Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի եւ Վանաձոր քաղաքի բնակչուհի Մարիամ Ավագյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով դատական երկրորդ նիստը:
Հիշեցնենք, որ Մարիամ Ավագյանը 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրությունների օրը կոտրել էր Շ. Գալստյանի բջջային հեռախոսը՝ պատճառելով գույքային վնաս:
Դատական նիստին ներկայացել էին մեղադրյալ Մարիամ Ավագյանը, վերջինիս հանրային պաշտպան Հովսեփ Հովսեփյանը, գործով ներգրավված վկաներ: Նիստը վարում էր դատավոր Սուրեն Բաղդասարյանը:
Կարդացեք նաև
Նիստին չէին ներկայացել դատախազ Ռաֆայել Երիցյանը, տուժող Շողիկ Գալստյանը եւ նրա ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը: Նշվեց, որ վերջինս տեղեկացրել է, որ փետրվարի 3-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գտնվելու է հանրապետությունից դուրս՝ խնդրելով նիստը հետաձգել եւ նշանակել փետրվարի 17-ից հետո:
Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ դատավոր Ս. Բաղդասարյանը նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 22-ին:
Հիշեցնենք, որ գործով առաջին դատական նիստը եւս հետաձգվել էր, քանի որ մեղադրյալ Մ. Ավագյանը տեղեկացրել էր, որ ցանկանում է օգտվել հանրային պաշտպանի ծառայություններից:
Այսօր նշանակված նիստին, նրա հանրային պաշտպան Հ. Հովսեփյանը նշեց, որ գործին առնչվող նյութերին ծանոթ չէ, հավելելով, որ մի քանի օրվա ընթացքում կծանոթանա գործին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ