Եզդիների ազգային կոմիտեն ահազանգ է հնչեցնում, որ արդեն մեկ ամիս է, ինչ Արագածոտնի միակ սահմանամերձ Թլիկ եզդիական գյուղի բնակիչները զրկվել են խմելաջրից: Եզդիական Թլիկ գյուղը , որը որպես խմելաջուր է օգտագործում Հայաստանի և Թուրքիայի միջեւ հոսող Ախուրյան գետի ջուրը, արդեն մեկ ամիս է պոմպի անսարքության պատճառով չունի խմելաջուր:
Խնդրի վերացման համար գյուղի բնակիչները դիմել են մասնագետի օգնությանը , սակայն մեկ ամսից ավել է, ինչ ռուսական սահմանապահներն արգելում են էլեկտրամասնագետներին մտնել Ախուրյան գետի վրա տեղադրված պոմպակայան ՝ պահանջելով մուտքի արտոնագիր, որը միայն տրվում է գյուղի բնակիչներին:
Գյուղի բնակիչները պնդում են, որ խնդրի չլուծման դեպքում պատրաստվում են փակել Արմավիր-Երևան ավտոճանապարհը:
Սինջար լրատվական կենտրոնի տարածած տեղեկատվության համաձայն` «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին ներկայացրել է իրավիճակը.«Գյուղն արդեն քսան օր է ջուր չունի: Գյուղացիները իրենց միջոցներով գնել են նոր պոմպ, բայց պարզվում է չեն կարող փոխել հին պոմպը, քանի որ այն գտնվում է մի տարածքում, որը ռուսական զինված ուժերի ենթակայության տակ է: Տարածքը հսկող զինվորականները ասել են, որ պետք է անցագիր ունենան, սակայն գյուղացիների համար անհասկանալի է, թե ումից պետք է անցագիր ստանան: Դիմել են ԱԱԾ՝ անցագիր ստանալու համար, սակայն մնացել են անպատասխան»: Ըստ Բորիս Մուրազիի` հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղի բնակիչները կենդանիներին ջուր տալու, լվացք անելու հնարավորությունից զրկվել են. «Խմելու ջուր գյուղացիները գնում են դույլերով, իսկ այս պոմպակայանի շնորհիվ կենցաղային այլ կարիքներ էին հոգում: Մարզի իշխանությունները, կարծում եմ, անգործության են մատնված: Խնդրում եմ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին և լրատվամիջոցներին իրենց ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը»:
Կարդացեք նաև
«Սինջար» լրատվական կենտրոն
Եզդիների ազգային կոմիտե