Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտրությու՞ն, թե՞ հեղափոխություն

Փետրվար 05,2017 12:00

Հայաստանում, Ազգային ժողովի ընտրություններից առաջ, պատգամավոր դառնալ ցանկացողների թիվը երբևէ այսքան մեծ չի եղել: Հիմա դժվար է պատկերացնել, որ Հայաստանում եղել է մի ժամանակաշրջան, երբ մարդիկ, ունենալով պատգամավոր դառնալու մեծ հնարավորություն, ինքնակամ հրաժարվում էին պատգամավորի կոչումից ու մանդատից: Որպես ասվածի ապացույց, կարող եմ հիշել ու հիշեցնել ՀՀ Ազգային ժողովի թեկուզև նախորդ ընտրությունները, երբ ՀԱԿ դաշինքի ցուցակի անցողիկ տեղերում գտնվող Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արամ Զավենի Սարգսյանը հրաժարվեցին պատգամավորական մանդատներից՝ դրանք զիջելով իրենց դաշնակիցներին: Ասվածը հատկապես վերաբերում է գործարարներին. մեր գործարարներից շատերը, ունենալով պատգամավոր դառնալու մեծ հնարավորություններ, նախընտրում էին ոչ թե անձամբ իրենք պատգամավոր դառնալ, այլ պատգամավոր դարձնել իրենց ներկայացուցիչներին:

Այն ժամանակ որևէ մեկս չէր կարող ենթադրել, որ կգա մի ժամանակ, երբ նախարարը կամ նույնիսկ վարչապետը հրաժարականներ տալով՝ կձգտեն կամ կփորձեն պատգամավոր դառնալ: Հիմա հենց այդ ժամանակն է, և հենց դրան ենք ականատես լինում:

Մարդիկ հրաժարականներ տալով՝ ընդգրկվում են նախընտրական տարբեր, նույնիսկ ընդդիմադիր համարվող դաշինքների մեջ, իսկ ինչ վերաբերում է անձամբ Սեյրան Օհանյանին, վերջինս հանձն է առնում գլխավորել տվյալ ընդդիմադիր դաշինքը:

Այդպես շատերը մի քանի ժամվա մեջ ընդդիմադիր են դառնում՝ հայտարարելով, որ նպատակ ունեն փրկել երկիրն ու ժողովրդին: Թե նրանցից ովքեր կփրկեն երկիրն ու ժողովրդին, ժամանակը ցույց կտա, բայց որ շատ մեծ ցանկության դեպքում նրանք կարող են և ի վիճակի են այդ անել, հավատում ենք: Հավատում ենք, որովհետև մենք հիմա արդեն խորհրդարանական երկիր ենք: Դա նշանակում է, որ մեր երկրի ղեկավարին ու առաջնորդին ոչ թե ժողովուրդն է ընտրելու, այլ՝ խորհրդարանականները: Դա էլ իր հերթին նշանակում է, որ պատգամավորը ոչ թե պարզապես ժողովրդի ընտրյալն է, այլև՝ ժղովրդին փոխարինողն ու ժողովրդի փոխարեն կարևորագույն ընտրություն կատարողը: Այսինքն, պատգամավորի արժեքն անհամեմատ մեծացել է: Ամեն ինչից բացի, պատգամավորի արժեքը նաև դրամով արտահայտված է զգալիորեն մեծացել: Հիմա արդեն մեր պատգամավորը մեր նախարարի չափ աշխատավարձ է ստանում, ինչպես նաև՝ նախարարական կենսաթոշակ: Իչքան էլ ասենք թե՝ նրանք այդ աշխատավարձի ու այդ կենսաթոշակի հույսին չեն, նրանց մի զգալի մասը, որ ոչ թե գործարարներ են, այլ, փաստորեն, գործարարների կցորդներ, հենց այդ «նախարարական» աշխատավարձի ու կենսաթոշակի հույսին են, և չնայած «նախարարական» ենք ասում, իրականում մեր պատգամավորի վիճակը մեր նախարարից էլ լավ է՝ մանավանդ մեր խառը ժամանակներում, երբ ցանկացած նախարարի ցանկացած պահի կարող են աշխատանքից ազատել, մինչդեռ մեր պատգամավորն առնվազն չորս  տարի բազմաթիվ առումներով է անձեռնմխելի:

Այս ամենը լրջագույն պատճառներ են, որպեսզի պատգամավոր դառնալ ցանկացողների թիվը բազմապատկվեր: Ցանկացած գնով: Հիմնականում՝ «գեղ կանգնի, գերան կկոտրի» սկզբունքով, այսինքն՝ խմբով ու դաշինքով: Շատերն են հասկացել, որ միայնակ ոչնչի չեն կարող հասնել,  ու նաև շատերն են հասկացել, որ, հանուն հաջողության ու արդյունքի, գոնե առժամանակ հարկավոր է մի կողմ դնել անձնական ու գաղափարական հակասությունները և ատամներով պաշտպանել իրար: Եվ եթե հարկ է՝ հակահարված տալ ցանկացածին, ով կփորձի թթու խոսք ասել իրենց հասցեին:

Եթե ինչ-որ մեկը այս սարքովի դաշինքների անդամներին հիշեցնում է իրենց գաղափարական տարբերությունների մասին, անմիջապես վրա են տալիս՝ «ուրեմն իշխանափոխությանը դեմ ես»:

Սա դեռ սկիզբն է: Սկիզբն էլ չի՝ ընդամենը նախերգանքն է: Շատ շուտով ականատեսը կլինենք իսկական ճակատամարտերի: Արդեն՝ իրար միջև: Որովհետև դժվար թե իրար հետ լեզու գտնեն: Մանդատների սակավության պատճառով:

Բայց ինչի՞ց պիտի խոսեն: Մի ժամանակ մարդու իրավունքներից էին խոսում, ժողովրդավարությունից էին խոսում, անկախությունից ու Ղարաբաղից էին խոսում: Մինչև ընտրությունների օրը իշխանափոխությունից կխոսեն: Հետո՞ ինչից պիտի խոսեն:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728