Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես աճեցնել անմահության սերմը, որ մենք ստացանք մկրտության ժամանակ

Փետրվար 04,2017 13:30

Հիշո՞ւմ եք, անցյալ շաբաթ գրել էի, թե ինչ արեց Քրիստոսը՝ վերանորոգելու համար մեր մարդկային ապականված բնությունը, երբ մեզ տվեց անմահության հացը, որ իր Մարմինն է: Այն մեզ տրվում է որպես սերմ, որ աճեցնենք ու պտղաբերենք մեր կյանքում: Այսօր եկեք խոսենք այն մասին, թե ինչպիսի միջոցներով ենք աճեցնում ու պտղաբերում այդ սերմը: Հայ առաքելական եկեղեցին մեզ տալիս է երեք միջոց՝ նրանցից բխող բոլոր գործողություններով: Այդ երեք միջոցներն են ճշմարիտ աղոթքը, ծոմապահությունը եւ զղջումը: Սրանք հոգեւոր կյանքի ու պայքարի հիմքն են կազմում:

Ճշմարիտ աղոթք

Մարդիկ ասում են, որ իրենք աղոթում են ու իրենց կյանքում կարծես ոչինչ չի փոխվում: Որպեսզի մեր կյանքում իրապես մի բան փոխի, նախ մենք պետք է աղոթենք իրական հավատքով եւ հարատեւ լինենք աղոթքի մեջ: Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ ճշմարիտ աղոթքը կազմված է 3 բաղադրիչ մասերից: Ճշմարիտ աղոթքը պետք է լինի.
Ա. ուշադրությամբ
Բ. ակնածանքով
Գ. զղջմամբ
Ակնածանքն ու զղջումը պարզ է, բայց ի՞նչ է նշանակում աղոթքն ասել ուշադրությամբ: Դուք գիտեք, թե որքան դժվար է կառավարել միտքը: Հատկապես նկատե՞լ եք՝ որքան դժվար է կառավարել միտքն աղոթքի ժամանակ: Օրինակ, հենց որ սկսում ես «Հայր Մերը», մինչեւ հասնես «Եկեսցե արքայություն քո», միտքն արդեն թափառում է այս ու այն կողմ: Նույնիսկ եկեղեցում: Աղոթքի ժամանակ աչքդ ընկնում է կամ մեկի հագուստի գույնին, կամ մեկ ուրիշի շարժմանը, կամ հանկարծ որտեղից որտեղ սկսում ես հիշել հին դեպքեր (լավ կամ վատ) ու միտքը թափառում է: Ու մարդը չի կարողանում այն կառավարել ու հանգիստ աղոթել: Այսպես էլ կշարունակվի, եթե մենք գիտակցաբար չպայքարենք միտքը որքան հնարավոր է կառավարելու եւ զսպելու վրա: Եկեղեցու հայրերը գրում են, որ աղոթքի ժամանակ ուշադրությունը ցրելը, չար սատանայի ամենահայտնի գործիքներից մեկն է: Ուրեմն գիտակցաբար մենք պետք է ամեն ջանք թափենք, որ ակնածանքով ու զղջմամբ ասված մեր աղոթքների ժամանակ որքան հնարավոր է՝ սանձենք մեր միտքը, որ այն չթափառի այս ու այն կողմ: Սա իսկապես շատ կարեւոր է, որովհետեւ ճշմարիտ աղոթքը պիտի ասվի ուշադրությամբ:
Աղոթել պետք է ամեն օր, ու որքան հնարավոր է՝ այնքան ավելի հաճախ:

Ծոմապահություն

Երկրորդ գործիքը, որ Քրիստոսի Եկեղեցին տալիս է հավատացյալ մարդուն, ծոմապահությունն է՝ կամ պահեցողություն: Ծոմապահությունը պահեցողության ավելի խիստ տեսակն է:
Չուտելն ինքնին բարի առաքինություն չէ: Այլ պահեցողության կամ ծոմապահության նպատակը, աղոթքի, զղջման եւ սրանցից բխող այլ բաների միջոցով ավելի խոնարհության հասնելն է: Ծոմապահության նպատակը խոնարհությունն է: Ճշմարիտ ծոմապահությունը մեծ զորություն է չարի դեմ պայքարում: Մենք սա տեսնում ենք եւ Հին Կտակարանում, օրինակ, թե ինչպես Նինվեացիները 3-օրյա ծոմապահությամբ ու զղջմամբ փրկեցին քաղաքը եւ Նոր Կտակարանում, թե ինչպես է Տեր Հիսուսը սովորեցնում, որ չարի տեսակ կա, որ դուրս է գալիս միայն աղոթքով ու ծոմապահությամբ (Մարկոս 9:29): Հայ առաքելական եկեղեցում գրեթե բոլոր Չորեքշաբթի եւ Ուրբաթ օրերը պահեցողության օրեր են: Շուտով մոտենում է Մեծ Պահոց շրջանը եւ բացի սրանից, տարվա մեջ մի քանի անգամ ունենք շաբաթապահքեր:

Զղջում

Երրորդ գործիքը, որ Եկեղեցին տալիս է հավատացյալներին մեզ տրված անմահության սերմը աճեցնելու գործում՝ զղջումն է: Սա շատ պարզ է: Մարդը պիտի սովորի զղջալ սեփական սխալների համար: Գոնե երկու պատճառով: Առաջինը նա պիտի հասկանա, որ իր սխալների պատճառով տառապում են այլ մարդիկ, ու նա պիտի զղջա, որ ցավ է պատճառել իր մերձավորին: Երկրորդ՝ նա պիտի հասկանա, որ մեղք գործելով նա վերք է հասցնում սեփական անձին ու զղջումը օգնում է լվանալ այդ մեղքերը եւ Աստծուն մոտենալ, որով եւ սկսում է ապաքինվել անձը:

Եկեղեցու հայրերն ասում են, որ առողջացող հոգու առաջին նշանը դա սեփական մեղքերը տեսնելն է, ինչպես ծովի ավազը: Գոնե անձնական հարաբերությունների մեջ, դադարեք մեղադրել դիմացինին ու սկսեք նայել ձեր անձի ներսը: Արդյոք կա՞ մի բան, որ դուք այնպես եք արել, որը կարող էր սադրել, զայրացնել ու գայթակղության դրդել ձեր մերձավորին: Եթե այո, ապա մինչեւ նրան մեղադրելը, դուք զղջո՞ւմ եք ձեր արածի համար:
Սիրելի բարեկամներ: Եթե դուք իսկապես ձգտում եք սուրբ կյանքի ու ազատվելու մեր այս ապականված բնությունից, ապա ապաշխարության գործը պտղաբերելու համար ձեզ անհրաժեշտ է ապրել ճշմարիտ աղոթքով, պահեցողությամբ (կամ ծոմապահությամբ) եւ զղջմամբ: Առանց այս բաների, չի կարող մարդը ապաշխարության կյանք ապրել:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/armen.hareyan?fref=ts&ref=br_tf

 

«Առավոտ»

03,02.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728