Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքար եք սկսել, պարզեք՝ ով է գրպանել իմ 134 հազար դոլարը»

Փետրվար 04,2017 16:00

74-ամյա Լիպարիտ Մանուկյանը փաստաթղթերի հաստափոր տրցակով օրերս «Առավոտի» խմբագրություն էր եկել: Փաստաթղթերի այդ տրցակում դատարանների վճիռներ էին, գերատեսչությունների ու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Մանուկյանի նամակներին ոչինչ չասող պատասխաններ: Գրեթե 8 տարի է՝ Լիպարիտ Մանուկյանը փորձում է արդարության հասնել, պայքարում է իր իրավունքների համար. վերջին 3 վարչապետներին է բազմիցս դիմել, այն վարչապետներին, որոնք հազար անգամ հայտարարել են կոռուպցիայի դեմ պայքարի պատրաստակամության, արդարության հաստատման մասին, բայց 3-ն էլ, մեղմ ասած, անտարբեր են մնացել ծերունու դիմում-խնդրանքներին:

Լիպարիտ Մանուկյանը հերթով հանում էր փաստաթղթերը եւ օրով, ամսով ու տարիով նշում՝ առաջին ատյանի որոշումը, հետո՝ վարչական դատարանի, հետո՝ վերաքննիչ վարչական դատարանի, հետո՝ արդարադատության նախարարի լղոզված պատասխանը, հետո՝ Մարդու իրավունքների պաշտպանի նամակը:

Հանում էր թղթերն ու ասում. «Սրանք անհերքելի փաստեր են, սրանք ապացույց են, թե ինչ կոռուպցիոն շղթա է գործում, բայց կոռուպցիայի դեմ պայքարողները թքած ունեն այս ամենի վրա»:

Իսկ թե ինչպես Մանուկյանը, այսպես ասած, «քցվեց» այդ կոռուպցիոն շղթայի «օպերացիայի» արդյունքում՝ նրա պատմությունը նման է բնակարան ու խոշոր գումարներ կորցրած բազմաթիվ քաղաքացիների պատմությանը:
Լիպարիտ Մանուկյանը 2007 թվականին պայմանագիր է կնքել «Գապբնակշինի» հետ Արամի 72-80 հասցեում 172 քմ բնակարան գնելու համար եւ վճարել է 134 հազար դոլար: Հետո Մանուկյանը փորձել է խզել պայմանագիրը, սակայն «Գապբնակշինի» տնօրեն Գագիկ Պապոյանը վստահեցրել է՝ այդ գումարն արդեն չկա, այն ներդրվել է տվյալ շենքի շինարարության մեջ: Գագիկ Պապոյանը, հիշեցնենք, այժմ անազատության մեջ է, նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ 10 միլիոն դրամ հափշտակելու մեղադրանքով: Գագիկ Պապոյանը Մանուկյանին այն ժամանակ հավատացրել է, որ շենքը ամիսների ընթացքում պատրաստ կլինի, եւ Մանուկանը կարող է շահավետ գործարք կատարել ու վաճառել բնակարանը: Հասկանալով, որ բնակարանի տեր այդպես էլ չի դառնալու, 2008-ին Մանուկյանը դիմել է դատարան, 2009-ին վճիռ կայացվեց՝ արգելանք կիրառել եւ բռնագանձում տարածել նշված հասցեի վրա: Դատարանի վճիռն էլ պիտի որ կատարեր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, բայց այս կառույցը՝ ԴԱՀԿ-ն, ոչ մի բան էլ չարեց: Մանուկյանը դիմել է վերաքննիչ դատարան, որպեսզի դատարանը պարտադրի ԴԱՀԿ-ին առաջին ատյանի որոշումն ի կատար ածել:
2011 թվականին վերաքննիչ դատարանն էլ հօգուտ Մանուկյանի է վճիռ կայացրել, այդ ընթացքում էլ ԴԱՀԿ-ն է դիմել վարչական դատարան, բայց դատարանը վճիռը թողել է անփոփոխ: Հետո ԴԱՀԿ-ն դիմել է Վերաքննիչ վարչական դատարան՝ կատարողական թերթիկում որոշ շտկումներ կատարելու խնդրանքով:

«Մի քանի անգամ դրեցին-հանեցին, ձգձգեցին, վերջում այդ դատարանն էլ մերժեց ԴԱՀԿ-ի հայցը: Բայց այդ ընթացքում, երբ ես դատարաններում արդարության հետեւից էի ընկած, իմ բնակարանը 4 անգամ տարբեր մարդկանց վաճառեցին: Միտումնավոր էին այդպես անում, ժամանակ էին շահում բնակարանը վաճառելու համար: Դատարանում իմացա, որ իմ բնակարանի գնորդներից մեկն էլ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հորեղբոր աղջիկն է: Եթե ԴԱՀԿ-ն դատարանի՝ արգելանք դնելու եւ գումարի բռնագանձման մասին վճիռը կատարեր, այս կինոն չէր լինի: Ուրեմն ԴԱՀԿ-ն դիտավորյալ անգործության է մատնվել»,- ասում է Լիպարիտ Մանուկյանը:
Մանուկյանն ասում է. «Ամեն առիթով բարձրաստիճան պաշտոնյաները կուրծք ծեծելով արդարությունից են խոսում ու ի՞նչ են դրա համար անում՝ ոչինչ: Գիտեք, ինչքան նամակներ եմ գրել նախագահին, վարչապետներին, արդարադատության նախարարներին: Միայն անհեթեթ պատասխաններ եմ ստացել»:

Հիմա էլ Մանուկյանը հույսը չի կտրում, մի նամակ է գրել վարչապետ Կարեն Կարապետյանին, ասում է. «Միայն թե նորից նույն պատմությունը չկրկնվի, նամակս չմակագրի արդարադատության նախարարությանը, որովհետեւ նորից ոչինչ չասող պատասխան եմ ստանալու»:

«Գապբնակշինի» կառուցած Արամի 72 հասցեում մի շարք պաշտոնյաներ էլ էին բնակարաններ ձեռք բերել, նրանք, ինչպես այս ընկերությունից ու Պապոյանից տուժած քաղաքացիներն են պարբերաբար հայտարարել, իրենց հարցերը լուծել են՝ կամ բնակարանն են վաճառել, կամ էլ գումարն են հետ ստացել:
Արդարություն հաստատողները հիմա կարող են ասել՝ դե, խոշոր գումարներ յուրացնող Գագիկ Պապոյանը ճաղերի հետեւում է, արդա՞ր է՝ արդար է: Իսկ ո՞ւր կորավ Լիպարիտ Մանուկյանի 134 հազար դոլարը, պե՞տք է պարզվի՝ պետք է, կպարզվի՞, պարզողն արդեն գիտի՝ ում գրպանն է գնացել, ովքերով են կիսվել:

Զավեշտալի զուգադիպությամբ օրերս Հայաստանում մեկնարկել է «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավը. ի՞նչ կփոխի Լիպարիտ Մանուկյանի կյանքում այս արշավը՝ դժվար է ասել, սակայն կարեւոր է, որ անպաշտպան շարքային քաղաքացիները տեսնեն արդյունքներն ու պատասխանատվության ենթարկված կոռուպցիոներներին՝ ստորին օղակից մինչեւ վերեւները:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

 

«Առավոտ»

03,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մոսո says:

    Ի՞նչ ,,կոռուպցիա,, եղբայր! – տվյալ տերմինն այստեղ բոլորովին տեղին չէ, քանի որ սա, ըստ ամենայնի, կողոպուտ է՝ օրը ցերեկով: Իսկ կողոպուտի դեմ աշխատող օրենք … ՀՀ – ում ոնց որ չկա: Բայց, հանուն ճշմարտության պետք է ասել, որ նման դեպքեր շատ երկրներում են լինում՝ գրեթե ամբողջ աշխարհում, եւ … այնտեղ էլ չկա! Նայեք, ինչ է գրված՝ ,,պայմանագիրը կնքել ու վճարել է 134 հազարը …,, միթե պարզ չե ամեն ինչ: Ի՞նչու էր միանգամից վճարում, ով է նման պայմանագիր կնքում, ո՞ր իրավաբանի հետ է խորհրդակցել, որ բանկն է երաշխավոր, ապահովագրությունը ուր է, եւ այլն ու այլն … Մարդը դառնորեն խաբվել է, բայց երեւում է խաբողն ինքն էլ է ,,քաշվել,, քանի որ նա էլ բավարար խելք ու փորձ չի ունեցել: Իսկ ով է շահել արդյունքում, կամ ով պիտի հիմա իրեն փոխհատուցի – սրանք տարօրինակ ու անհեռանկար հարցեր են ԲԻԶՆԵՍ կոչվող աստվածության (անաստվածության) դեպքում! Ցավով եմ սա ասում, մեր խեղճ ժողովուրդը դեռ չի ընկալել Թումանյանի խոսքը՝ ,,Աչքդ թեքեցիր բանիդ տերը չես,, Հիմա ճիշտ այդ ժամանակներին ենք վերադարձել .. այսինքն՝ ԲԻԶՆԵՍ – ԿՈՂՈՊՈՒՏ ԿՅԱՆՔԻՆ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728