Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղցկեղ ունեցող կանայք ուռուցքաբանի կրծքից բռնում են ու ստիպում` ինչ կա, չկա հեռացնել (Տեսանյութ)

Փետրվար 03,2017 17:36

21-րդ դարում քաղցկեղի մի շարք տեսակներ` մասնավորապես կանանց օրգանների, միանգամայն բուժելի են: Այս մասին վստահեցրեց ուռուցքաբան, «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Արտեմ Ստեփանյանը:

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով այսօր «Նոյյան տապան» սրահում բժիշկ Ստեփանյանը համեմատականներ անցկացրեց 20-րդ դարում հիվանդության բուժման եւ 21-րդ դարում բուժման, դրա մեթոդների միջեւ եղած տարբերության մասին` նշելով, որ եթե նախորդ դարում մարդն ուներ քաղցկեղ, ապա ամենայն հավանականությամբ կմահանար, իսկ, եթե ամեն գնով փորձեին բուժել, ապա 100 տոկոսով հաշմանդամություն էր ձեռք բերում:

Aravot.am-ի հարցին, թե այսօր էլ կան բուժհիմնարկներ, որտեղ բուժման մեթոդները հին են, կնոջը ոչ թե փորձում են բուժել, այլ օրգանները հեռացնում են` դարձնելով հաշմանդամ, մինչդեռ վաղուց զարգացած երկրների փորձը թույլ չի տալիս այդպես վարվել, բժիշկ Ստեփանյանն ասաց, որ այսօր հնարավորությունները թույլ են տալիս եւ բժշկի հիմնական խնդիրը պետք է լինի բուժման ընթացքում ապահովել կյանքի որակ: Այդուհանդերձ, ըստ Արտեմ Ստեփանյանի, 20-րդ դարում «մնացած» պացիենտներ կան. «Գալիս են իմ կրծքից բռնում ու ասում` չէ պիտի բոլորը հեռացնեք»:

Ըստ մասնագետի կարեւոր է, որպեսզի քաղցկեղ ունեցող կինը բուժվելուց հետո վերադառնա լիարժեք կյանքին` չկորցնելով կանացիությունը. «Կրծքերը կամ այլ կանացի օրգանները հեռացնելով կնոջ համար ծանր հետեւանքներ է թողնում թե’ հոգեկան թե’ ընտանեկան առումով»:

Մեր այն հարցին էլ, թե Հայաստանում մասնավորապես ի՞նչն է նպաստում քաղցկեղի ավելացմանը, բժիշկ Ստեփանյանն ասաց, որ Հայաստանում օգտագործում են ամենաանառողջ սնունդը. «Մի կատաստրոֆիկ վիճակ է սննդի հետ կապված, այն ինչ որ մարդիկ ամեն օր ուտում են կամ առիթներին: Դա խայտառակություն է»: Նա մատնանշեց նաեւ սակավաշարժությունն ու որոշ դեպքերում նաեւ գենետիկան. «Հնարավոր է գենետիկորեն կրում ենք հին մուտացիաներ, որոնք որ մնացած ազգերին բնորոշ չեն»:

Այդուհանդերձ, բժշկի խոսքերով, միջազգային վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանը քաղցկեղի հիվանդացությամբ աշխարհում առաջին տեղերում չէ:

Ըստ Արտեմ Ստեփանյանի, կանանց օրգանների քաղցկեղից ամենատարածվածը կրծքագեղձի քաղցկեղն է, որ շատ վաղուց արդեն չի համարվում մահացու հիվանդություն:

Ուռուցքաբան, «Նաիրի» բուժկենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լեւոն Բադալյանը վստահեցրեց, որ Հայաստանում վերջին տարիներին բավականին արագ տեմպերով զարգանում է ուռուցքաբանության ոլորտը, այդուհանդերձ շատերը դեռ գնում են արտերկիր բուժվելու «քանի որ համոզված են, որ Հայաստանում չկա նորմալ բժիշկ»:

Լեւոն Բադալյանը գտնում է, որ այս ոլորտում զարգացումները լոկալ բնույթ են կրում եւ համակարգային չեն եւ անհատ կլինիկաներն են խոշոր ներդրումներ անում, վերապատրաստված մասնագետներ պահում ու ժամանակակից տեխնիկա ձեռք բերում, իսկ, ընդհանուր առմամբ, համակարգը չի զարգանում:

«Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոօրթոպեդիայի եւ ոսկրային պաթոլոգիայի ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանն ասաց, որ ոսկրային ուռուցքները հիմնականում ախտահարում են երեխաներին, դեռահասներին, երիտասարդներին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728