Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ քննչական ծառայությունը քննադատություն չի՞ ընկալում, թե՞ փորձում է դեմքը փրկել

Փետրվար 03,2017 21:55

Փետրվարի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ փետրվարի 1-ին հրապարակած «Սարի թաղի» գործի նախաքննությունը դոփում է տեղո՞ւմ» վերտառությամբ հոդվածին, որը հրապարակվել է կոմիտեի կայքում և արտատպվել մի շարք լրատվամիջոցներում («Aravot.am», «A1plus.am», «1in.am», «News.am» և այլն)։ ՀՔԾ-ի՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ապակողմնորոշում է հանրությանը» վերտառությամբ պատասխանը հրապարակվել է մասնավորապես «Hraparak.am», «Iravaban.net» և «Armlur.am» կայքերում։ Քանի որ դրանում տեղ են գտել մի շարք անհիմն դատողություններ և թյուր տեղեկություններ, անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ հստակեցումներ։

Նախ ամենակարևորը՝ ԽԱՊԿ-ը երբեք չի ապակողմնորոշել հանրությանը և ապագայում էլ մտադիր չէ զբաղվել դրանով։ Ինչ վերաբերում է 2016 թ. հուլիսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած դեպքերով հարուցված քրեական գործին, ապա ի հեճուկս շատերի՝ այդ թվում նաև իրավապահների, կազմակերպությունը շարունակելու է հասարակության ուշադրությունը սևեռել դրա շրջանակներում իրականացվող նախաքննությանը, հետևել զարգացումներին և հանրությանն ապահովել գաղտնիք չհանդիսացող օբյեկտիվ տեղեկատվությամբ։

Այս թեմային վերաբերող ԽԱՊԿ-ի հոդվածը արդեն իսկ կարևոր էր նրանով, որ ստիպեց ՀՔԾ-ին հանդես գալ ծավալուն հրապարակմամբ՝ իր տեսանկյունից ներկայացնելով վերոհիշյալ գործի ընթացքը։ Մինչդեռ վերջին երեք ամիսների ընթացքում քննչական այս մարմինն իր պաշտոնական կայքում որևէ տեղեկություն այդ մասին չէր հրապարակում։ Նման պայմաններում ԽԱՊԿ-ը որոշեց հարցախույզ անցկացնել հուլիսյան իրադարձությունների ընթացքում տուժած լրագրողների շրջանում և, պատշաճ հղումներ կատարելով ու բարեխղճորեն մեջբերելով նրանց խոսքերը, հանգեց գնահատող դատողության, որը դարձավ հոդվածի վերնագիր, այն էլ՝ հարցականով. նախաքննությունը դոփում է տեղո՞ւմ (տես բնագիրը «Khosq.am» կայքում)։ Ի դեպ, արտատպող լրատվամիջոցներից միայն «1in.am»-ն է, որ հարցականը չի պահպանել, իսկ ՀՔԾ-ն կարծել է, թե ԽԱՊԿ-ը միայն «1in.am»-ին է տրամադրել այդ հոդվածը։

Հասկանալի է, որ այդ գնահատականը կարող է դուր չգալ ՀՔԾ-ին, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք ապակողմնորոշում ենք հանրությանը։ Կրկին անդրադառնանք փաստերին։ Քրեական գործի հարուցումից անցել է 6 ամիս, և ըստ վերջին հրապարակված տվյալների՝ տուժող է ճանաչվել 21 լրագրող և օպերատոր, մեղադրանք է առաջադրվել 8 հոգու։ Ընդամենը 8-ին, այն էլ՝ քաղաքացիական անձանց։ Իսկ ո՞ւր են իրենց լիազորությունները չարաշահած ոստիկանները։ Ինչպես երևում է ՀՔԾ-ի պատասխանից, նրանցից ոմանք լավագույն դեպքում միայն հարցաքննվել են։ Ոչ մի նոր կասկածյալ ու ոչ մի նոր մեղադրյալ։ Համենայնդեպս այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չի եղել։ Սա մեզ թույլ չի՞ տալիս ասել, որ գործը դոփում է տեղում։ Կամ եթե մենք պնդում ենք, որ ՀՔԾ-ն իր պաշտոնական կայքում այս առումով երեք ամիս ոչ մի հաղորդագրություն չի հրապարակել, դա ապատեղեկատվությո՞ւն է։ Եթե սխալվել ենք, ապացուցեք հակառակը։ Հրապարակավ ներողություն կխնդրենք։

Մեկ այլ հարց էլ՝ իսկ ի՞նչ առաջընթաց կա 2015 թ. հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների՝ #ElectricYerevan-ի գործում։ Հայտնի է, որ նախաքննությամբ պաշտոնապես 21 լրագրող եւ օպերատոր տուժող է ճանաչվել։ Քրեական գործը հարուցելուց մեկ տարի երկու ամիս անց որևէ մեղադրյալ կամ կասկածյալ չկար, և միայն 2016 թ. հուլիսյան իրադարձություններից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներողություն խնդրեց իրավապահների գործողությունների համար, 4 ոստիկանների մեղադրանք առաջադրվեց։ Ընդամենը 4-ին, այն դեպքում, երբ համացանցը ողողված էր բազմաթիվ տեսանյութերով, թե ինչպես են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ոստիկաններ ծեծի ենթարկում ԶԼՄ-ների աշխատակիցներին, ջարդում տեսախցիկները, ապօրինի բերման ենթարկում նրանց։ Վերջին հաղորդագրությունը այս գործով հրապարակվել է 2016 թ. օգոստոսին։ Դրանից հետո ոչ մի նորություն զարգացումների մասին։ Այսինքն՝ նոր մեղադրանքներ չեն առաջադրվել, տուժած լրագրողներն էլ վկայում են, որ քննիչների հետ նոր հանդիպում չեն ունեցել։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ գործը դոփում է տեղում։ Այս գնահատականով նույնպե՞ս ապակողմնորոշում ենք հանրությանը։ Թե՞ ՀՔԾ-ն անհիմն մեղադրանք է հասցեագրում ԽԱՊԿ-ին, որ դիմակայի քննադատությանը և այդկերպ փրկի սեփական դեմքը։

Հավակնելով օբյեկտիվության, ՀՔԾ-ն իր պատասխանում ինքն է մի շարք դեպքերում խեղաթյուրել փաստերը։ Օրինակ՝ ըստ ՀՔԾ-ի՝ «1in.am»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը «բազմիցս հրավիրվել է որպես տուժող հարցաքննվելու, սակայն հրաժարվել է ներկայանալ՝ հեռախոսազանգի միջոցով հայտնելով այդ մասին»: Սա կիսաճշմարտություն է։ Իրականում առաջին իսկ անգամ ՀՔԾ-ի հետ առնչվելիս բեկորային վնասվածքներ ունեցող և վիրակապով լրագրողը հայտնվել է բարդ իրավիճակում. նրան ցանկացել են ներգրավել քրեական գործում ոչ թե որպես տուժող, այլ վկա՝ առաջարկելով ցուցմունք տալ ցուցարարների դեմ։ Ավելին՝ երբ Մարիամ Գրիգորյանը հրաժարվել է այս կարգավիճակում ցուցմունք տալ և ասել է, որ պատրաստվում է մեկնել քաղաքից, քննիչը սպառնացել է, որ որպես վկա ցուցմունք չտալու դեպքում լրագրողը քրեական պատասխանատվության կենթարկվի, իսկ երկրից մեկնել ինքն անձամբ թույլ չի տա նրան։ Այս մասին Մարիամ Գրիգորյանը հայտնել է 2016-ի օգոստոսի 1-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը։

Բնական է, որ տուժած լրագրողի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը կարող էր հանգեցնել նրա՝ քննիչների հետ հետագա շփումից խուսափելուն։ Բացի այդ՝  Մարիամ Գրիգորյանը չի ունեցել փաստաբան։ Ավելի ուշ՝ 2016 թ. հոկտեմբերի 25-ին, ՀՔԾ-ում կայացած առաջին հանդիպումը պայմանավորված է եղել նաև այն հանգամանքով, որ Մարիամ Գրիգորյանին տրամադրվել է փաստաբան։ ՀՔԾ-ն նաև պնդում է, թե լրագրողը «ծանուցվել է գործով փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներին և ստացված եզրակացություններին ծանոթանալու համար վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու անհրաժեշտության մասին, սակայն այդպես էլ չի ներկայացել»: ԽԱՊԿ-ը որոշեց ևս մեկ անգամ այս հանգամանքը ճշտել լրագրողից, և նա վերահաստատեց, որ ՀՔԾ-ի վերոհիշյալ պնդումը չի համապատասխանում իրականությանը և որ ինքը քննչական այս մարմնից ոչ մի ծանուցում չի ստացել։

Նույն պատասխանն ստացանք նաև «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանից։ ԽԱՊԿ-ի հետ զրույցում նա պնդեց, որ ծանուցում չի ստացել ոչ իր մշտական, ոչ էլ փաստացի բնակության հասցեներով։ «Երկու հասցեներն էլ տրամադրել եմ քննիչներին։ Ծանուցում չեմ ստացել, իմ հեռախոսահամարը ևս գրանցված է նրանց մոտ, կարող էին զանգահարել, բայց զանգ ևս չեմ ստացել», – նշեց Ռոբերտ Անանյանը։

Ի տարբերություն Մարիամ Գրիգորյանի և Ռոբերտ Անանյանի, անկախ լրագրող Գևորգ Ղազարյանը ստացել է երկու ծանուցում, սակայն իսկապես չի ներկայացել։ Լրագրողն ունի իր հիմնավորումները. այդ հանդիպումներն իր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող քննչական և դատավարական գործողություններ չէին ներկայացնում։

Կասկած են հարուցում կամ առնվազն վիճելի են նաև ՀՔԾ-ի հրապարակման մեջ տեղ գտած այլ տեղեկություններ և փաստարկներ։ Իսկ բազմաթիվ պնդումները, թե «կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ», հազիվ թե համոզիչ թվան հանրությանը, որը հոկտեմբերից ի վեր նախաքննության որևէ շոշափելի արդյունքի մասին չի տեղեկացել։ Ի տարբերություն նախաքննության առաջին ամիսների՝ հետագայում ՀՔԾ-ի «օպերատիվ քննչական և դատավարական գործողությունները» չհանգեցրին նոր կասկածյալների ու մեղադրյալների ի հայտ գալուն։

Ի դեպ, գործողությունների «օպերատիվությունից» բացի կարևոր է նաև ճշգրտությունը։ Ըստ երևույթի, ՀՔԾ-ում սա նույնպես խնդիր է։ Այսպես, քննչական մարմնի հրապարակման մեջ «4news.am» կայքի թղթակից Արթուր Հայրապետյանը ներկայացվել է որպես «News.am» կայքի լրագրող, մինչդեռ դրանք տարբեր լրատվամիջոցներ են։

Չգիտես ինչու, հուլիսյան իրադարձությունների ընթացքում տուժած լրագրողների՝ ԽԱՊԿ-ին հաղորդած տեղեկությունները քննչական ծառայությունը համարում է «իրականությանը չհամապատասխանող «պնդումներ»», որոնց վրա չի կարելի հիմնվել։ Ստացվում է՝ բոլոր հարցված լրագրողների վկայությունները արժանահավատ չեն, և ճիշտ է միայն քննչական այս մարմի՞նը։ Մենք ամենևին համամիտ չենք։ Ավելին՝ կարծում ենք, որ ՀՔԾ-ի ձեռնարկած գործողությունները համարժեք չեն հուլիսյան իրադարձությունների ժամանակ ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնությունների ծավալներին։ Այդ գործողությունների անարդյունավետության մասին են բարձրաձայնում նաև տուժած լրագրողների ու օպերատորների որոշ փաստաբաններ, որոնք արդեն մտադրություն են հայտնում նյութեր նախապատրաստել Եվրոպական դատարան դիմելու համար՝ չսպասելով ներպետական ատյաններում հնարավորությունները սպառելուն։ Թերևս, սա նույնպես ՀՔԾ-ի աշխատանքի ցայտուն գնահատականն է։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728