Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանը պատասխանում է Րաֆֆի Հովհաննիսյանին (Տեսանյութ)

Փետրվար 03,2017 23:23

«Ես եւ Անահիտ Բախշյանը Րաֆֆի Հովհաննիսյանի ու «Ժառանգություն» կուսակցության մյուս՝ հանրությանը հայտնի ու անհայտ գործընկերների հետ մեր կյանքի ճանապարհը՝ մի հարուստ ու գեղեցիկ շրջան միասին ենք անցել: Մինչ մեկ երամ դառնալը մենք բոլորս եկել ենք մեր անհատական հետագծերով, ամեն մեկս կայացած ինչ-որ մակարդակում ու ոլորտում ու արդեն ինչ-որ բարձրության վրա ճախրելով՝ մեկս որպես պետական առանցքային գործիչի խորհրդատու, գերատեսչական առանցքային ստորաբաժանման ղեկավար, մյուսը՝ երկրով մեկ հայտնի դպրոցի տնօրեն, մյուսը՝ մարդու իրավունքի պաշտպան, մեկ ուրիշը՝ հայտնի փաստաբան, դասախոս ու հրապարակային գործիչ եւ այլն»,- Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօր նիստից առաջ արած մեկնաբանություններին ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով իր նախկին կուսակիցների՝ Ստեփան Սաֆարյանի եւ Անահիտ Բախշյանի այլ դաշինքի՝ Ազատ դեմոկրատների ցուցակով առաջադրվելուն ասել է. «Նույն Անահիտը մնում է Անահիտ, նույն Ստյոպիկը մնում է Ստյոպիկ, ուղղակի իրենց քաղաքական դիրքորոշումն է այդպիսին… Մեզ մոտ եղել է անհատականությանը թեւեր տալու սովորությունը, իսկ որ թեւեր ես տալիս՝ դժվար է դրանք հետ վերցնելը»:

https://www.youtube.com/watch?v=yuyvSnZc4hY

Պարոն Սաֆարյանի խոսքերով, այո, «Ժառանգությունը» եւ Րաֆֆի Հովհանիսյանը մեզ օգնել են միասին ավելի շատ բան անել ու բարձր ճախրել՝ բոլորով ավելի սիրված դառնալով հանրության կողմից. «Անկումներ էլ ենք ունեցել բոլորս միասին: Դա մեր կենսագրության հիրավի գեղեցկագույն հատվածներից մեկն է, ինչի համար շնորհակալ ենք միմյանց, ճակատագրին ու Րաֆֆի Հովհաննիսյանին: Երբ քաղաքական հետագա քայլերի ու ուղեգծի մասին պատկերացումների տարբերություններ են նշմարվել, որոնք մեկանգամյա դրսեւորում չեն եղել, այլ տեսանելիորեն՝ երկարատեւ միտումով, բնականաբար ամեն մեկս շարունակել ենք անել այն եւ այնքան, որքան պոտենցիալ, աշխատասիրություն ու իմացություն բնությունն ու Արարիչը դրել են մեր մեջ: Այնպես որ, ես իմ գործընկերներին ու Րաֆֆի Հովհաննիսյանին միշտ բարին ու լավն եմ ցանկանալու ու հաջողություն եմ մաղթելու իր բոլոր նախաձեռնություններում, թե՛ դժվարին, թե՛ լավ ժամանակներում»:

Ստեփան Սաֆարյանի խոսքերով, պարոն Հովհաննիսյանն իրավացի է, որ ինքը եւ Անահիտ Բախշյանը ժամանակին դեմ են եղել դաշինքին, դրա կազմավորման սկզբունքներին, բայց ոչ այն գծին, որին հարել են «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները»:

«Ես եմ իր հանձնարարությամբ «Ժառանգության» կողմից համադրել ու պատրաստել դաշինքի ծրագրային հենքը՝ մինչեւ դրա պաշտոնականացումը ցուցանելով ու տեղյակ պահելով տարաձայնության ներուժ ունեցող հնարավոր ծրագրային հարցերի ու խնդիրների մասին: Հենց դրա հիմքի վրա պատրաստվեց «Ուխտ Նոր Հայաստանի» փաստաթուղթը, որը ստորագրեցին ցուցակի բոլոր անդամները, որքան հիշում եմ՝ բացառությամբ Կարապետ Ռուբինյանի: Ավաղ, դաշինքը մինչեւ խորհրդարան մուտք գործելը արդեն խարխլվեց միանգամայն այլ, բայց ոչ ծրագրային ու գաղափարական պատճառներով: Ինչեւէ, սա անցած-գնացած պատմություն է բոլորիս համար, փաստ, որ իմ եւ Անահիտի կամ մյուսների անհամաձայնությունը դաշինքի գաղափարական ու ծրագրային հենքի հետ չի կապված եղել:

Չնայած այդ ներքին անհամաձայնությանը, մենք այն ընդունել ենք, հավանություն ենք տվել առաջնորդվելով՝ մեկս բոլորի համար, բոլորս՝ մեկի համար սկզբունքով, նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրություններն ու այլ հանգամանքներ, որոնք կարեւոր էին թվում Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ժառանգության» ու ողջ թիմի համար: Այժմ ամեն մեկս բնականաբար շարժվում է իր հետագծով, իր պատկերացրած ուղով:

Դա չի խանգարել ու խանգարելու միմյանց հիշել ու վերաբերել (գոնե իմ կողմից) հարգանքով, ջերմությամբ ու երախտագիտությամբ, որ ես այդ թիմին ու բոլորին շատ էական բան եմ տվել ու նաեւ շատ էական բան ստացել բոլորից: Բարեբախտաբար, թե՛ ես, թե՛ Անահիտը առանձնապես այլ մոտիվացիա չունենք, քան մեր նախկին՝ ինքնիշխան Հայաստանի եվրոպական եւ ժողովրդավարական հեռանկարի մոտեցմանն ուղղված քաղաքական գծի շարունակումը եւ այդ գործում մեր ներուժի իրացումը»,-ասաց Ստեփան Սաֆարյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728