ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահ Արթուր Լեւոնյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ երկար ժամանակ առաջիկա ընտրություններին մասնակցելու վերաբերյալ կուսակցության ներսում քննարկումներ են եղել: Իսկ վարչության ընդլայնված նիստում ընդունված հայտարարության իմաստն էլ հետեւյալն է. «ՀԺԱՄ կուսակցությունը բավականին երկար ժամանակ համագործակցային գործընթացի մեջ է եղել ՀՀԿ-ի հետ, այս պահին նշմարված է ընդհանուր քաղաքական դաշտը՝ ընտրություններին մասնակցող եւ չմասնակցող, արդեն իսկ կուսակցության
տարածքային կազմակերպություններին տվել ենք հրահանգներ, որպեսզի լայն ընդգրկում ունենան հանրապետության տարբեր մարզերում ՀՀԿ-ի շտաբերի հետ համագործակցության ճանապարհով, քանի որ սկսած երկրի նախագահի առաջին առաջադրումից ՀԺԱՄ-ը եղել է նախագահի եւ Հանրապետական կուսակցության կողքին: Այժմ ՀԺԱՄ կուսակցության վարչությունը եւ քաղխորհուրդը եկել են այն եզրակացության, որ պետք է շարունակենք երկարամյա համագործակցության գործընթացը, եւ կյանքը ցույց կտա, թե ինչպիսի օգտակարության գործակցով կարող ենք մասնակցություն ունենալ»:
Մեր դիտարկմանը՝ փաստորեն միանում են այսպես ասած՝ «մայր գետին», Արթուր Լեւոնյանը պատասխանեց. «Այո, միանում ենք մայր գետին: Խորհրդի նիստից անմիջապես հետո, անձամբ ես որպես վարչության նախագահ, հանդիպում ունեմ ՀՀԿ պատասխանատու անձերի հետ Էրեբունի համայնքում, նույնիսկ համատեղ թեկնածու ունենք Հանրապետականի ցուցակում, տեսնենք ինչպիսի քայլեր կկատարվեն, օգնության ինչպիսի աստիճան կլինի»:
Նա տեղեկացրեց, որ Հանրապետականի եւ ՀԺԱՄ-ի համատեղ թեկնածուն Հայկ Պլուզյանն է:
Կարդացեք նաև
Խոսելով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուն, ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահը նշեց. «Ամեն կուսակցություն ինքն է որոշում իր՝ վերադառնալը կամ հեռանալը: Կյանքը ցույց կտա, ինչպիսի հաջողությունների կհասնի Բարգավաճ Հայաստանը: Փաստ է, որ այն քաղաքական ուժ է, շատ հաջող ներկայացված է խորհրդարանում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ