Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կոշտ դիրքորոշումը ԼՂ հարցում

Փետրվար 04,2017 12:00

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ
եւ փաթեթային լուծում. պաշտոնական Երեւանն անդրդվելի է

«Ընդհանուր մոտեցումը փաթեթային է»

Պաշտոնական Բաքուն մշտապես ցույց է տվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից դժգոհ է, եւ Բաքվի համար «ցանկալի լուծման» չի հաջողվում հասնել ՄԽ-ի շրջանակներում: ԼՂ կարգավորման գործընթացում հիմնական ակնկալիքներն ադրբեջանանպաստ լուծման հարցում Մոսկվայից սպասվող աջակցությունն էր:
Դեկտեմբերի վերջին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի կարգավորման գործընթացը ոչ թե կանգ առնի, այլ ընդհակառակը՝ ավելի ինտենսիվ դառնա. «Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման հստակ ժամանակացույցին, մենք կհաղորդենք համապատասխան տեղեկատվությունը ստանալուց հետո»։

Այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց` տարեվերջին, պաշտոնական Բաքուն արձանագրեց, որ դեմ է Ղարաբաղի հարցում Մինսկի խմբի «մենաշնորհին»: Ամփոփելով 2016-ի դիվանագիտական արդյունքները՝ «Ազերթաջ» լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշեց, որ Ադրբեջանն ապագայում եւս շարունակելու է Ղարաբաղյան հակամարտության միջազգայնացմանն ուղղված քաղաքականությունը` չսահմանափակվելով միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով. «Ղարաբաղյան հակամարտության ընթացքում որեւէ կառույց չի կարող մենաշնորհային դիրք զբաղեցնել»:

Սակայն օրերս պաշտոնական Բաքուն, կարելի է ասել, անսպասելիորեն դժգոհեց նաեւ Մոսկվայից: «Չեմ կարող լավատեսությամբ ընդունել Մոսկվայում բանակցությունների արդյունքները»,- ասել է Մամեդյարովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հունվարի 24-ին կայացած հանդիպումը։ Մոսկվան փորձում է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել, եւ Բաքուն իր համաձայնությունն է տվել այդ հանդիպմանը՝ ասել է Էլմար Մամեդյարովը` հավելելով. «Փետրվարի 17-19-ը Մյունխենում կկայանա անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովը, եւ այդ համաժողովի շրջանակում նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում»:

Մինչդեռ պաշտոնական Երեւանը առաջիկա հանդիպման առնչությամբ լավատես չէ, եւ սա միանգամայն հասկանալի է, քանի որ ակնհայտ է, որ վերջին մի քանի ամիսներին չի հաջողվում Ադրբեջանի համաձայնությունը ստանալ հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում, ինչը իրական գործիք կարող էր դառնալ սահմանային միջադեպերը կանխելու համար: Իսկ այս իրավիճակում բանակցությունների մասնակցել առանց պայմանավորվածությունները հարգելու` պաշտոնական Երեւանի համար անհասկանալի է դառնում: Հունվարի 31-ին ՀՀ 2016թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով այդ հանդիպման կազմակերպմանը, ասաց. «Մենք, իհարկե, հայտնի է Ձեզ, երբեւէ չենք հրաժարվում որեւէ հանդիպումից. ես նկատի ունեմ ԱԳ նախարարների եւ այլ մակարդակով: Խոսքը չի գնում եռանախագահների մասին, պարզ է, որ եռանախագահները մշտապես այցելում են տարածաշրջան, հանդիպումներ են ունենում, բազմաթիվ տեղերում ենք մենք հանդիպում: Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել, որովհետեւ հայտնի չէ, թե ինչ խաղեր այս անգամ կտա Ադրբեջանը, ո՞վ գիտի. ինչպես դա եղավ Համբուրգում կամ Համբուրգից բազմաթիվ անգամներ առաջ: Պայմանավորվում ենք մի բան, հետո վերջին րոպեին իրենք ձեւացնում են, իբրեւ թե, ինչ-ինչ պատճառներ են ի հայտ եկել, անգամ մեղադրում են, թե հայկական կողմն է հրաժարվում: Աբսուրդ է, իհարկե։ Համբուրգում ասացին, որ հանդիպում ընդհանրապես չի կայացել, չնայած հանդիպում կայացել էր եռանախագահների ներկայությամբ եւ արտգործնախարարների մասնակցությամբ: Ապա ասացին, որ այդ հանդիպումը եղել է ճաշի ընթացքում: Կարո՞ղ է մեկ սեղանի շուրջ ճաշել էինք եւ իրար չէինք հանդիպել, չէինք տեսել: Միգուցե Մյունխենում նախարարների մակարդակով էլ հանդիպումը կայանա, եթե Ադրբեջանը չհրաժարվի»:

Ուշագրավ էր նաեւ Նալբանդյանի անդրադարձը հարցին ի պատասխան, թե Հայաստանի համար ընդունելի է փուլայի՞ն, թե՞ փաթեթային լուծումը. «Ես չէի ցանկանա վերադառնալ մոտ 20 տարվա վաղեմության քննարկումներին, որովհետեւ 2007-ից ի վեր մենք բանակցում ենք Մադրիդյան առաջարկների հիման վրա։ Իսկ Մադրիդյան առաջարկները, գիտեք, եռանախագահողներն են մշակել ու ներկայացրել եւ բազմիցս նշել են, որ դրանք կազմում են մեկ ամբողջություն։ Այսինքն՝ Մադրիդյան առաջարկների մեջ պարունակվող սկզբունքներն ու տարրերը կազմում են մեկ ամբողջություն, մեկ փաթեթ։ Խոսքը հանգուցալուծման մասին է, որը հիմնված է այս փաթեթային մոտեցման վրա։ Իհարկե, մենք բազմիցս նշել ենք, որ որեւէ փաթեթային հանգուցալուծում, իր հերթին, պահանջելու է հաջորդաբար փուլային իրականացում։ Բայց այն, որ ընդհանուր մոտեցումը փաթեթային է, միանշանակ է»։

Պաշտոնական Երեւանը հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ավելի հաճախ է շեշտադրում ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումը, ինչպես նաեւ ընդգծում, որ Ադրբեջանը պետք է հաշտվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հեռանկարի անխուսափելիության հետ: Ադրբեջանը իբրեւ թե կողմ լինելով փաթեթայինին՝ կարեւորում է բացառապես այն կետերը, որոնք Բաքվի համար են ձեռնտու՝ ըստ էության, փորձելով աղավաղել փաթեթայինը:

Սպառազինության ձեռք բերման «լավ» հեռանկարներ

Ապրիլյան քառօրյան ամենեւին էլ պատճառ չդարձավ, որպեսզի Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չշարունակի զինել Ադրբեջանին: Հունվարի կեսերին հայտնի դարձավ, որ պաշտոնական Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների շուրջ, հետաքրքրված է պաշտպանության նորագույն համակարգերով: Այդ մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը Դավոսում մասնակցում էր Համաշխարհային տնտեսական համաժողովին: «Այո, մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների շուրջ: Ձեզ ավելի լավ է հայտնի, թե որքան զարգացած է ռուսաստանյան ռազմական արդյունաբերությունը: Մենք հետաքրքրված ենք հիմնականում ամենաարդիական պաշտպանական մշակումներով: Դա վերաբերում է թե՛ ուղղաթիռային տեխնիկային, թե՛ պաշտպանության համակարգերին՝ ամբողջ համալիրը: Դա մշտական գործընթաց է,- նշել էր նա՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ նոր պայմանագրերի հեռանկարները գնահատելով որպես «լավ»:- Դուք գիտեք պատմությունը, թվերը հրապարակված են, ստորագրված են շուրջ 5 միլիարդ դոլարի պայմանագրեր, դրանց մեծ մասը արդեն իրականացվել են»:

Ի դեպ, վերջերս Daily Star բրիտանական պարբերականի վերլուծաբան Փիթեր Թրումենը իր հոդվածում հայտնել էր նաեւ, թե Ռուսաստանն Ադրբեջանին «Տոր» զենիթահրթիռային համալիրներ է տրամադրել: Այն, ըստ հեղինակի, բացի ռուսական բանակից, ներկայումս ունի նաեւ Ադրբեջանը:

Ինչ սպասել Վաշինգտոնի նոր վարչակազմից

Հազիվ թե Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը լծվի հարավկովկասյան խնդիրների լուծմանը եւ ԼՂ խնդրի կարգավորմանը, սակայն որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ պետություն` ԱՄՆ-ի նոր վարչակազմը քաղաքականության շարունակականությունն, անշուշտ, կապահովի:
Ամերիկյան Սենատը հաստատեց Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում: Թիլերսոնը դիվանագիտական կամ քաղաքական պաշտոն չի զբաղեցրել, աշխատել է նավթային ոլորտում` ղեկավարելով խոշորագույն ExxonMobil ընկերությունը: Պետքարտուղարի թեկնածությունը ԱՄՆ-ում միանշանակ չընդունվեց այն պատճառով, որ նա սերտ կապեր է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից տարիներ առաջ անձամբ Բարեկամության մեդալ էր ստացել:

ԱՄՆ պետքարտուղարն օրեր առաջ պատասխանել է հայամետ սենատորների հարցերին` Ղարաբաղյան հակամարտության, Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: «Պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու դեպքում աշխատելու եմ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ՝ հանուն խաղաղ ու տեւական կարգավորման, որը թույլ կտա կայունություն ու բարգավաճում հաստատել տարածաշրջանում»,- ասել էր Թիլերսոնը` մանրամասնելով. «Այս գործընթացում առաջին քայլը պետք է լինի վստահության կառուցումը, որպեսզի հարգվեն կողմերի միջեւ համաձայնությունները»:

Հայաստան-Թուրքիա հարաբերություններին անդրադառնալով՝ Թիլերսոնը խոստացել է աջակցել երկու երկրների միջեւ դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնում պահել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների, այդ թվում` հայերի իրավունքները: Կալիֆոռնիայից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսն էլ հետաքրքրվել էր` ինչ դիրքորոշում է որդեգրելու ԱՄՆ պետդեպարտամենտը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «1915 թվականի ողբերգական վայրագությունները մնում են ցավոտ խնդիր Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում, եւ Միացյալ Նահանգների շահերից է բխում երկու երկրների միջեւ խաղաղ ու կայուն հարաբերությունների ապահովումը»,- պատասխանել էր Ռեքս Թիլերսոնը՝ խոստանալով աջակցել պատմական դեպքերի լիակատար ընդունմանն ու բաց երկխոսությանը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ՝ հանուն տարածաշրջանի կայունության:
Օբամայի վարչակազմի օրոք Ադրբեջանի հետ հարաբերությունները չի կարելի հարթ համարել: Ադրբեջանում նույնիսկ հակաամերիկյան հիստերիա բարձրացավ հենց Օբամայի վարչակազմի օրոք, Ալիեւը երկրի ներսում վարած քաղաքականության արդյունքում Վաշինգտոնից սուր քննադատության էր արժանանում պարբերաբար: Կփոխվի՞ որոշակի կոշտ քաղաքականությունը Թրամփի օրոք Ալիեւի նկատմամբ, թե՞ կպահպանվի, ի՞նչ անդրադարձ կունենան ԱՄՆ նոր վարչակազմի պատկերացումները ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա` ցույց կտա ժամանակը:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 «Առավոտ», 03.02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728