Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ինչքան տեսնեմ Րաֆֆի Հովհաննիսյանին, կասեմ՝ շնորհակալություն». Անահիտ Բախշյան

Փետրվար 04,2017 16:02

«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Անահիտ Բախշյանը անդրադառնում է Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հայտարարությանը իր վերաբերյալ «Րաֆֆի Հովհաննիսյանն իր տեսանկյունից ճիշտ է, նույնիսկ երախտամոռ ասելով, բայց նույն հարցերին իմ տեսանկյունից, եթե նայեմ, այնքան էլ ճիշտ չէ: Որովհետեւ ես էլ Ստյոպան էլ մեր ներդրումն ունեցել ենք, այն թեւերը, որ Րաֆֆիի ասելով, մեզ տվել է, այդ թեւերի կարողությունն ունեցել ենք, մեզ ընդամենը տրվել է հարթակ, որտեղ մեր կարողությունները դրսեւորենք, որի համար ասել ու ասում ենք, որ, այո՛, երախտապարտ ենք:

Այս պահին երախտամոռ մի քիչ խիստ է ասել, որովհետեւ այսօրվա «Ժառանգության» քայլերը, տեսակետները այնքան են հեռացել այն «ժառանգությունից», որի մեջ ես եւ Ստյոպան եղել ենք, որի գաղափարները մեր սեփական գաղափարների հետ լիովին համընկել են, Հայաստանի ապագայի տեսլականն այնքան նույնական է եղել, որ այդ հարթակը, որը «Ժառանգությունը» մեզ տվել է, լիարժեք օգտագործել ենք ու մեր ներդրումն արել ենք»,- Aravot.am-ին ասաց տիկին Բախշյանը:

Ըստ նրա.  «Ժառանգության» գիծը այն սկզբնական գծից այն աստիճան է  տարբերվում, որ ես՝ որպես ինքս ինձ հարգող մեկը, ում գործունեությունն այլ ուղղությամբ էր գնացել, չեմ հարգի ինձ, եթե մնամ այնտեղ: Երեք օր հետո պետք  է որոշվեն ընտրական ցուցակները, ու հայտարարեն ՝ կամ «Ելքին» են գնում կամ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան Դաշինքին: Այստեղ գաղափարական այնքան հակասություններ կան, որ այդ  կամ -կամը տխրեցնում է ինձ: «Ժառանգությունը» ոչ թե թռնում է, այլ ազատ անկում է կատարում, այդ ազատ անկում կատարումը՝ որպես ֆիզիկոս, շատ լավ գիտեմ՝ ինչ է  նշանակում, այդ ազատ անկման մեջ ես ինձ չեմ տեսել, նույնն  էլ Ստյոպան: Դրա համար ոչ թե երախտամոռ ենք, այլ մնացել ենք «Ժառանգության» ծրագրային գծի մեջ, մենք ենք մնացել, իսկ «Ժառանգությունը» հիմա չգիտեմ՝ ինչ փնտրտուքների մեջ է: Այնտեղ շատ մեծ տարակարծություններ կան, դրանք, ի սկզբանե, եղել են պատճառ, որ ազատ անկմանը գոնե ես չմասնակցեմ»:

Ո՞վ փոխեց «Ժառանգության» գիծը մեր հարցին, տիկին Բախշյանը պատասխանեց. «Դա շատ երկար պատմություն ունի, չեմ ուզում դրան անդրադառնալ: Գոնե «Ժառանգության» ներսում լավ գիտեն՝ ինչպես եղավ դա: Բայց հաստատ «Ժառանգության» ծրագրային գիծը փոխվել է»:

Տիկին Բախշյանը վերջում նաեւ հավելեց, որ ինչքան տեսնի Րաֆֆի Հովհաննիսյանին, կասի՝ շնորհակալություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728