Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետը ոտքով շրջեց Գյումրու պատմական փողոցներով ու բացականչեց՝ «ֆանտաստիկ են» (Տեսանյութ, ֆոտոշարք, ձայնագրություն)

Փետրվար 03,2017 17:54

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելեց Գյումրի: Նա նախ եղավ «Շիրակ» օդանավակայանում, որտեղ նրան դիմավորելու էին եկել բազմաթիվ պաշտոնյաներ, գործարարներ: Չնայած սառնամանիքին՝ նրանք դողալով կանգնել էին դրսում՝ րոպե առ րոպե սպասելով ուշացող վարչապետին: Նկատենք, որ վարչապետի հետ հանդիպման էին եկել ՀՀԿ Շիրակի մարզի վարկանիշային ցուցակը գլխավորող թեկնածուներից շատերը:

Կարեն Կարապետյանը շրջեց օդանավակայանում, ուսումնասիրեց պայմանները,, այնուհետ եղավ ածիկի դեռ շահագործման չհանձնված գործարանում ու հետո ոտքով շրջագայեց Գյումրու պատմական, «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքում գտնվող սրճարաններում ու փողոցներում: Վարչապետը պատահաբար բացում էր սրճարանների դռները ու ներս մտնում, նա եղավ նաեւ Իտալիայի պատվո հյուպատոսի՝ Անտոնիո Մոնտալտոյի «Վիլլա Կարս» հյուրատանը, որտեղ նույնպես պահպանված էր Գյումրու կոլորիտը: Ինչպես հայտնի է՝ Կարեն Կարապետյանի ընտանիքը պատրաստվում է իր անձնական միջոցներից գումարներ ներդնելու Գյումրիում՝ այս քաղաքը տուրիզմի կենտրոն դարձնելու, «Կումայրի» արգելոցի մեջ գտնվող երկու՝ Շիրազի ու Ռուսթավելի փողոցները վերականգնելու:

Վարչապետին ուղեկցող մարդիկ նույնպես հիացած քայլում էին Գյումրու փողոցներով՝ մեզ խնդրելով ներկայացնել յուրաքանչյուր փողոցն ու այնտեղ գտնվող հին կառույցների պատմությունը: Ի դեպ, այսօր Կարեն Կարապետյանի համար էքսկուրսավարի դեր էր կատարում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քայլելով Շիրազի փողոցով՝ վարչապետը բացականչեց. «ֆանտաստիկ փողոց է», իսկ Քըրք Քըրքրյանի անվան փողոցով քայլելիս՝ վարչապետին ուղեկցող անձինք չէին ուզում հեռանալ:

Կարեն Կարապետյանի վերջին կանգառը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն էր, նա ոտքով հասավ այստեղ ու բազմաթիվ գործարարների հետ քննարկեց Գյումրու զարգացման ներդրումային ծրագիրը: Գործարարներից շատերը, այդ թվում եւ սփյուռքահայեր, խոստացան մասնակցություն ունենալ Գյումրիում տուրիզմի ու գործարար միջավայրի ձեւավորմանը: Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ ինքը, ցավոք, ժամանակ չունի բիզնեսով զբաղվելու, սակայն Գյումրիում ներդրումներ կանեն իր ընտանիքի անդամները եւ մեծ պատիվ համարեց հրաշալի այս քաղաքում ներդրում անելը:

10 միլիոն ներդրում կկատարվի «Շիրակ» օդանավակայանում, իսկ 200 միլիոն դոլարի՝ «Կումայրի» արգելոցում: Մանրամասները քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728