Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առանց ռուսական նավթի էլ կդիմանանք, չնայած որ դժվար կլինի». Լուկաշենկո

Փետրվար 03,2017 16:36

Հանուն Բելառուսի անկախության կարելի է ապրել և առանց ռուսական նավթի, չնայած որ դժվար կլինի: Այս մասին, ինչպես հաղորդում է բելառուսական naviny.by պորտալը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Առանց ռուսական նավթի էլ կդիմանանք, չնայած որ դժվար կլինի,- ասել է Լուկաշենկոն:- Յարոսլավը (տնտեսագետ՝ Յարոսլավ Ռոմանչուկ-խմբ.) միանգամից կասի, որ դա շահավետ չէ, արդյունավետ չէ: Բայց անկախությունն ու ազատությունը շատ շահավետ են և չեն հաշվվում ո՛չ մի գումարով և ո՛չ մի թվով: Եթե մի նժարին անկախությունն է, մյուսին՝ ռուսական, իրանական, ադրբեջանական կամ ամերիկյան նավթը, դա համատեղելի չէ: Մենք, ամեն դեպքում, ելք կգտնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ դա, «ցավոք, Ռուսաստանում չեն հասկանում՝ մտածելով, որ բելառուսները ոչ մի տեղ չեն փախչի:

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսն իրավունք ունի ցածր գներով ռուսական գազ ստանալ՝ կապված նավթի գների անկման հետ:

Լուկաշենկոն նաև նշել է, որ Ռուսաստանի ու Բելառուսի միջև վերջին շրջանում լարվածության պատճառը Մոսկվայի մտավախությունն է առ այն, որ Մինսկը կշրջվի դեպի Արևմուտք:

Լուկաշենկոյի կարծիքով՝ Ռուսաստանի ղեկավարության մեջ կան մարդիկ, որոնց դիրքորոշումը Բելառուսի նկատմամբ տարբերվում է այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումից: «Վերջին շրջանում իրավիճակն այնքան էլ լավ չի զարգանում: Բայց ևս մեկ անգամ ընդգծում եմ. այնտեղ ուժերը տարբեր են»,- ասել է նա:

Բելառուսի նախագահը նաև քննադատել է  Ռուսաստանին այն բանի համար, որ Անվտանգության դաշնային բյուրոն որոշել է վերականգնել Բելառուսի հետ սահմանային գոտին: Պաշտոնական Մոսկվան ավելի վաղ հայտարարել էր, որ վերահսկողությունը սահմանվում է երրորդ երկրների քաղաքացիների համար և որևէ կերպ չի անդրադառնա ռուսների և բելառուսների տեղաշարժի վրա:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից Բելառուսի դուրս գալու վերաբերյալ վերջին օրերին տարածված լուրերին՝ Լուկաշենկոն դա որակել է որպես «լիակատար հորինվածք»: Այնուամենայնիվ, նա նշել է, որ ԵԱՏՄ տարածքում անհավասարության պատճառով Բելառուսը կորցրել է 15 մլրդ դոլար:

«Այս ընթացքում անհավասար գների, անհավասար պայմանների հետևանքով Բելառուսը կորցրել է 15 մլրդ դոլար: Նրանք ընդունում են այդ թիվը: Եվ հիմա մեզ տվել են 5 մլրդ դոլարի վարկ: Լավ է, էլի, գների միջոցով վերցնել մեզնից 15 մլրդ, հետո մեզ տալ մեր իսկ գումարները, այն էլ միայն մեկ երրորդ մասը»,- ասել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728