Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը` Ռիչարդ Միլսին. «Հուսով եմ, ամբողջությամբ փարատեցի դեսպանի մտահոգությունները»

Փետրվար 03,2017 20:45

«Ես չեմ կիսում դեսպանի գնահատականը, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն առաջընթաց չի ունեցել: Չեմ կարծում, որ արդարացված է չնկատելը, որ մի շարք կարևոր օրինագծեր, որոնք ընդունվել են Ազգային ժողովի կողմից՝ խորհրդարանական բոլոր ուժերի միաձայն քվեարկության  արդյունքում, ըստ էության Հակակոռուպցիոն խորհրդում են քննարկվել, հանձնարարականները հնչել են հենց այդ խորհրդում և դրա գործունեության արդյունքում են ծնվել և իրողություն դարձել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն`անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի օրերս հնչեցրած քննադատություններին:

«Սա վառ ապացուցում է, որ ՀՀ իշխանությունները քաղաքական կամք ունեն և  Կառավարությունն այդ քաղաքական կամքը դրսևորում է: Ուղերձը հստակ է, և դրանք այն քայլերն են, որոնք մենք կատարում ենք: Չեմ կարծում, որ դրա վերաբերյալ պետք է մամուլի ասուլիս հրավիրվի և հատուկ ուղերձ հղվի: Եվ շատ մտահոգություններ, որոնք դեսպանն իր խոսքում բարձրաձայնել է, դրանց լուծումներն  արդեն իրականություն են, այդ մասին մենք բարձրաձայնել ենք, քայլերն էլ՝ ձեռնարկել: Ընդ որում, հարկ եմ համարում նշել, որ մենք գնացել ենք հենց այն ճանապարհով, որ չսպասեն, մինչև մարդուն բռնեն կաշառք ստանալու պահին կամ լավություն անելիս»,- ասաց նախարարը`հավելելով, որ  ապօրինի հարստացման քրեականացումը հենց այդ նպատակն է  հետապնդում. «Եթե հայտարարագրերի վերլուծությունից հետո ակնհայտ է դառնում, որ տվյալ անձի օրինական եկամուտը որևէ առնչություն չունի այն գույքի հետ, որն ինքը հայտարարագրել է կամ նույնիսկ չի հայտարարագրել, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»: Դա, ըստ նախարարի, բավարար է, որպեսզի  վարույթն իրականացնող մարմինը,  ողջամիտ կասկածների առկայության դեպքում, գործընթաց սկսի:

«Սա նշանակում է, որ իրավասու մարմիններին մենք տվել ենք բավարար գործիքակազմ, այդ հայտարարագրերի վերլուծության հիման վրա կատարելու կոռուպցիայի դեմ քայլեր: Բայց մենք համարում ենք, որ դա էլ բավարար չէ և հավելյալ քայլեր ենք արել, օրինակ, մշակել կանխիկ գործառնությունների սահմանափակումը նախատեսող օրենսդրական փաթեթ:

Ի դեպ, ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ հավանության արժանացրեց հայտարարագրերի թերի, կեղծ կամ սխալ ներկայացման դեպքում պաշտոնատար անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, օրերս ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ դրվատանքով էր խոսել Կարեն Կարապետյանի կառավարության`կոռուպցիայի դեմ պայքարի պատրաստակամության եւ արդեն արված քայլերի մասին:

Հաջորդ քայլը, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը քննարկել և դրական եզրակացություն էր տվել՝ վերաբերում է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը, փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնմանը:

Իսկ ինչ վերաբերում է անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը, ապա Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված է աշխատանքային խումբ, որը ավարտին  է հասցնում աշխատանքները և ներկայացնելու է իր տարբերակը երկրում անկախ հակակոռուպցիոն մարմին ունենալու, Էթիկայի հանձնաժողովի հենքի վրա իր որոշումների մեջ անկախ, լայն լիազորություններ և գործիքակազմ ունեցող մարմին ստեղծելու մասին առաջարկ, որը կկարողանա ձեռնարկել այն միջոցները, որոնք բավարար են իր հայտնաբերած ցանկացած թերությանը համարժեք արձագանք տալու համար:

«Հուսով եմ, ամբողջությամբ փարատեցի դեսպանի մտահոգությունները և վստահ եմ, որ մեր Կառավարության ծրագրում ամրագրված բոլոր քայլերը, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն քաղաքականությանը, իրականում համապատասխանում են ինչպես Եվրամիության, այնպես էլ վստահ եմ, ԱՄՆ դեսպանի կամ այլ գործընկերների սահմանած առաջնահերթություններին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728