Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպիսի և ավելի սաստիկ հարձակումները շարունակվելու են, լինելու են ավելի շատ զոհեր». քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան

Փետրվար 04,2017 16:33

Aravot.am-ի զրուցակիցը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն է

-Պարոն Մարտիրոսյան, Ձեր դիտարկմամբ՝ վերջերս Թալիշի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն փորձի օրինակով հակառակորդն ի՞նչ է ուզում «ասած» լինել:

-Նախ՝ ես չեմ ընդունում «հակառակորդ» բառն այս պարագայի համար: Հակառակորդը Լևոն Արոնյանի հետ շախմատ խաղացող մրցակիցն է, քաղաքական պայքարի բարիկադների մյուս կողմում կանգնածը, ոչ թե՝ մարդկանց գլխատող, ծերերին սպանող ու անդամահատող և քո ոչնչացումը տենչացող բարբարոսը: Բառը «թշնամի»-ն է և պետք է սկսել այն օգտագործել: Հակառակ պարագայում ոչ ադեկվատ են դառնում ոչ միայն հայկական կողմի արարքները, այլև՝ անգամ բառապաշարը: Հիմա այն մասին, թե ինչ է ուզում «ասել»:

Ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանցիները չեն ուզում ոչինչ ասել: Նրանք անում են: Եվ անում են շատ լավ հաշվարկված ու հեռատես եղանակով: Անընդհատ ռազմական հարվածներ են հասցնում հայկական կողմին և դրանով փորձում բարոյալքում մտցնել թիկունքում՝ սկսած հայ մայրերից, վերջացրած պատերազմի վտանգի պարագայում դավաճանության գիրկն ընկնող մի զանգվածի, որը պատրաստ է հայրենիքն անգամ տալ՝ միայն թե իբրև թե զոհեր չլինեն և միայն թե պատերազմ չլինի: Դա ծավալուն թեմա է, բայց փաստն այն է, որ Ադրբեջանն արդեն մի քանի տարի է՝ հետևում է այս խիստ արդյունավետ քաղաքականությանը, և քանի որ հայկական կողմը միայն պաշտպանվում է ու կամք չունի պատասխանելու՝ այսպիսի և ավելի սաստիկ հարձակումները շարունակվելու են: Եվ լինելու են ավելի շատ զոհեր, ավելի շատ կորուստներ ու ավելի շատ որդեկորույս մայրեր:

Նույն միջադեպի ժամանակ ադրբեջանցի զինծառայողի գերեվարման առնչությամբ ինչպիսի՞ բովանդակությամբ հայտարարություն պետք է ակնկալել ԵԱՀԿից:

-Ակնկալե՞լ: Արդեն պարզ է, որ ոչինչ էլ պետք չէ ակնկալել: Եվ ենթադրենք՝ համանախագահ անձինք գտնվեցին ազնիվ և օբյեկտիվ և խստորեն դատապարտեցին Ադրբեջանին: Դրանից ի՞նչ է փոխվելու: Բաքուն սարսափելու է, սահմռկելու է, տեղում քարանալու է և անմիջապես դառնալու է քաղաքակիրթ ու բարի՞: Իհարկե ոչ: Ի տարբերություն հայերի՝ նրանց ամենևին չի հուզում, թե ով ինչ է ասում կամ մտածում: Նրանք անում են այն, ինչ իրենց է պետք և դրանում է նրանց ուժը: Փոխանակ ԵԱՀԿ տեքստեր ակնկալելու կամ համանախագահների շուրթերի շարժմանը հետևելու՝ անհրաժեշտ է արժանապատիվ ռազմական դիրքորոշում ակնկալել սեփական ղեկավարությունից՝ այդ թվում և գեներալներից: Դա, իհարկե, ներկայումս անիմաստ է, և, հետևաբար, ամեն բան շարունակվելու է այնպես, ինչպես որ եղել է:

ԼավրովՄամեդյարով վերջին հանդիպման ժամանակ Մամեդյարովն ասաց, որ դժգոհ է հանդիպման արդյունքներից: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Ադրբեջանը բողոքի նոտա հղում ՌԴին:

-Որովհետև ուզում են, որ ամեն բան իրենց ուզածով լինի: Որովհետև ոչ միայն հայերի կողմից հնարված և համառորեն կենդանի պահվող տվյալ պարագայում կեղծ «փոխզիջում» բառը չեն ընդունում, այլև գտնում են, որ Հայաստանը պետք է զիջի և զիջի՝ ամեն բան: Իրենց շահերի տեսակետից լավ են անում: Դրսևորում են տղամարդկային և անդրդվելի կեցվածք և ոչ ոքից չեն սարսափում: Իհարկե, հիմարություն է իրենց կողմից Հայաստանի «փոխզիջումը» չընդունելը, որովհետև դրա արդյունքում Հայաստանին շատ արագ ծնկի կբերեին: Բայց իրենք ընտրել են առավել կոշտ ճանապարհ և այդ ճանապարհին, եթե այսպես գնա՝ բացառված չէ, որ հաջողություններ ունենան:

անդիպման ժամանակ Մամեդյարովն ասաց, որ հնարավոր է ՌԴի, ՀՀի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Ի՞նչ ակնկալել մինչ օրս Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարված ադրբեջանական կողմից:

-Ոչինչ, մանավանդ, որ արտգործնախարարները ոչինչ չեն որոշում:

Մինչեւ վերոնշյալ հանդիպումը Մամեդյարովն ասել էր՝ «եթե ՌԴն ավելի մեծ ջանքեր գործադրի հակամարտության կարգավորման ուղղությամբ, հնարավոր է ստատուս քվոյի փոփոխություն»: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ուղերձ է պարունակում նրա ակնարկը:

-Պարունակում է այն ուղերձը, որ եթե Ռուսաստանն այնքան ճնշի Հայաստանին, որ հայերը սիրահոժար հանձնեն ոչ միայն Արցախի յոթ ազատագրված տարածքները, այլև՝ նախկին ԼՂԻՄ -ներկա ԼՂՀ-ն, կամ դրա մի մասը, ապա առաջընթաց կլինի: Դա, մոտավորապես այն է, ինչ ասում է ոմն Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ու քանի որ Հայաստանում, փաստորեն, հանդուրժում են դավաճանական հայացքների հրապարակային քարոզումը, ուրեմն՝ ադրբեջանցիների շուրթերից այդքան էլ ֆանտաստիկ գաղափարներ չեն հնչում:

Ընդհանրապես, պետք է հասկանալ, որ եթե պաշտոնական Երևանն ու հայ հասարակության մի հատվածը արմատականորեն չփոխեն իրենց դիրքորոշումն Արցախյան հարցի այսպես ասված կարգավորման եղանակների հարցում, ժամանակի ընթացքում ադրբեջանցիներն իրենց հաշվարկած և հետևողական քաղաքականության արդյունքում հաղթանակ կտոնեն: Եվ այդ ժամանակ այն կեղծ հայրենասերները, որոնք անընդհատ բղավում են հայոց բանակի և հայ ազգի անպարտելիության մասին, առհավետ լռած կլինեն: Ինքնախաբեությամբ զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է իրականում ճիշտ քաղաքականություն վարել, բանակին թույլ տալ գործել և ելնել ոչ թե պարտվողական, այլ հաղթողական դիրքերից: Պարտվողական դիրքերից քաղաքականություն վարելով՝ հաղթանակի դեռ ոչ ոք չի հասել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հայկ Մարտիրոսյան,այնպիսի տպավորություն կա,որ այդ հարցազրույցը խրամատում եք տվել..

  2. vartan says:

    ես մի բան եմ հասկանում եթէ Արցախը մերն է -որ է- պետք է ճանաչել այն եվ բոլոր ուժերով պահել. կլինեն երկրներ որոնք եվս կը ճանաչեն. իսկ եթե չլինեն այդպիսի երկրներ էլի ոչինչ չի պատահի եվ -բանակցությունները-կը շարունակվի. ես համաձայն եմ Հայկ Մարտիրոյանի մտքերի եվ մոտեցումների հետ. թուրքի դիմաց կարճ գալը հավասար է ոչ թէ պարտության այլ ցեղասպանության.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728