Վարչական դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի գործով վճիռ կայացնելու:
Հիշեցնենք, որ Ա. Միքայելյանը 2016 թ. մարտի 24-ին մասնակցել է քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքին, որի ընթացքում հավաքի որոշ մասնակիցներ, պառկելով Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շղթայի միջոցով իրենց ամրացնելով ասֆալտին, փակել էին փողոցը:
Այնուհետև հավաքի մասնակիցները ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով:
ՀՀ Ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել հավաքի մասնակցին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի (Հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելը) 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Կարդացեք նաև
Արմեն Միքայելյանի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանի խոսքով, դատարանում չքննարկվեց իրենց ներկայացրած հակընդդեմ հայցը, որն ավելի վաղ վերադարձվել էր, որոշակի շտկումների անհրաժեշտության պատճառով: Հակընդդեմ հայցը ժամանակին այդպես էլ չներկայացվեց դատարան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ