Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թալիշում վիրավորված զինվորին արտերկրում բուժել-չբուժելու հարցը կախված է հանձնաժողովից (Տեսանյութ)

Փետրվար 03,2017 16:39

Թալիշում ծանր վիրավորում ստացած զինծառայող Ռոլանդ Սահակյանը, որին Aravot.am-ը երեկ անդրադարձել է, արտերկրում բուժօգնության կարիք ունի:

Հիշեցնենք, որ Ռոլանդ Սահակյանին 12 անգամ վիրահատել են, նա ողնաշարի վիրավորում ուներ: Երիտասարդը հուսով է, որ արտերկրի կլինիկայում բուժվելուց հետո կկարողանա ոտքը գետնին դնել:

Հիշեցնենք նաեւ, որ օրերս առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը վստահեցրել էր՝  «Արտերկրում զինծառայողների բուժման համար ֆինանսական հարցերը լուծված են»: Տիկին Վարդանյանը հավաստիացրել էր, որ արդեն 5 զինծառայողների հարց է քննարկվել, որից 3-ին դրական պատասխան է տրվել, 2 զինծառայողների համար էլ դեռ ժամանակ կա սպասելու:

Aravot.am-ը տիկին Վարդանյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ռոլանդ Սահակյանի հարցը քննարկվել է, եւ չե՞ն պատրաստվում աջակցել զինծառայողին՝ արտերկրում բուժումը շարունակելու համար:

Այս առնչությամբ տիկին Վարդանյանն ասաց. «Ռոլանդը զինվորական հոսպիտալում է, այն պահին, երբ նրա վերականգնողական բուժումը հոսպիտալում կվերջանա, փաստաթղթերի փաթեթը կգա մասնագիտական եզրակացություն տալու եւ որոշումը կկայացվի մասնագետների կողմից»:

Ծաղիկ Վարդանյանը վստահեցրեց՝ եթե մասնագիտական եզրակացությամբ հաստատվի, որ անհրաժեշտություն կա բուժօգնությունը համապատասխան կլինիկայում ՝ արտերկրում շարունակելու, մյուսների պես Ռոլանդը նույնպես կգնա:

«Առաջարկում եմ դիմեն պաշտպանության նախարարություն եւ պնդեն՝ անպայման մասնագիտական հանձնաժողովի հետ միասին աշխատելով: Եթե հանձնաժողովը որոշի, որ Հայաստանում այլեւս հնարավոր չէ համապատասխան բուժում ստանալ, կորոշվի ուղարկել արտերկիր: Թող պնդելով դիմեն պաշտպանության նախարարություն»,-ասաց տիկին Վարդանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ նախկինում տիկին Վարդանյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ արդյոք չե՞ն կրկնվի Արման Լազգիյանի եւ Ռոբերտ Առաքելյանի  դեպքերը, որոնք ապրիլյան պատերազմից հետո ծանր վիրավորում էին ստացել, կառավարությունը խոստացել էր նման զինծառայողների բուժումը արտերկրում իրականացնել, սակայն, նրանք այժմ բուժումը շարունակում են Գերմանիայում բարեգործության հաշվին, ոչ պետական ֆինանսավորմամբ, Վարդանյանը վստահեցրել էր՝«Ոչ, նման դեպքերը չեն կրկնվի, որովհետեւ ֆինանսների հայթայթման մեխանիզմները կառավարության որոշումով կարգավորված են»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728