«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ հարցին, թե խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ որքանո՞վ է բացառված ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ դաշինք կազմելը:
«Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումներ եղել են, հույս ունենք՝ հետագայում գործակցություն կլինի, չգիտեմ՝ ինչպես, գուցե մինչեւ ամսի 16-ը: Հույսս չեմ կորցնում, որ ինչ-որ պահի կախարդական ձեւով դա հնարավոր կլինի»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Իսկ եթե ոչ, ապա Մարտիրոսյանի խոսքով՝ Խորհրդարանում կհամագորակցեն. «Դա չի նշանակում, որ նրա հետ գործակցությունը հետագայում բացառված է: Գուցե այդ դաշինքի հետ հետագայում գործնական հարաբերություններ լինեն»:
Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հնարավոր գործակցությանը: «Այս պահին դժվարանում եմ պատկերացնել, որ որեւէ կուսակցություն գոնե հրապարակային նրա հետ կգործակցի: Եթե հստակ իրավիճակ ստեղծվի՝ հարցին կանդրադառնամ: Վերջին շրջանում ինձ շատ են մեղադրում, որ նախկին պաշտոնյաների հետ գործակցության կողմնակից եմ, բայց անգամ այդ պարագայում Հովիկ Աբրահամյանի հետ համագործակցություն չեմ պատկերացնում»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ