Լրահոս
Օրվա լրահոսը

Ներգաղթ ենք ունեցել ԱՄՆ-ից, Թուրքիայից, Իսրայելից ու Գերմանիայից

Փետրվար 04,2017 15:00

Պարզվում է` մեր երկրից ոչ միայն արտագաղթ ենք ունեցել, այլեւ ներգաղթ: Այս տարի 54 հազար մարդ մեր երկրից արտագաղթել է, փոխարենը` 5 949 օտարերկրացի ներգաղթել: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից, որն օրերս հրապարակեց Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի 12 ամիսների պատկերը:
Օտարերկրացիներին մեր երկրում կացության կարգավիճակ է տրվել, որոնցից 4 017-ը՝ ժամանակավոր, 1329-ը՝ մշտական եւ 603-ը՝ հատուկ:

Այսպես. Իրանի Իսլամական Հանրապետությունից մեր երկրում կացության կարգավիճակ է ստացել 1143 քաղաքացի, որից 934-ին կարգավիճակը տրվել է ժամանակավոր, 89 մարդու` մշտական, 120 քաղաքացու էլ՝ հատուկ:

Նշենք, որ հատուկ կացության կարգավիճակը շնորհվում է Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրությամբ՝ ծագումով հայ օտարերկրացիներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների: Այն տրվում է տասը տարի ժամկետով:
Նրանց, ում շնորհվում է հատուկ կացության կարգավիճակ, տրվում է ՀՀ հատուկ անձնագիր, որով կարելի է ազատ մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք եւ բնակվել այնտեղ առանց մուտքի վիզայի: Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ՝ բացառությամբ ընտրական իրավունքի: Նրանց վրա նաեւ չի տարածվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու պարտականությունը:

Հնդկաստանից մեր երկրում կացության կարգավիճակ է ստացել 1086 քաղաքացի, որից 1078-ին տրվել է ժամանակավոր, 8 քաղաքացու էլ՝ մշտական: Հնդկաստանից 120 քաղաքացի էլ հատուկ կարգավիճակ են ստացել: Հայաստանում կացության կարգավիճակ են ստացել անգամ Ֆիլիպիններից: Սակայն 39 ստացողներից եւ ոչ մեկը մշտական չի մնա, այլ ժամանակավոր: Եգիպտոսից եւս «ներգաղթ» ենք ունեցել: 27 քաղաքացիներից 26-ը մեր երկրում կապրեն ժամանակավոր: Մեկ քաղաքացու էլ հատուկ կարգավիճակ է տրվել: Թուրքմենստանից եւ Ղազախստանից էլ ենք մեր երկրում ժամանակավոր ապրելու կարգավիճակ ստացած քաղաքացիներ ընդունել: Թուրքմենստանից 18 մարդ Հայաստանում կապրեն մշտական, 34-ը՝ ժամանակավոր, 22-ն էլ՝ հատուկ կարգավիճակով:

Ղազախստանից եկած 74 քաղաքացիներից 25-ը մշտական կբնակվեն Հայաստանում, 49 մարդ էլ՝ ժամանակավոր:

Գերմանիայից, որտեղ սովորաբար արտագաղթ ենք ունենում, 14 քաղաքացի եկել է մշտական ապրելու, 42-ն էլ կապրեն ժամանակավոր, իսկ հատուկ կարգավիճակով մարդկանց թիվը 6-ն է: Ընդհանուր առմամբ այս երկրից 62 մարդ է անցյալ տարի եկել մեր երկիր: Անգլիայից Հայաստանում մշտական բնակության համար կարգավիճակ է ստացել 7 մարդ, 11 մարդ էլ մեզ մոտ կապրի հատուկ կարգավիճակով, 37-ն էլ` ժամանակավոր:
Հորդանանից եւս 34 քաղաքացի ենք ընդունել. 31-ը կապրեն ժամանակավոր կարգավիճակով, 1-ը՝ մշտական, 2 քաղաքացի էլ` հատուկ:
Իսրայելից նույնպես եկողներ են եղել. 31 քաղաքացուց 7-ը մշտական բնակության ցանկություն է հայտնել, 1-ը կապրի հատուկ կարգավիճակով, 23-ը` ժամանակավոր:
Թուրքիայից ընդհանուր առմամբ 56 քաղաքացու ենք կարգավիճակ շնորհել. 24-ին՝ ժամանակավոր, 21-ին` հատուկ, 11-ին էլ մշտական բնակության կարգավիճակ է տրվել:
Լիբանանից եկած 101 քաղաքացիներից 36-ը Հայաստանում կապրեն մշտական, 49-ը՝ ժամանակավոր, 16-ն էլ՝ հատուկ կարգավիճակով:

Մշտական բնակություն Հայաստանում ունենալու առումով ամենաշատ ներգաղթն ունեցել ենք Ռուսաստանի Դաշնությունից. կացություն ստացած 945 քաղաքացուց 626-ը կմնան մշտական բնակվելու, 302-ը՝ ժամանակավոր, 17-ն էլ` հատուկ կարգավիճակով:
ԱՄՆ-ից 369 քաղաքացու ենք կացության կարգավիճակ տվել, որից 36-ին՝ մշտական, 258 մարդ այդ երկրից Հայաստանում կապրի ժամանակավոր, 75 մարդ էլ՝ հատուկ կարգավիճակով:

Ուկրաինայից մեր երկիր մշտական բնակության է եկել 105 մարդ, ժամանակավոր ապրում է 140-ը, հատուկ կարգավիճակով` 4-ը:

Սիրիայից անցյալ տարի 484 եկածներից մշտական բնակության են եկել 147 քաղաքացիներ, 115-ը կապրեն ժամանակավոր, իսկ 222-ը՝ հատուկ կարգավիճակով:
«Ներգաղթ» ենք ունեցել նաեւ Իտալիայից, Լեհաստանից, Նիդերլանդներից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Կանադայից, Բելառուսից, Վրաստանից, Իրաքից:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

«Առավոտ»

03,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    եւ նաեւ Կոնգոյից…
    խի՞ չէք նշել, վերնագրում…

    re: https://www.aravot.am/2017/01/30/850491/

    ( զգոյշ… հետո ասելու են թէ այս վրիպումը հայկական ռասիզմի մի այլ փաստ է է… lol )

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728