Փետրվարի 5-ին կայացավ ՀԺԱՄ կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որտեղ անդրադարձ եղավ ներկայիս քաղաքական իրավիճակին:
ՀԺԱՄ կուսակցության քաղխորհրդի նախագահ Աշոտ Ավալյանն Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ընտրությունների մասին, նշեց, որ թեեւ 10-15 օր կա մինչեւ վերջնական հայտերի ներկայացումը, որոշակի արձագանքներ էլ կան, բայց ուղղությունն այնուամենայնիվ որոշված է՝ ՀԺԱՄ-ը պահպանելու է իր գործընկերային հարաբերությունները ՀՀԿ-ի հետ:
«Վերջին 10-15 տարում մենք միշտ համագործակցել ենք Հանրապետական կուսակցության հետ, պաշտպանել ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Սահմանադրությունը, մի խոսքով, համագործակցությունը բավականին երկար տարիների փորձ ունի»,-ասաց ՀԺԱՄ կուսակցության քաղխորհրդի նախագահը: Aravot.am-ի հարցին, որ ՀԺԱՄ-ի նպատակներից մեկը միջին խավ ձեւավորելն էր, ինչը չի էլ նշմարվում, պարոն Ավալյանը պատասխանեց. «Միջին խավը մեկ օրում չի ձեւավորվում, մենք նորից այն կարծիքին ենք, որ մեր երկրի զարգացման հիմքում, այնուամենայնիվ, միջին խավի ձեւավորման խնդիրը ամենակարեւորներից է, մենք շատ ուրախ ենք, որ մեր թեզը շատ ու շատ քաղաքական ուժեր են վերցրել, նաեւ կառավարության գործառույթների մեջ շատ է կարեւորվում միջին խավի ձեւավորումը: Դանդաղ տեմպերով է գնում»:
Դիտարկմանը՝ ինչու է ՀԺԱՄ-ը միայն ընտրությունից ընտրություն ակտիվանում, իսկ ընդհանրապես պասիվ է, մեր զրուցակիցը պատասխանեց, որ արտախորհրդարանական ուժի համար բարդ է հարթակ գտնել եւ ակտիվ լինել:
Կարդացեք նաև
Մի բան, Աշոտ Ավալյանի խոսքով հստակ է՝ իրենք որոշում են կայացրել պարտադիր համագործակցել ՀՀԿ-ի հետ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ