Հանրային խորհրդում ս.թ. փետրվարի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն ու խորհրդի անդամները նախարարի հետ քննարկել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, հանդես եկել առաջարկներով ու խորհուրդներով:
Մշակույթի ոլորտի պատասխանատուն նախ ներկայացրել է իր գործունեության երեքուկես ամիսների արդյունքները, առաջիկա անելիքներն ու ծրագրերը:
Արմեն Ամիրյանը շեշտել է ոլորտը կապիտալիզացնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա իր հերթին կնպաստի մշակույթի աշխուժացմանն ու զարգացմանը: Ներկայացնելով ոլորտի նորարարությունները՝ Ամիրյանը կարևորել է, օրինակ, տոմսերի ձեռքբերման առցանց համակարգի ներդրումը, պատմամշակութային հուշարձանների տարածքներում վիրտուալ համակարգերի տեղադրումը և այլն:
Նախարարի խոսքով՝ կարևոր ծրագիր է նաև համահայկական հարթակների ձևավորումը, որի վառ դրսևորումը համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումն էր: Ամիրյանն ընդգծել է, որ այդ գործընթացին զուգահեռ նախարարությունը փորձում է նաև, ըստ երկրների, հաշվառում կատարել սփյուռքում հայկական մշակութային պոտենցյալը գնահատելու նպատակով:
Կարդացեք նաև
Խոսելով նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի մասին, որով այս տարի մարզերում նախատեսվում է իրականացնել շուրջ 426 միջոցառում, Ամիրյանը հույս է հայտնել, որ այն ոչ միայն կաշխուժացնի մարզային պասիվ մշակութային կյանքը, այլև կվերականգնի մշակութային ենթակառուցվածքներն ու կստեղծի նոր հնարավորություններ մարզերում:
Նախարարը ներկայացրել է նաև ժամանակակից թանգարանների ստեղծման ծրագիրը, որով նախատեսվում է ունենալ հայկական ռազմարվեստի, կերպարվեստի, գորգարվեստի, գինու, տիկնիկների, անգամ ստորջրյա թանգարաններ:
Որպես առաջնահերթություն՝ ներկայացվել են նաև կինոարվեստին վերաբերող բարեփոխումները. նախարարը ցավով արձանագրել է, որ Հայաստանում այսօր կինեմատոգրաֆիան բավականին թույլ վիճակում է, և այն վերականգնելու ու զարգացնելու ուղղությամբ անհրաժեշտ են գործուն քայլեր: Կարևորվել է հատկապես «Կինոյի մասին» օրենքի նախագծի մշակումը, որն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով: Նախարարությունը քննարկում է նաև Հայաստանը արտասահմանյան կինոարտադրողների համար գրավիչ դարձնելու հնարավորությունները:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև գրահրատարակչության ոլորտի խնդիրներին: Այստեղ, ըստ նախարարի, միանգամայն նոր մոտեցումներ են ներդրվել, որտեղ ամրագրված է բացառապես որակյալ գրքեր հրատարակելու և ընթերցողներին պահանջված գրականություն հասցնելու սկզբունքը:
Ինչ վերաբերում է պատմամշակութային հուշարձանների պահպանմանը, Ամիրյանը նշել է, որ հուշարձանների հիմնանորոգման և ամրացման հին մոտեցումները նույնպես վերանայվել են, և այժմ ամեն տարի ընտրվելու է հուշարձանների որոշակի խումբ, որն ամբողջությամբ նորոգվելու է կամ ամրացվելու, որից հետո միայն ընտրվելու է հաջորդ խումբը:
Հանրային խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին ոլորտի խնդիրների և անելիքների վերաբերյալ հանգամանալի տեղեկատվության տրամադրման և ծավալուն ծրագրեր իրականացնելու պատրաստակամության համար: Անուհետև Հանրային խորհրդի անդամները մատնանշել են մի շարք հիմնախնդիրներ, ներկայացրել առաջարկներ՝ կարևորելով հատկապես մշակութային միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:
Հանրային խորհրդի կողմից բարձրացված հարցերը վերաբերել են ոչ միայն ընդհանուր խնդիրների, ինչպիսիք են մշակույթի ոլորտում օրենսդրական բարեփոխումների, նոր օրենքների ընդունման, երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի ու հայեցակարգի մշակման, հեռուստաեթերի մաքրման և բարձր չափորոշիչների ներդրման, կրթության և մշակույթի փոխկապակցված ծրագրերի իրականացման, էկոլոգիական մշակույթի ձևավորման անհրաժեշտությանը և այլն: Հնչել են կոնկրետ հարցեր ու առաջարկներ՝ կապված, օրինակ, դպրոցներում ֆիլհարմոնիկ նվագախմբերի և երգչախմբերի ձևավորման, էժանագին ու անբովանդակ սերիալների փոխարեն պետականորեն մշակված և հստակ գաղափարախոսություն պարունակող գեղարվեստական ֆիլմերի նկարահանման անհրաժեշտության հետ, պատմամշակութային հուշարձանների տարածքում տեղադրված տեղեկատվական վահանակներում առկա աղաղակող անճշտությունների վերացման, անգամ ՀՀ պետական օրհներգին ու զինանշանին առնչվող հարցեր:
Արմեն Ամիրյանը կարևորել է Հանրային խորհրդի կազմում ընդգրկված անձանց դիտարկումներն ու առաջարկները բարձրացված խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների և ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ՝ նշելով, որ իր ներկայացրած ծրագրերի իրականացման գործում ակնկալում է նաև Հանրային խորհրդի աջակցությունը:
Վազգեն Մանուկյանն, ամփոփելով հանդիպումը, շնորհակալություն է հայտնել մշակույթի նախարարին մեծածավալ աշխատանքների մեկնարկի կապակցությամբ և հույս հայտնել, որ դրանք հաջողությամբ կիրագործվեն՝ նպաստելով Հայաստանում մշակութային միջավայրի բարելավմանն ու հայ մշակույթի զարգացմանը:
ՀՀ Հանրային խորհրդի մամուլի հաղորդագրություն