Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցում են նաեւ բուհերի դասախոսական թիմերը

Փետրվար 03,2017 16:53

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում վոլեյբոլի եզրափակիչ հանդիպումով ավարտվեցին «Դասախոսական գավաթ» միջբուհական 4-րդ խաղերը, որն ավանդաբար կազմակերպում եւ անցկացնում է ՀՊՏՀ-ն, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը այս տարի միացել է նախաձեռնությանը որպես համակազմակերպիչ:

Մրցաշարին մասնակցել են 10 բուհերի դասախոսական թիմեր, որոնք լավագույններին որոշել են չորս մարզաձեւերում: Ըստ մարզաձեւերի մրցանակակիրներ դարձել են:

Շախմատ. Մանկավարժական համալսարան, Ագրարային համալսարան, Տնտեսագիտական համալսարան:

Հրաձգություն. Մանկավարժական համալսարան, Բժշկական համալսարան, Ամերիկյան համալսարան:

Սեղանի թենիս. Պոլիտեխնիկ, Սլավոնական համալսարան, Բրյուսով:

Վոլեյբոլ. Ֆիզկուլտ ինստիտուտ, Ագրարային համալսարան, Մանկավարժական համալսարան:

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը լրագրողներին ասաց, որ մրցաշարը սկսվել է միայն վոլեյբոլի առաջնությունով եւ վերջին երկու տարին է, ինչ մասնակցության ընդլայնմանը զուգընթաց, ծրագրում ավելացվել են այլ մարզաձեւեր: «Թիմերը հիմնականում համալրված են ֆիզդաստիարակության ամբիոնների դասախոսներով: Բայց կանոնադրության մեջ կետ կա, որ կարող են հանդես գալ նաեւ այլ ամբիոնների դասախոսներ: Սա նպաստում է դասախոսների առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության ապահովմանը: Մենք աշխատում ենք, որպեսզի անպայման ներգրավվեն նաեւ կին դասախոսները, որի նպատակով բոլոր մարզաձեւերում պարտադիր է «թույլ սեռի» ներկայությունը, իսկ վոլեյբոլում խաղադաշտում պետք է միշտ կին դասախոս լինի» – ասաց Հովհաննես Գաբրիելյանը:

Aravot.am-ի դիտարկմանը, թե ավելի ճիշտ չէ՞ր լինի, որպեսզի կանոնադրությունում նշված լիներ թիմերում ավելի շատ այլ ամբիոնների դասախոսների ներգրավված լինելու մասին, քան ֆիզդաստիարակության, Հ. Գաբրիելյանը պատասխանեց. «Ճիշտ միտք է: Ինձ թվում է, որ մյուս ամբիոնների դասախոսների համար կարելի է առանձին մրցույթ կազմակերպել. սկզբում՝ ներբուհական մրցումներ, այնուհետեւ՝ միջբուհական առաջնություններ: Եվ երբ բուհերը կունենան իրենց հավաքականները, մենք ուսանողական մարզական ֆեդերացիայի շրջանակներում կփորձենք նաեւ դա կազմակերպել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728