավունքը նա չուներ: Թե՞ պետք է խաբեինք մյուս ծանրորդներին ու մարզիչներին՝ հայտացուցակում գրելով, իբր նա տեղավորվել է իր քաշային կարգում», – ասաց Փաշիկ Ալավերդյանը: Հարցին, թե ինքն այս դեպքից հետո չի՞ պատրաստվում խոսել ծանրորդի հետ եւ նրան շանս տալ, պարոն Ալավերդյանը պատասխանեց. «Եթե նա հայտարարել է, թե ծանրամարտում Փաշիկ Ալավերդյան անուն-ազգանունով մարդու չի ճանաչում, ես ո՞ւմ հետ զրուցեմ:
Փաշիկ Ալավերդյանին ծանրամարտի աշխարհում բոլորն են ճանաչում: Իսկ եթե նա ինձ չգիտի, ուրեմն ծանրամարտի աշխարհին արժանի չէ: Ես ինձ չճանաչող մարդու հետ զրուցելու ոչինչ չունեմ»: Իսկ հարցին, թե, այնուամենայնիվ, ի՞նչ պատճառով Աղասի Աղասյանին չտարան Ռիո, հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանեց. «Էլի եմ կրկնում. եթե Աղասին մենակ լիներ ու 15 տեղ՝ ազատ, ես նրան չէի տանելու, որովհետեւ արդյունքներն ինձ չէին բավարարում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ