Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի մասին իրազեկում` բուհերում

Փետրվար 04,2017 21:01

Սահմանադրական հանրաքվեի մասին իրազեկման միջոցառումների շրջանակներում ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ, Սրցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարած Աշոտ Ղուլյանը փետրվարի 3-ին Ստեփանակերտի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում հանդիպում ունեցավ ՀՀ բուհերում ուսանող արցախցիների հետ:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի(ԿԳՍ) նախարար Սլավա Ասրյանը, ինչպես նաև՝ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Ողջունելով ուսանողներին և հայտնելով շնորհակալություն ներկայության համար՝ Ա. Ղուլյանը տեղեկացրեց հանդիպման նպատակը՝ նշելով, որ Երևանում նույնպես կգործի ընտրատեղամաս հանրաքվեի համար՝ հաշվի առնելով այն, որ Արցախի շատ քաղաքացիներ այդ օրերին գտնվելու են այնտեղ:

ԼՂՀ ԿԳՍ նախարար Ս. Ասրյանը տեղեկացրեց, որ այժմ ՀՀ տարբեր բուհերում՝ հիմնականում Երևանում, ուսանում են 429 արցախցիներ: Ա. Ղուլյանն ասաց, որ նոր Սահմանադրության նախագիծն արժանացել է ԱԺ հավանությանը: Մինչև քարոզարշավը սկսելը՝ ԱԺԿ-ն և «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հռչակագիր են ստորագրել՝ միավորվելու մի շտաբում և քարոզարշավը համատեղ իրականացնելու համար: Ասաց՝ 2006-ին կար անհրաժեշտություն, և ընդունեցինք առաջին Սահմանադրությունը, որը մեծ դեր ունեցավ մեր երկրի կյանքում:

Այնուհետև եղավ անհրաժեշտություն, որ կատարվի սահմանադրական փոփոխություն, փոխվի նաև երկրի կառավարման ձևը:

Արցախի ԱԺ նախագահը մանրամասն ներկայացրեց նոր Սահմանադրության փոփոխված որոշ հոդվածներ՝ նշելով, որ Սահմանադրությունը պետք է լինի ճկուն, սակայն ոչ հեշտ փոփոխվող: Խոսեց Արցախի անկախության օրվանից գործած օրենքների, կառավարման ձևերի մասին, որոնց հիմքի վրա էլ որոշվել է իրականացնել նոր փոփոխություններ:

Ուսանողներին դիմեցին նաև ԿԳՍ և ՄԵՀ նախարարները՝ հորդորելով լինել ակտիվ և փետրվարի 20-ին Երևանում մասնակցել հանրաքվեին: Մասնակիցների հարցերին տրվեցին պատասխաններ, պարզաբանումներ:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728