Լրահոս
Օրվա լրահոսը

«Ար» հեռուստատեսության լրագրողը մասնագիտական խախտումներ երբեւէ թույլ չէր տվել

Փետրվար 04,2017 14:30

Հեռուստալրագրող Նունե Սիմոնյանն ազատվել էր աշխատանքից՝ ընկերության տնօրեն Ա.Ղազարյանի կողմից 19.02.2016թ. ստորագրված N01-Պ.Լ. հրամանով

Լրագրողը դիմել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի անվավեր ճանաչվի տնօրենի հրամանը, վերականգնեն իրեն նախկին աշխատանքում՝ որպես «Ար հեռուստաընկերություն» ՍՊ ընկերության լրատվական բաժնի (ծառայության) լրագրող, բռնագանձեն «Ար» հեռուստաընկերությունից հօգուտ լրագրողի աշխատանքային պայմանագրի դադարման օրվանից սկսած մինչեւ աշխատանքում փաստացի վերականգնելու օրը ամսական 443.512 դրամ՝ որպես հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձը:

Դատավոր Արա Կուբանյանի վճռով մերժվել էր հայցը, եւ Նունե Սիմոնյանի ներկայացուցիչը՝ Էռնեստ Աբելյանը, դիմել էր ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան:
Դատավորներ Կարինե Հակոբյանի, Ալվարդ Հունանյանի եւ Արթուր Սմբատյանի մասնակցությամբ փետրվարի 7-ին կհրապարակվի վճիռը:

Հունվարի 31-ին լրագրողի ներկայացուցիչը դատարանին ներկայացրած բողոքով հայտնել էր, թե Նունե Սիմոնյանը 10.05.2011թ. կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա ընկերության տնօրենի՝ աշխատանքի ընդունելու մասին հա. 64-Ա.Կ. հրամանով ընդունվել է աշխատանքի, որպես պատասխանող ընկերության լրատվական բաժնի լրագրող։ Աշխատանքային գործունեության ընթացքում իր վստահորդը լուսաբանել է հնչեղություն ունեցող քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, առողջապահական խնդիրներ:
Ն. Սիմոնյանը 2011 թվականից մինչեւ 2016 թվականի փետրվարը որպես հեռուստաընկերության լավագույն լրագրող լուսաբանել է երկրի նախագահի բոլոր պետական եւ աշխատանքային այցերը, ելույթները՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս. «Աշխատանքային ամբողջ գործունեության ընթացքում կարգապահական եւ մասնագիտական ու առաջադրվող պահանջների խախտումներ երբեւէ թույլ չի տվել, բանավոր կամ գրավոր դիտողություն եւ նկատողություն չի ստացել։ Նրա մասնագիտական ունակությունները բազմիցս բարձր է գնահատել անձամբ ՀՀ նախագահը»:

Ի դեպ, ըստ բողոքաբեր կողմի, որպես լավագույն աշխատողի ընկերության կողմից 2015թ. փետրվարին ավտոմեքենա ձեռք բերելու համար Նունեին տրվել է մոտ 8.000.000 դրամի փոխառություն:

Մինչ լրագրողին ազատելը, հետեւել էին կարգապահական տույժ` կրկնակի «նկատողությունները»:

Լրատվամիջոցի հետ լրագրողի աշխատանքային պայմանագիրը 22.02.2016թ.-ից լուծվել է։

Դեռ առաջին ատյանում գործընկերոջս հայտարարությունը հրապարակելիս, նա ասաց, թե «պատասխանող ընկերության կողմից գրավոր կամ բանավոր կերպով բացատրություն տալու պահանջ իրեն չի ներկայացվել»։

Եթե խոսքը գնում է մասնագիտական ցածր որակների մասին, ապա ինչպես էր, որ պատասխանող ընկերությունը հեռուստալրագրողին աշխատանքի ընդունելու պահից՝ 10.05.2011թ.-ից, մինչ աշխատանքից ազատելը՝ 19.02.2016թ. ընկած ժամանակահատվածում աշխատավարձը 58.000 դրամից բարձրացրել է մինչեւ 385.000 դրամ, այսինքն՝ 5 տարվա ընթացքում աշխատավարձը բարձրացվել է մոտ 6,5 անգամ։ «Նշված հանգամանքը փաստում է այն մասին, որ հայցվորն ամբողջությամբ եւ բարեխղճորեն կատարել է իր աշխատանքային պարտականությունները, իսկ գործատուն պարբերաբար բարձրացրել է նրա աշխատավարձը, մինչդեռ գործատու ընկերության տնօրենի կողմից 04.03.2016թ. տրված Ն.Սիմոնյանի աշխատանքի գնահատականի վերաբերյալ հա. 21/16 տեղեկանքի համաձայն՝ Ն.Սիմոնյանը, հատկապես վերջին մի քանի տարվա ընթացքում, պարբերաբար դրսեւորել է անփույթ եւ ոչ պատասխանատու վերաբերմունք իր աշխատանքային գործառույթների (պարտականությունների) կատարման նկատմամբ, նյութերը ներկայացրել է խմբագրական ոչ պատշաճ վիճակում, չնայած բանավոր նախազգուշացումների՝ պարբերաբար ուշացել է նկարահանումներից, ըմբոստացել է հեռուստաընկերության եւ լրատվական բաժնի (ծառայության) ներքին կարգապահական կանոնները կատարելու դեմ»:

Լրատվականի 40 աշխատակիցներից երեքը զեկուցագիր էին գրել, թե Նունե Սիմոնյանի հետ աշխատելն անհնար է դարձել:

Սիմոնյանի ներկայացուցչի դիտարկմամբ էլ, ըստ լրատվական բաժնի աշխատակիցների զեկուցագրի, ընկերությունը հիմնվելով ենթադրության վրա, զեկուցագրի ներկայացման օրը՝ 19.02.2016թ.-ին, առանց հայցվորից բացատրություն պահանջելու, կայացրել է կողմերի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման մասին հրաման՝ խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226 հոդվածով նախատեսված կարգը, համաձայն որի՝ մինչեւ կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն։

Ճանաչված լրագրողը եկել էր իր աշխատավայր՝ աշխատակիցները նրան չեն թույլատրել մուտք գործել ընկերության վարչական շենք՝ պատճառաբանելով, որ նա ազատված է աշխատանքից:
Ներկայումս Ն. Սիմոնյանը գտնվում է ԱՄՆ-ում:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

03,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728