Նախորդ օրը տնօրենի փոփոխություն է տեղի ունեցել Գյումրու «Շիրակ» օդանավակայանում. երկար ժամանակ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Չուխաջյանին այսուհետ փոխարինելու է «Շիրակ» օդանավակայանում մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնակատար, երիտասարդ Արմինե Աբրահամյանը: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, աշխատել է նաեւ «Հայփոստում»՝ դարձյալ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ու «Զվարթնոց» օդանավակայանում: Օդանավակայանի աշխատակիցների ներկայացմամբ, նա եղել է Էդուարդո Էռնեկյանի թարգմանչական խմբի մեջ՝ օգնելով նրան թարգմանություններ կատարելիս: Ըստ տեղեկությունների, կրթվել է Արգենտինայում՝ որպես կադր հենց այնտեղ գրավելով պարոն էդուարդո Էռնեկյանի ուշադրությունը:
Ինչեւէ, Շիրակի մարզի պաշտոնյաները երեկ զարմացել ու անակնկալի են եկել՝ տեսնելով, որ Էդուարդո Էռնեկյանի արգենտինահայ ներկայացուցիչը վարչապետ Կարեն Կարապետյանին որպես «Շիրակ» օդանավակայանի տնօրեն ներկայացրել է Արմինե Աբրահամյանին, ոչ իրենց ճանաչած պաշտոնյային:
Թե ինչո՞ւ են Սեյրան Չուխաջյանին ազատել աշխատանքից, Aravot.am-ը նախ փորձեց ճշտել «Արմենիա» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանից, սակայն նրա հեռախոսահարներն անհասանելի էին, զանգահարեցինք Սեյրան Չուխաջյանին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ են ձեզ ազատել աշխատանքից: Սեյրան Չուխաջյանն ասաց. «Ինձ չեն ազատել, ես դուրս եմ եկել, թոշակի եմ գնացել»:
Նշենք, որ Սեյրան Չուխաջյանը Գյումրիում բիզնես ունի. «Վանատուր» ռեստորանի տերն է, մոտ հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հետ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ