Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղով հիվանդ ունեցող ընտանիքն աղքատանում է

Փետրվար 03,2017 19:50

«Այն ընտանիքներում, որտեղ կա քաղցկեղով հիվանդ, որը պետք է բուժման կուրս անցնի, վիրահատություն, ապա քիմիաթերապիա, եւ եթե այդ ընտանիքները միջին եկամուտ ունեցողներն են, ապա բուժման այդ ընթացքում ընտանիքը հասնում է ծայրահեղության, աղքատության շեմին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության բուժօգնության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, նշելով՝ նման եզրակացության են հանգել Համաշխարհային բանկի եւ առողջապահության ինստիտուտի հետ համատեղ հետազոտությունից հետո:

«Քաղցկեղի դեմ պայքարի» միջազգային օրվան (փետրվարի 4) ընդառաջ մեզ հետ զրույցում տիկին Վարդանյանն ասաց, որ թեեւ օնկոլոգիական հիվանդությունները համարվում են առողջապահական խնդիրներ, սակայն դրանք երկրում հանգեցնում են սոցիալական խնդիրների. «Միջազգային փորձագետների հավաստմամբ` ոչ վարակիչ հիվանդություններից մահացության 10% աճի դեպքում երկրի ՀՆԱ-ն 0,5% -ով նվազում է, այսինքն` առողջապահական ցուցանիշներն ուղիղ համեմատական կապի մեջ են երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը»:

Վարդանյանի խոսքերով՝ ուռուցքային հիվանդություններն աճել են, եւ մահացության դեպքերը գրանցվում են հատկապես աշխատունակ տարիքի մարդկանց շրջանում:

Ըստ տիկին Վարդանյանի նշած հետազոտության՝ «Առողջապահության համակարգի գործունեության գնահատում 2016» տվյալների, որն Aravot.am-ին փոխանցեցին առողջապահության նախարարությունից, չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը կտրուկ աճել է 35-ից բարձր տարիքային խմբերում, իսկ 65 եւ բարձր տարիքի բնակչության շրջանում այն հասել է իր գագաթնակետին:

Բոլոր տիպի քաղցկեղների վաղ հայտնաբերման ցուցանիշերի դիտարկումն ըստ փուլերի, ինչպես նշված է հետազոտության մեջ, ակնհայտորեն մատնանշում է, որ Հայաստանում քաղցկեղի վաղ հայտնաբերումը վերջին տասնամյակում չի բարելավվել եւ շարունակում է մնալ համակարգային խնդիր:

2007-2015 թվականների ընթացքում այդ ցուցանիշը տատանվում է 40%-46%-ի միջակայքում: Կանանց շրջանում զգալիորեն բարձր է կրծքագեղձի, արգանդի պարանոցի եւ մարմնի, ձվարանի քաղցկեղներով հիվանդացությունը:

2010-2015 թվականներին կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման (I-II փուլերում) եւ հայտնաբերումից հետո 5 տարի ապրելիության ցուցանիշերն, այլ տիպի քաղցկեղների համեմատությամբ, աճել են:

Տղամարդկանց շրջանում աճել է շնչափողի, բրոնխների, թոքի, միզապարկի, շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացությունը: Վերջին տարիների ընթացքում թե´ կանանց եւ թե´ տղամարդկանց շրջանում, զգալիորեն աճել է ստամոքսի եւ հաստ աղու քաղցկեղով հիվանդացությունը, որը կարող է պայմանավորված լինել նստակյաց ապրելակերպով եւ անառողջ սննդակարգով:

Մահվան պատճառներից՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո 2-րդ տեղում չարորակ նորագոյացություններն են:

Վաղաժամ մահացության, այսինքն` մինչև 65 տարեկան մահացության դեպքերի վերաբերյալ էլ, զեկույցում նշված վիճակագրության համաձայն, ընդհանուր մահացության կառուցվածքում վաղաժամ մահացության կշիռը կազմում է 28.5%: Այսինքն, բնակչության յուրաքանչյուր երրորդը մահանում է մինչեւ 65 տարեկան հասակը:

Ըստ զեկույցի, «Հիվանդացության եւ մահացության ցուցանիշերն արտացոլում են բնակչության առողջության վիճակը, եւ ուղղակիորեն կախված են տարբեր գործոններից: Օրինակ՝ ժառանգական նախատրամադրվածությունից, սեռից, տարիքից` 30%, ապրելակերպ` վարքագծային եւ կենսաբանական ռիսկի գործոններ (անառողջ սննդակարգ, ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում, ֆիզիկական թերակտիվություն, զարկերակային բարձր ճնշում, արյան մեջ գլուկոզի եւ խոլեստերինի պարունակության բարձր մակարդակ)` 40%: Սոցիալ-տնտեսական, այսինքն` ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ, սոցիալական օգնության բացակայություն, լարվածությունն աշխատավայրում եւ ընտանեկան կյանքում, ընկճվածություն, անհանգստություն, թշնամություն, կրթություն`15%: Շրջակա միջավայր` 5% եւ առողջապահական համակարգի գործունեություն`10%»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728