Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարի լուրեր «չառաջադրումների» մասին

Փետրվար 04,2017 10:00
khachatur Suqiasyan

Վերջերս բարեկամներիցս մեկը պատմեց, որ մի փորձառու քաղաքական գործիչ, որն այդ պահին պատգամավոր չէր, իր մոտ էր հրավիրել բարեկամիս եւ սկսել իր սովորական, 25 տարվա հանգերգը` «պետք է մի բան անել, որ այս երկիրը…» եւ այլն: Բարեկամս ընդհատել է այդ ձանձրալի մենախոսությունը եւ ասել` «ուզում ես պատգամավո՞ր դառնալ, ես քեզ իմ ուժերի չափով կօգնեմ, բայց «երկրի» թեմայով խոսակցությունները դրա հետ մի խառնիր»:

Իսկապես կան մարդիկ, որոնք թեկուզ մի գումարման պատգամավոր լինելով, այլեւս չեն պատկերացնում իրենց կյանքն առանց մանդատի: Պատճառները հասկանալի են: Նախ` ամեն տեղ չէ, որ 600 հազար դրամ աշխատավարձ են տալիս, իսկ դրա դիմաց դու կարող ես գրեթե ոչ մի բան չանել: Երկրորդ` «երկրի հզորների» եւ օլիգարխների կողքին պտտվելը բարոյական բավարարվածություն է պատճառում: Եվ վերջապես, դա հնարավորություն է տալիս միջնորդնելու տարբեր տնտեսական հարցերով: Ընդ որում, դա անում են թե իշխանամետ եւ թե ընդդիմադիր պատգամավորները:

«Երկրի վիճակի» մասին լացակումած հայտարարությունները միայն ժպիտ են առաջացնում: Մարդիկ, որոնք «օտ ի դո» օգտվել են 25 տարի գոյություն ունեցող անարադար համակարգից, այսօր հանկարծ որոշել են պայքարել արդարության համար: Օլիգարխները, որոնց չվճարած հարկերի պատճառով թոշակառուները, ինչպես նաեւ աշխատավարձով ապրող հազարավոր մարդիկ այսօր ստիպված են ամեն օր լրջագույն սոցիալական խնդիրներ լուծել կամ գնալ երկրից, խոսում են աղքատության եւ արտագաղթի մասին: Ինչպես վերջերս արդարացիորեն նշեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, իրականում նախընտրական պայքարն այսօր պայքար է կոռուպցիոն լծակների համար:

Բայց այդ ֆոնի վրա մենք ստանում ենք նաեւ բարի լուրեր. ընտրություններին չմասնակցելու մասին են հայտարարում հարգարժան մարդիկ՝ այդպիսով էլ ավելի բարձրացնելով իրենց վարկանիշը՝ Լարիսա Ալավերդյան, Ալեքսանդր Արզումանյան, Խաչատուր Սուքիասյան: Հուսով եմ, նրանց կմիանա նաեւ Թեւան Պողոսյանը: Նրանք ապացուցում են, որ կարելի է ապրել Հայաստանում, օգտակար լինել երկրին եւ միաժամանակ չլինել Ազգային ժողովի պատգամավոր:

Հատկապես ողջունելի է Խաչատուր Սուքիասյանի որոշումը, որը պետք է ուղեցուցային դառնա մյուս խոշոր գործարարների համար: Զբաղվում ես բիզնեսո՞վ՝ կանաչ ճանապարհ, բայց մի փորձիր խցկվել խորհրդարան կամ կառավարություն՝ կոպտորեն խախտելով օրենքը եւ «ֆռիկներ» հորինելով «հավատարմագրային կառավարման» մասին: Միեւնույն է, այդ հեքիաթներին ոչ ոք չի հավատում:

Ամենեւին կոչ չեմ անում ընտրողներին՝ բոյկոտել ընտրությունները՝ մենք պետք է եղածներից ընտրենք լավագույններին: Մյուս կողմից՝ նրանց, ովքեր չեն ուզում առաջադրվել, շատ լավ եմ հասկանում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Այսինքն գնա՞նք և մասնակցենք ընտրություններին: Խնդրում եմ բացատրեք, թե ինչու:

  2. Լավատես says:

    Միակ բանը, որն անհրաժեշտ է չարի հաղթանակի համար այն է, որ բարի մարդիկ ոչինչ չանեն։ Էդմունդ Բյորկ։

  3. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան իսկ ինչ կասեք, եթե վաղը Ալեքսանդր Արզումանյանը եւ Խաչատուր Սուքիասյանը պաշտոն ստանան՝ ասենք նախարար կամ նման մի բան??՚??

    Նրանց պահվածքը ոչ թե երկրինհ օգտակար լինել է, այս՝ սթափ հաշվարկ սեփական շահերի համար:

  4. Ruben says:

    Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում մասնակցել ընտրություններին, կարող է արգելել ընտրությունները սեփական հողի վրա:
    5. Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետության (Ի՞նչ), ինչպես նաեւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողերի, համայնքի սեփականությունն է։

  5. Ruben says:

    Սա անցնի՞…
    Հայաստանում իրական եւ դրական փոփոխութունների համար օգտագործեք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

  6. Հ.Շ. says:

    Խմբագրականում անվանապէս նշված անձերը չգիտեմ թէ ով են, ինչ են, ինչ են արել կամ ինչ կ’անեն (եւ բնազդաբար գոհ եմ որ այդպէս է…) :

    Սակայն ընդհանուր վերլուծության մասին,
    խնդրեմ ընդունիք հետեւյալ պարզաբանումը:

    Անձ մը պետական պաշտօնի վրա լինելու կարիքը չունի,
    անօրէն կամ անբարոյական կերպով օգտվելու համար պետությունից:

    Աւելին՝ երբ որ պաշտօնի վրա չլինի, նա կարող է աւելի շահագործել պետությունը, որովհետեւ նվազ ենթարկված է հանրային ստուգումի (scrutiny) եւ նաեւ իր պաշտօնին վերաբերող հատուկ կանոններին:

    Հետեւաբար, անպարկեշտության չափը անցած բիզնեսմարդու մը համար աւելի նպաստաւոր է մնալ – հարաբերաբար – շուքի մէջ, եւ այնտեղից օգտվիլ պետական իր հասոյթաբեր կապերից, քան թէ նտսիլ պետական աթոռի մը վրա եւ այնտեղից զբաղվիլ իր առեւտրական տարակուսելի գործերով:

    Այս հիմնական խնդիրը կը լուծվի միայն այն օրը երբ Պետության շրջանակներում գտնվող մի քանի անձեր, որոնք տեւաբար բռնաբարում են Օրէնքը, դատարանում լուրջ եւ իսկական պատիժներ ստանան: Եւ այդպէս՝ ոչ թէ որովհետեւ Պետութեան մէջ գտնվող իրենց ընկերների հետ ներքին խնդիրներ ունին, այլ որովհետեւ այդ ընկերները այլեւս կը մերժեն զանոնք հեռու պահելէ Օրէնքից, կամ ել անկարող կը դառնան զանոնք «ծածկելու» այդ գետնի վրա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728