Առաջարկում եմ ձուկը պատրաստելու չափազանց հեշտ, շատ արագ, մատչելի եւ միեւնույն ժամանակ` շատ համեղ տարբերակ` լոլիկով շոգեխաշած ձուկ: Այս եղանակով պատրաստելու համար կարող եք վերցնել ցանկացած ձուկ` իշխան, սիգ, պնդաճակատ, ծածան, կարմրախայտ եւ այլն: Բացի ձկից ձեզ պետք կգա եւս մեկ բաղադրիչ` սեփական հյութի մեջ պահածոյացված լոլիկ: Ըստ էության` այսքանը բավական է, մնացածը` ըստ նախասիրության:
Անհրաժեշտ մթերքները
Ձուկ – 1 կգ
Սեփական հյութի մեջ պահածոյացրած լոլիկ- 1 կգ-անոց տարայով
Կարդացեք նաև
Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի
Կանաչի (ըստ ճաշակի, կարող եք վերցնել մաղադանոս, համեմ, թարխուն, սամիթ, որը կամենաք)- մի քանի ճյուղ
Չորացրած կանաչի` նույնպես ըստ ճաշակի
Կարագ- 50 գրամ
Պատրաստման եղանակը
Ձուկը մաքրել, լավ լվանալ: Կտրատել: Խորը թավայի կամ համեմատաբար տափակ կաթսայի մեջ դատարկել սեփական հյութի մեջ պահածոյացված լոլիկի կեսը, վրան շարել ձկան կտորները, ծածկել մնացած լոլիկներով, վրան լցնել նաեւ տարայի մեջ եղած ողջ հյութը:
Համեմեք աղով եւ սեւ պղպեղով, բայց չմոռանաք, որ լոլիկները աղով են պատրաստված, եւ հարկ եղածից քիչ աղ դրեք: Կաթսայի կափարիչը փակեք եւ դրեք միջին կրակին: 20 րոպե անց ձկան վրա ավելացրեք մանր կտրատած կանաչին եւ կարագը, կրկին փակեք կափարիչը, եւ անջատեք կրակը:
Մատուցեք 10-12 րոպեից:
Բարի ախորժակ:
Պատրաստեց
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ