Լրահոս
Օրվա լրահոսը

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2016թ. ընթացքում

Փետրվար 04,2017 14:00

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է անցյալ տարին:
Արթուր Բաղդասարյանից էլ սկսվում է Սեւ ցուցակը

2016թ. հուլիսի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր «Հայկական Վերածնունդ միավորում» կուսակցություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ կուսակցության ֆինանսավորման վերաբերյալ: Կուսակցությունը հարցմանը չի պատասխանել: ԻԱԿ-ը բազում անգամներ խոսել է կուսակցության աշխատակցի հետ, վերջինս խոստանալով պատասխանել հարցմանը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը զբաղեցնում է պատվավոր երկրորդ տեղն այս ցուցակում:

2016թ. օգոստոսի 10-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել 2016թ. ամառային օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկների համազգեստների վերաբերյալ: Կոմիտեն հարցմանը չի պատասխանել՝ պարզաբանելով, որ կոմիտեի անձնակազմը գտնվում է Ռիոյում, իսկ վերադառնալուց հետո նշեց, որ հարկ չի համարում ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել, քանի որ օլիմպիական խաղերը վերջացել են:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (արդեն նախկին). 2016թ. սեպտեմբերի 2-ին կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր Սյունիքի մարզպետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2014, 2015 եւ 2016թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզպետարանի կողմից գնված թղթի վերաբերյալ: Մարզպետարանը հարցմանը չի պատասխանել:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գլխավոր հարկադիր կատարող (արդեն նախկին) Միհրան Պողոսյանն էլ չէր պատասխանել 2014-2015թթ. ընթացքում որքան գումար է կազմել ԴԱՀԿ-ի կողմից հարուցված կատարողական վարույթներով կատարողական ծախսերը, որքան գումար է բռնագանձվել հօգուտ պետբյուջեի, ինչպես նաեւ իրավաբանական ու ֆիզիկական անձանց օգտին, եւ այդ տարիների ընթացքում որքան գումար է կառավարությունը հատկացրել ԴԱՀԿ-ին:

Սեւ ցուցակի պատվավոր հնգյակում է Արտեմ Ասատրյանը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը: Նա չէր պատասխանել, թե 2016թ. հունվարի 1-ից տեղեկատվություն ստանալու էլեկտրոնային որքան հարցում է ստացել նախարարությունը, դրանցից քանիսն է պատասխան տրվել գրավոր, բանավոր եւ քանիսն է վերահասցեագրվել ու մերժվել, եւ արդյոք նախարարության պաշտոնական ինտերնետային կայքը հնարավորություն տալի՞ս է դիմողներին առցանց հարցումներ ուղարկել:
Հաջորդաբար, իրենց տեղերն են գրավել այս ցուցակում Տիգրան Մուկուչյանը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը,

Հասմիկ Պողոսյանը՝ ՀՀ մշակույթի նախարար (նախկին), Սերգեյ Մինասյանը՝ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, Ստեփան Մնացականյանը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն, Արտակ Հանիսյանը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը:
Վարչական շրջանի ղեկավարից խնդրել էին տրամադրել խնամակալության վերաբերյալ տեղեկությունները:

ՏԻՄ ղեկավարներից՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն էլ պետք է տրամադրեր աշխատակիցների պարգեւատրման վերաբերյալ տեղեկատվություն: Մարզպետարանը հարցումն ուղարկելուց 4 աշխատանքային օր անց տրամադրված գրությամբ մերժել էր խնդրվող տեղեկության տրամադրումը:

Պարգեւատրման հետ կապված թափանցիկ չի եղել նաեւ Վարդան Արամյանը՝ ՀՀ ֆինանսների նախարարը, որի տրամադրված տեղեկությունը՝ աշխատակիցների պարգեւատրման վերաբերյալ, նախարարությունը տրամադրել է թերի, այն էլ 15 աշխատանքային օր անց:

Ցուցակից անմասն չեն մնացել նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը:

2016թ. նոյեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն ՏԱ համար պատասխանատու պաշտոնյատար անձի վերաբերյալ: Նախարարությունը թերի պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 8 օր անց՝ չտրամադրելով ՏԱ պատասխանատուի նշանակման վերաբերյալ իրավական ակտի պատճենը:
Ինչ վերաբերում էր ԱԱԾ-ին, ԻԱԿ-ը դիմել էր առընթեր մարմին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն առընթեր մարմնի հաշվեկշռում գրանցված ծառայողական մեքենաների պահպանման ծառայությունների մատուցման վերաբերյալ, ինչպես նաեւ տրամադրել պայմանագրերի պատճենները: Ծառայությունը թերի պատասխան է տրամադրել 8 աշխատանքային օր անց:

Ցուցակը եզրափակում են «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ տնօրենն ու Մհեր Պոլոսկովը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենը: Նրանք չէին պատասխանել իրենց գործունեության վերաբերյալ հարցմանը:

 

Պատրաստեց՝ Ռ. Մ.

 

«Առավոտ»

03,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728