Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարողները․ Դավիթ Հովհաննիսյան. «Իշխանափոխություն լինելու է… մյուս բոլոր տարբերակները հակաբնական են»

Փետրվար 04,2017 19:07

Քաղաքացիական -քաղաքական տարբեր պայքարների նախաձեռնող ու ակտիվ անդամ Դավիթ Հովհաննիսյանը համոզված է՝ իշխանափոխություն հնարավոր է միշտ. ոգևորության և հիասթափության ալիքներ միշտ էլ լինում են, բայ նա վստահ է՝ այսօր արդեն իշխանափոխության համար բոլորովին այլ պայմաններ են ստեղծվել:

Մարտի 1-ին հաջորդած քաղաքացիական պայքարի մկրտություն ստացած երիտասարդի ու ընկերների ստեղծած առաջին նախաձեռնությունը կոչվում էր «Հայաստանն առանց քաղբանտարկյալների»: Երիտասարդները նախաձեռնությունը հիմնել էին Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Սարգիս Գևորգյանին և Տիգրան Առաքելյանին աջակցելու համար, ոչ միայն որովհետև վստահ էին, որ իրենց ընկերներն անմեղ են, դատարանում էլ չէր ապացուցվում նրանց մեղավորությունը, այլ քանի որ, ինչպես Դավիթն է պնդում.

«երկիրը, որտեղ մարդկանց բանտարկում են իրենց քաղաքական հայացքների համար, չունի զարգացման որևէ հնարավորություն»:

28-ամյա երիտասարդն ակտիվ քաղաքական-քաղաքացիական պայքարը սկսեց 2007 թվականին: Մինչ այդ երկրում տեղի ունեցող քաղաքական անցուդարձին հետևում էր հիմնականում լրատվամիջոցներով: Մշտապես իրեն ՀԱԿ համախոհ է համարել, սակայն կոնգրեսի գրասենյակ առաջին անգամ ոտք է դրել 2010 թվականին:

Առաջին մեծ քաղաքական իրադարձությունը, որի ականատեսն ու մասնակիցը դարձավ Դավիթը, 2008-ի Մարտի 1-ն էր.

«Մարտի 1-ը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի նորագույն պատմության համար: Հայաստանի պատմության մեջ՝ անգամ խորհրդային շրջանում, չի եղել դեպք, երբ իշխանությունները կրակեն սեփական ժողովրդի վրա: Ես համոզված եմ՝ քանի դեռ Մարտի 1-ի գործը չի բացահայտվել, Հայաստանը երբեք նորմալ պետություն դառնալու շանս չի ունենա: Դա անկյունաքարային հարց է պետության կայացման համար: Իշխանությունները՝ բոլորը՝ ներկա, անցյալ և ապագա, պետք է հստակ հասկանան, որ սեփական քաղաքացիների սպանությունը անպատիժ չի կարող մնալ: Մեղավորներից որևէ մեկը անպատիժ չպետք է մնա՝ լինի իշխանության, թե ընդդիմության մաս»,- ասում է նա:

Դավիթը կարծում է, որ Մարտի 1-ի հանցագործությունների բացահայտումը չի կարող անձնական քինախնդրության հարց լինել: Ըստ նրա՝ հասարակությունը նաև պարտք ունի Մարտի 1-ի զոհերի հարազատների նկատմամբ: Ժողովրդավարական երկիր ստեղծելուց հետո, ըստ նրա, պետք է Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող կառուցել, որը կդառնա քաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկը. «Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ նման հանցագործությունները Հայաստանում չեն ներվում»,- ասում է նա:

Մարտի 1-ի դեպքերի, այդ օրերի քաղաքական վերնախաղի հարաբերությունների վերագնահատումն ու այսօրվա իրավիճակի համեմատությունները երիտասարդ կոնգրեսականին երկրում փոփոխություններ իրականացնելու վստահության նոր ներուժ են տալիս.

«Շատերն ասում են, որ Մարտի 1-ը իշխանափոխության ամենահարմար ժամանակն էր, քանի որ դրանից հետո որևէ քաղաքական ուժ, լիդեր, այդքան մարդու փողոց չի հանել: Բայց խնդիրը միայն մարդկանց քանակի մեջ չէ: Ես համոզված եմ՝ այսօր իրավիճակն այլ է: Մարտի 1-ին մերձիշխանական, քրեաօլիգարխիկ տարրերը գոհ էին իրենց վիճակից, նրանք ընդվզման առիթ չունեին: Նրանց տրվել էր գործելու գրեթե անսահման ազատություն: Այսօր այդ տարրերի շրջանում համատարած հիասթափություն է իշխանություններից, հասունացած բողոք կա: Իսկ դա ռեալ խնդիր է իշխանությունների համար»,- ասում է Դավիթն ու վստահեցնում, որ պետք է համակարգի ներսում առկա խնդիրներից օգտնվել:

Վերջին տարիներին ակտիվացած քաղաքացիական պայքարը Դավիթի համար հետաքրքիր ուսումնասիրությունների դաշտ է: Նրա դիտարկմամբ՝ իշխանությունը փոխել է վերաբերմունքը դրանց նկատմամբ: Եթե 7-8 տարի առաջ մարդկանց ուղղակի բռնի կերպով ցրում էին, կամ ահաբեկում, այսօր իշխանությունն ընտրել է սիրաշահելու և համոզելու գործելաոճը.

«Այսօր իշխանությունները պատրաստ են գնալ ձևական զիջումների, բավարարել ցուցարարների պահանջներից մի քանիսը, այն էլ՝ ձևականորեն, միայն մի պայմանով. որպեսզի քաղաքացիական ակցիան հանկարծ չքաղաքականացվի: Քաղաքական պահանջներ առաջ չքաշվեն: Այսպես էր, օրինակ, Մաշտոցի պուրակի, Թռչկանի ջրվեժի համար պայքարի ժամանակ: Ըստ էության, պարտադիր չէ, որ այս կամ այն նախաձեռնությունն իշխանական պրոեկտ լինի. լինում են մարդիկ, ովքեր օգտվում են իրավիճակից: Ինձ համար այս առումով հետաքրքրական էր «Դեմ եմ» շարժումը, որը դարձավ առաջին քաղաքացիական նախաձեռնությունը, որ սկսեց համագործակցել քաղաքական ուժերի հետ: Դարձավ առանձին բանակցող կողմ»,- ասում է նա:

Քաղաքացիական նախաձեռնություններից Դավիթն առանձնացնում է նաև ElectricYerevan շարժումը, որը, ըստ նրա, վերջնական հաջողություն չունեցավ նախաձեռնողների փորձի ու գիտելիքների պակասի պատճառով, սակայն նրանց նպատակների ազնվության առումով Դավիթը կասկած չունի.

«Իշխանություններն ուղղակի ձևականորեն բավարարեցին նրանց ներկայացրած պահանջը, իսկ նախաձեռնողները հետագա քայլերի ծրագիր ուղղակի չունեին: Այդ պատճառով էլ ներսում կազմաքանդում սկսվեց: Բայց այս շարժումը մի շատ կարևոր բան տվեց. երիտասարդները, որ մինչ այդ իրենց օրն անցկացնում էին սրճարաններում ու փաբերում, դուրս եկան փողոց, զգացին պայքարի ոգին: Նրանք, միանշանակ, կարոտելու են այդ զգացումը, որը, ի վերջո, նրանց կրկին փողոց կհանի»,- համոզված է Դավիթը:

Նա համարում է, որ քաղաքական ուժերի հետ համագործակցության յուրօրինակ հարթակ դարձավ Սահմանադրական հանրաքվեից առաջ իրենց կողմից ստեղծված «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որը ոչ թե բավարարվեց առանձին քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ, այլ ձևավորեց միասնական պլատֆորմ, համագործակցության յուրօրինակ ձևաչափով:

ElectricYerevan-ի ցույցերի ժամանակ Դավիթն աշխատում էր այդ ընթացքում ամենաշահարկված կառույցներից մեկում՝ ՀԷՑ-ում, արդեն 8 տարի: Ասում է՝ ցույցերին մասնակցելու ընթացքում երբևէ խնդրներ չի ունեցել աշխատավայրում, սակայն դրանք առաջացան Սահմանադրական հանրաքվեի դեմ անցկացվող պայքարի ժամանակ.

«Դա ցույց էր տալիս այս գործընթացի կարևորությունը իշխանությունների համար: Ես չեմ ուզում ասել, որ ինձ ազատել են աշխատանքից, ուղղակի ստեղծվեց մի իրավիճակ, երբ իմ աշխատանքն ու քաղաքացիական դիրքորոշումը համատեղելի չէին, և փոխադարձ համաձայնությամբ՝ ես դուրս եկա աշխատանքից: Բայց սա նաև կարևոր մեկ այլ բան է մատնանշում. քանի դեռ Հայաստանում չկա տնտեսական ազատություն, մարդիկ չեն կարող անկաշկանդ պայքարել իրենց գաղափարների համար: Օրվա հացի  մասին մտածող մարդը չի կարող մտածել իր քաղաքական կամ քաղաքացիական ազատությունների մասին: Այդ պատճառով էլ մեր երկրում նման պոռթկումներ լինում են 5-10 տարին մեկ անգամ»,- ասում է նա:

Սահմանադրական հանրաքվեից հետո, ըստ Դավիթի, պարտվեցին ոչ թե դրա դեմ արտահայտվող քաղաքական ուժերը, այլև հասարակությունը, որը ևս մեկ անգամ կորցրեց իր քվեով իշխանություն ձևավորելու հնարավորությունը: Նա, սակայն, համաձայն չէ այն մտքի հետ, որ հասարակությունը ծախված է, կամ վաճառում է իր ձայնը.

«Վերջին 10-12 տարիների պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդը որևէ ընտրության ժամանակ երբևէ չի ընտրել իշխանության եկած թեկնածուին: Մարդիկ ընտրել են իշխանության հիմնական այլընտրանք հանդիսացող ուժին, սակայն արդյունքները կեղծվել են: Սա նշանակում է, որ մենք գործ ունենք գիտակից հասարակության հետ»,- բացատրում է նա:

Իսկ թե ինչո՞ւ գիտակից հասարակությունը չի կարողանում տեղ հասցնել իր ընտրությունը, Դավիթը բացատրում է մի շարք հանգամանքներով, որոնցից առաջինը տնտեսական գործոնն է.

«Հացի խնդիր ունեցող, սոված մարդը հերոսանալու ցանկություն, հիմնականում, չունի: Բայց այն, որ այս հիմքը կա, արդեն իրողություն է: Սակայն փոխվել է իրավիճակը,  պատերազմական գործողությունները վերջնականապես փոխեցին մարդկանց ընկալումը,- ասում է նա,- Եթե մինչ այս մարդիկ պատրաստ էին որոշ զրկանքներ կրելու, աչք փակելու շատ բաների վրա, որովհետև համոզված էին, որ գումարներն ուղղվում են բանակին ու զինվորին, այսօր արդեն հասկացան՝ այդպես չէ: Այսօր հանուն զինվորի լռելու և դիմանալու գործոնն այլևս չկա: Նրանք հասկացել են, որ այս իրավիճակն ավելի է վտանգում և՛ զինվորի կյանքը, և՛ սահմանների անվտանգությունը: Բոլորը հասկացան՝ սահմանն ու հայրենիքը պահվել են բացառապես զինվորների անձնազոհության, նրանց հերոսության ու արիության շնորհիվ»:

Դավիթը խոստովանում է՝ քաղաքական ամբիցիաներ ունի: Իշխանափոխությունը բացառապես ընտրական ճանապարհով պատկերացնող երիտասարդն ուզում է ապրել ու աշխատել մի երկրում, որտեղ քաղաքացին իրեն երկրի տերն է զգում, չի օտարանում դրանից, որտեղ որոշումների կայացման գործընթացը չի կեղծվում: Երիտասարդ գործիչն իրեն վիրավորված է զգում, երբ 21-րդ դարում մարդիկ մտածում են տիեզերական նոր տարածքների ուսումնասիրության մասին, իսկ Հայաստանում՝ մատնահետքով քվեարկության: Դավիթն ուզում է ապրել բազմամարդ Հայաստանում:

«Մարդկային ռեսուրսն ամենաարժեքավոր բանն է, որ կարող է ունենալ Հայաստանը: Մարդկանց ներգաղթը և ծնելիությունը խթանելու համար առաջին բանը, որ պետք է մարդկանց տալ, ազատությունն է՝ գաղափարական ու տնտեսական: Ես վստահ եմ՝ մենք կարող ենք լինել ազգ, որը աշխարհին կարող է ինչ-որ նոր բան տալ, չլինել ուղղակի սպառող: Վստահ եմ՝ երբ մեր հասարակության մեջ վերականգնվի ընտրելու իրավունքը, մենք կկարողանանք ավելի հստակ ձևակերպել մեր երազանքներն ու նպատակները»,- ասում է նա:

Դավիթը վստահ է՝ իշխանությունների որակը կապված է ոչ թե իշխանության ներսում գտնվող մարդկանց անձնական որակների, այլ իշխանության ձևավորման համակարգի որակի հետ: Նա համոզված է՝ ժողովրդավարական ավանդույթներ ունեցող հայ հասարակությունը երկար չի կարող հանդուրժել իշխանություններին, որոնք սպառել են իրենց:

«Իշխանափոխություն լինելու է»,- մյուս բոլոր տարբերակները Դավիթը հակաբնական է համարում:

Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:

Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,

email: [email protected],

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728