Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան ջղայն եք սաղդ նայում, այ մարդ». Գյումրեցի լրագրողները բարկացրեցին վարչապետին (ձայնագրություն)

Փետրվար 03,2017 19:55

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բազմաթիվ գործարարների հետ այս քաղաքի ներդրումային զարգացման ծրագիրը քննարկելուց հետո, գյումրեցի լրագրողները վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեցին, թե ինչքանո՞վ է ռեալ այս ծրագիրը, գյումրեցիները բազմաթիվ նման խոստումներ են լսել նախորդ վարչապետերից, որոնք անկատար են մնացել:

Ի պատասխան՝ վարչապետը սաստիկ բարկացավ. «Այսօրվա մեր ներկայացումը տեսե՞լ եք, դա էլ մեր խոստումն է, մենք ստեղծելու ենք ֆոնդ, որի ներդրումային փաթեթն այս պահին 10 միլիոն դոլար է, որը լինելու է տարբեր աղբյուրներից: Մենք առաջարկում ենք, որ գյումրեցի սեփականատերը նույնպես ինքը ընտրության հնարավորություն ունի, իր գույքով մասնակցի կամ իր գույքը վաճառի, եւ մենք այդ ծրագիրը իրագործելու ենք: Ի՞նչ ձեւ եք ուզում ասեմ, որ ինձ ավելի շատ հավատաք»:

Երբ լրագրողները հարցրեցին՝ ո՞րն է ծրագրի երաշխիքը, Կարեն Կարապետյանն ասաց. «Օրինակ` ես ի՞նչ պիտի ասեմ, որ դուք դա համարեք երաշխիք, լսեցիք ֆինանսական աղբյուրների մասին, պոտենցիալ ներդրողներին: Դուք լսե՞լ եք, չէ՞, ներկա եք եղել այստեղ, որ ապահովագրական ընկերությունները ներդնելու են, բիզնեսմենները ներդնելու են: Լսե՞լ եք դա, այսինքն ի՞նչ երաշխիք, ես ձեզ բարա՞թ տամ, որ ասում եք երաշխիք տվեք, ի՞նչ տեսքով եք պատկերացնում: Որ չներդրեցինք, ինչ ուզենաք, կգրեք»:

Լրագրողների հարցին՝ չե՞ք մտածում առաջնահերթ աշխատատեղ ստեղծելու մասին, որ մարդիկ չարտագաղթեն, վարչապետն ասաց. «Մտածել եմ, այդ իսկ պատճառով այստեղ եմ, որ աշխատատեղ ստեղծեմ, դուք էլ մի քիչ ձեր տրամադրությունը փոխեք, չի կարելի այդպես տրամադրությամբ երկիր փոխել, որ հարցը տալիս եք, պատասխանն էլ հուշեք՝ ինչ ասեմ»:

Հարցին, թե այս ներդրմամբ հնարավո՞ր է սոցիալական վիճակը փոխել այս քաղաքի, վարչապետն ասաց. «Ոչ միայն, իհարկե, բայց սա տրամադրություն է փոխում, դա ներդրում է, միջավայր է: Մենք չենք ասում Գյումրու բոլոր հարցերը երկու փողոցով են լուծվում, բայց դուք գիտեք, որ միանգամից ամբողջն անհնար է չէ՞ լուծել: Մի քիչ էլ եկեք պրագմատիկ լինենք, մի քիչ էլ ձեր տրամադրությունները փոխեք, մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքան ջղայն եք սաղդ նայում»:

Դիտարկմանը, թե սոցիալապես ծանր այս քաղաքի մեջ հնարավոր չէ բարձր տրամադրություն ունենալ, Կարեն Կարապետյանը նետեց. «Դե ուրեմն անընդհատ դիլխոր եղեք, ըտենց կլինի՞»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728