Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաձգված հարցազրույց երկու կանգառների միջև (պատմվածք)

Փետրվար 05,2017 12:31

(Հացազրույց երկրորդ)

Նախորդ հարցազրույցից հետո անցել է երկու տարուց ավելի և ես այն ժամանակ որոշել էի իմ այցելած կանգառի դիմացի անցումով բարձրանալ փողոցի հակառակ կողմի կանգառ և հարցազրույց վարել այդ երկու կանգառների և նրանց միջակայքում գտնվող մայթի հետ, բայց հանգամանքների բերումով այն ուշացավ և ահա ես փորձում եմ անցնել գետնանցուղով, որպեսզի իրականացնեմ իմ խոստացած, բայց ուշացած հարցազրույցը:

Եթե հիշում եք, այն ժամանակ ես մայթի լեզվով գրել էի՝ «…այ, էն հեռվում էլ, որ տեսնում ես` գետնանցում է, որտեղով զգույշ կանցնես, նա էլ այնքան մաքուր չեն պահում, վերանորոգված ու կարգի բերված չէ, պատի երեսպատման սալիկների մի մասն էլ թափվել են, կոտրատվել, աստիճանները վնասվել են, վրան էլ ինչ-որ մեկը ապակյա շիշ է ջարդել ու կտորտանքը մինչև հիմա չեն մաքրում, մետաղյա ծաղկամաններից մեկն էլ պոկել, տարել են: Միժամանակ էլ մի սիրահար պատի վրա թուղթ էր կպցրել, որի վրա գրված էր` «Աննա, ես քեզ սիրում եմ», հիմա այդ թուղթը պատառոտել են, բայց մնացել են սիրո հետքերը… »:

Եվ ահա, ո՜վ զարմանք, այդ անցուղին անճանաչելիորեն փոխվել է:

-Բարև, անցուղի՛,-ասում եմ ես նրան` կտրել անցնելով փողոցի այն բանուկ մասը, որտեղ անցուղի չկա,-ներող կլինես, որ երկու տարի ուշացումով եմ եկել հարցազրույցս շարունակելու համար, դե հանգամանքները խանգարեցին, տեսնում եմ, որ բավականին բարետես կերպարանք ես ստացել:

-Բարև,-պատասխանում է անցուղին, ուրախ ժպիտով,-դե, իհարկե, համեմատելի չէ նախկին տեսքիս հետ, եթե մտնելիս նկատեցիր դիմացի բետոնյա ճակատիս մեծ տառերով ցուցանակ են փակցրել՝ «Նոր Նորք վարչական շրջան Kaspersky lab»,  (երևի  համակարգչային հակավիրուսային ծրագրերի կենտրոնի  ղեկավար Կասպերսկու լաբորատորիան է հովանավորել հիմնանորոգումը, մտածեցի ես), հատակս ամբողջովին ասֆալտապատել են, իսկ պատերիս գրություններ կպցրել՝ «Պահպանել մաքրություն», «Տարածքը տեսագրվում է» և մի հատ էլ հատուկ ցուցանակ՝ հայտարարությունների համար: Ախր մեր բնակիչներն էլ, որտեղ ասես հայտարարություններ են կպցնում, կեղտոտում, չի կարելի, չէ ու դրանց ձեռքը բռնող չկա:

-Ի՜նչ լավ է, ուրախանում եմ ես, վերջապես քեզ վերանորոգել են քառասունհինգ տարի ծնունդիցդ անց, բայց տրամադրությունս մի փոքր փչացավ, երբ տեսա, որ անհետացած ծաղկամանի տեղը մնացել է դատարկ,  ճիշտ է, պատերը մաքրվել են, տարբեր ցուցատախտակներ են ավելացված, լուսավորությունը ավելի բարվոք է, բայց, պատից պոկված սալիկների տեղը այդպես էլ դատարկ են մնացել, նորերը չեն տեղադրել, իսկ… ասֆալտի վրա պարզորոշ երևում են մի քանի տեղում պատից դեպի անցուղու կենտրոն ձգվող մեզի հետքեր, որոնք երևի գիշերով այդտեղով անցնող անցորդներն են թողել, բա տեսախցիկը դրանց տերերին չի հայտնաբերե՞լ:

-Չգիտեմ, ինձ անհայտ  է մնացել, տեղեկացված չեմ, գոնե այդ միզողների նկարները կպցնեին պատիս, այ այս ցուցատախտակի վրա, որ ուրիշները տեսնեին, դասեր քաղեին ու այդպիսի անշնորհքություն չանեին: Երկու տարի առաջ անհետացած ծաղկամանի փոխարեն էլ ոչինչ չեն ավելացրել, այլ մի քայլ հետ են շարժել նրան հաջորդող ծաղկամանը, իբր նրա  թափուր տեղը լրացնելով, հիմա էլ սկիզբս է դատարկ մնացել: Նորից կիսատ-պռատ գործ են արել: Ախր, այսքան լավի կողքին մի քանի մանր-մունր բաները գցում են արվածի տեսքը ու դժգոհություն առաջացնում:

-Տեսնում եմ, որ աստիճաններդ էլ են կարգի բերել:

-Հա, հիմա հետիոտն քայլողները չեն դժգոհում, թե չէ ինչ էր այն ժամանակ, սալիկներիս զգալի մասը կոտրտված թափված էր ու քայլողները շատ էին դժգոհում դրանք հաղթահարելիս:

Աստիճաններով վերև եմ բարձրանում ու քայում մայթով, որպեսզի շարունակեմ հարցազրույցս մայթի, ապա վերևի կանգառի հետ:

-Բարև մայթ,-ասում եմ,-գործերդ կարծես լավ են գնում, ասֆալտապատվել ես, գեղեցկացել:

-Շնորհակալություն,-ասում է մայթը,-բայց աղբ թափող բնակիչներին  մի վատություն են արել, էդ «Սանիթեկը» իմ գազոնի միջի նախկին աղբամանները տեղափոխել է փողոցի բանուկ մաս ու վտանգել բնակիչների կյանքը, նրանք ստիպված հայտնվում են աղբամանների ու այդ տաքսիների ինքնաստեղծ կայանման շարանի միջև, առջևից էլ զանազան տրանսպորտի տեսակներ են արագությամբ իջնում: Ճիշտ է, դեռ վթար չի եղել, բայց այն անխուսափելի է, մի օր փաստի առջև կկանգնենք:

-Ճիշտ ես ասում,-գնամ, տեսնեմ մնացած մասե՞րդ ինչ վիճակում են:

-Այս մամուլի կրպակը վաղուց է փակվե՞լ,-հարցնում  եմ կանգառին:

-Հա, արդեն մի քանի ամիս է չի աշխատում, չգիտեմ, երևի շուտով կբացվի:

-Հուսանք,-ասում եմ ես,-ոնց որ բոլոր մասերդ տեղում են, այս անգամ ոչինչ չեն տարել:

-Դե, տարել էին, բայց տերերը եկան վերանորոգեցին:

-Գնամ տեսնեմ վերևներում ինչ կա:

-Մինչև ավտոսպասարկման շինությունները չհասած կարող ես հանգիստ քայլել, բայց միևնույնն է՝ զգույշ պիտի լինես, մեքենաները ազատ երթևեկում են մայթով, իսկ մի քիչ էլ որ բարձրանաս, զգոնությունդ ավելի պիտի ուժեղացնես, այդտեղ մայթն ու բանուկ փողոցը միախառնված են իրար, ավտոսպասարկման շինության դեմի մայթը կարող է լրիվ զբաղված լինել, մեքենաների արանքով մի կերպ կանցնես ու դուրս կգաս ազատ տարածություն:

Քայլում եմ մայթով զգուշությամբ, իմ բախտից՝ այդ պահին մայթով ավտոմեքենա չանցավ: Հասնում եմ ավտոսպասարկման շինություններին, որտեղ լվանում, յուղում, վերանորոգում են դրա կարիքը ունեցող ավտոմեքենաները: Սրանց մի մասը՝ շինությունների  ներսում, մի մասն էլ՝ հենց մայթի վրա: Մի կերպ հաղթահարում եմ այս լաբիրինթոսը, որին անմիջապես հաջորդում է երկրորդ գետնանցումը: Այն նույնպես վերանորոգվել է և որտեղով կարող են հետիոտնները անցնել դիմացի մայթ՝ զգուշությամբ կտրել-անցնելով նաև փողոցի հանդիպակաց երթևեկության մասը: Վերանորոգման գրեթե նույն բացթողումները նկատվում են նաև այստեղ: Բա` ո՞նց: Իսկ անցում դեռ չմտած  պատին հատուկ տեղադրած երկաթյա ձողերի վրա չորանում են զանազան իրեր՝ կարպետներ, գորգեր, մեքենայի սրահի «աքսեսուարներ», որոնք ավտոսպասարկման արտադրանք են…

-Իսկ սա ի՞նչ է,-հարցնում եմ մայթին` շարունակելով ճանապարհս:

-«Միկային» նախկինում պատկանող  բենզալցակայնն է, ընկերությունը լուծարվելուց հետո, այսպես անտերության է մատնված, իհարկե, հետիոտնի համար տեղ կա անցնելու, բայց, մեկ-մեկ այն փակում են խոշոր չափի մեքենաները՝ կանգնելով ուղիղ մայթի մեջտեղը, պետք է դրանց շրջանցես այնտեղով, որտեղ նախկինում լիցքավորում էին մեքենաները, չգիտեմ, երբևէ կարգի կբերվի՞ այս մասը, թե չէ, արդեն երկու տարի է այս վիճակում գոյատևում եմ, մեքենաներ են այստեղ գիշեր-ցերեկ հանգրվանում…

-Այս էլ հասկացանք, գնանք առաջ:

-Գնացեք, բայց զգույշ կանցնեք, վերևում էլ մայթ ու բանուկ փողոց խառնված են իրար, գլխավոր պողոտայի վերևից եկող մեքենաներ են թեքվում դեպի աջ, կտրում մայթը ու  բարձրանում վերևի շենքերը:

-Այսքան վտանգավոր տեղեր ունես ավտոմեքենաների անցումների համար, ես հաշվեցի հինգ-վեց այդպիսի մայթ-ճանապարհ խառնուրդ ու կոչվում ես մա՞յթ,-զարմանքով հարցնում եմ ես:

-Ես ի՞նչ անեմ,-թող քաղաքապետարանում մտածեն:

-Դե՛, լավ գնամ վերև, տեսնեմ էլ ինչ կա:

-Երբ ասածս տեղով բարեհաջող անցնես, էլ վտանգավոր տեղ չկա, ուղիղ կգնաս և կհասնես հաջորդ կանգառին: Բայց, կներես, մոռացա, մինչև կանգառին հասնելը ավտոմասերի վաճառքի կրպականման շինություն կա, որի կեսը մտած է մայթիս մեջ, այնտեղ էլ ուշադիր կլինես, որ շրջանցես, թե չէ կարող է ճակատդ խփես շինությանը, եթե ուղիղ գնաս:

-Ցտեսություն, շնորհակալություն բարի խորհուրդներիդ և հարցազրույցիս մասնակցելու համար:

-Բարի երթ, բայց մի բան հարցնեմ, քո գրածները պաշտոնյաները կարդում ե՞ն, որ հետևություններ անեն, թե՞ հենց այնպես…

-Երևի, չգիտեմ, ես գրում եմ իմ հոգու հանգստության համար: Ախր, մեր ժողովուրդն այսքան հոգսերի մեջ մի բան էլ պիտի մայթերով քայլելիս մեքենաներից զգուշանա է, բա դա խիղճ է՞:

-Է՜հ, իրենց ինչ, նրանք հո մայթով չեն քայլում, որ մտածեն, ավտոմեքենաներով են ամեն տեղ շրջում:

Քայլում եմ դեպի վերև մայթի մնացած մասով: Հանկարծ ետևիցս ավտոմեքենայի ազդանշան եմ լսում: Կանգնում, հետ եմ նայում: Շքեղ ավտոմեքենան քիչ է մնում, որ ինձ հարվածի իր սևաթույր դնչով, որի պատուհանից մեքենայի վարորդը գլուխը հանում ու նեղացած ինձ է զգուշացնում:

-Ա՛յ, մարդ, մի քիչ աջ կանգնիր անցնեմ, ինչքան էլ դանդաղ ես քայլում, չե՞ս տեսնում, որ մեքենա է գալիս:

-Բայց սա մայթ է, հետիոտների համար, փողոցի բանուկ մասում անցնելիս զգույշ լինեմ, մայթով քայլելիս է՞լ,-վրդովվում եմ ես:

-Բա, ես ոտքով պիտի տուն հասնե՞մ,-զարմանում է ավտոմեքենայի տերը,-էլ ինչի՞ համար եմ այս մեքենան գնել, որ ոտքով տուն հասնեմ:

Ստիպված մայթի աջ մաս եմ տեղափոխվում, ավտոմեքենային ճանապարհ տալով, որ մայթն ի վեր բարձրանա, ապա նրա հետևից քայլում եմ դեպի նպատակակետը:

-Զարմանալի արագությամբ մայթերով շրջում են զանազան մակնիշի ավտոմեքենաները՝ վտանգելով հետիոտնի կյանքը, իսկ վարչական շրջանի ղեկավարները չգիտե՞ն այդ մասին,-հարցնում եմ մայթին:

Բայց մայթը ամոթից լռում է` չիմանալով ինչ պատասխան տալ:

Մայթի վերջնամասում`  ձախ կողմից,  մոտ կես մետր բարձրության քարե կտորտանքներից պատի շարվածք է, իսկ վերևում՝ թեք հարթության վրա՝ կանաչ գազոն: Պատի քարերի մի մասը թափվել, անհետացել են, իսկ կանաչ գազոնն էլ  չի խնամված, չորացել է, աղբանոցի վերածվել(թղթի, ցելոֆանե տոպրակների, զանազան առարկաների մնացորդներ): Քիչ հեռվում արդեն երևում է հաջորդ կանգառը, որի տաղավարում գրեթե մարդ չկա, քանի որ տրանսպորտը, ինչպես բոլոր տեղերում, միշտ ավելի վերևում է կանգառ անում, քան իրական կանգառն է:

Բարևում եմ կանգառին ու հիասթափված կանգ առնում: Այս մայթ կոչվածը վերածվել է մի նոր, զուգահեռ  փողոցի, որի տարբեր մասերից ավտոմեքենաները աշխույժ մուտք են գործում այնտեղ ու երթևեկում ազատորեն, բայց նրանք փողոցից տարբերվում են ավելի վտանգավոր լինելով, քանի որ այստեղ բացակայում են փողոցային երթևեկության նշանները և, բնականաբար, չեն պահպանվում համապատասխան կանոնները:

Պատասխանատու մարմիններին խորհուրդ եմ տալիս՝ մտածել և մշակել հատուկ երթևեկության կանոններ, իրենց համապատասխան նշաններով՝ մայթերով երթևեկող ավտոմեքենաների վարորդների համար, թե չէ այս մարդիկ չգիտեն, թե ինչպե՞ս պիտի ճիշտ երթևեկեն՝ հետիոտնների համար նախատեսված մայթերով:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728