Լրահոս
Օրվա լրահոսը

«Էականն այն է, որ այսօր կա իշխանություն եւ Հովիկ Աբրահամյան, որ իրար դեմ պայքարում են». Սարգիս Ավետիսյան

Փետրվար 03,2017 16:19

«Համերաշխություն» կուսակցությունն այս օրերին նույնպես ակտիվ բանակցում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ու դաշինքների հետ: Կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը չհստակեցրեց, թե որ ուժերի հետ են բանակցում, միայն ասաց՝ բոլոր ուժերի հետ բացի ՀՀԿ-ից ու «Ելք» դաշինքից:

Գուցե հենց բանակցություններով պայմանավորված էլ պարոն Ավետիսյանը խուսափեց կոշտ գնահատականներից՝ բացառությամբ ՀՀԿ-ի. «ՀՀԿ-ի հետ հիմա չենք բանակցել, որովհետեւ իմաստ չկա բանակցելու, ինչ բանակցենք: Ամեն ինչ պարզ է, այս ժամանակահատվածում սպառեցին իրենց բոլոր ռեսուրսները, ճիշտ կլինի, որ իրենք թողնեն ասպարեզը, որովհետեւ դա վտանգում է արդեն երկրին: Եթե դու վերջացել ես, չկաս, չես կարող ասել՝ չէ գիտեք, ես կամ: Արդեն վերջացել ես, ինչպես ժամանակին ՀՀՇ-ի դեպքում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պահեց իշխանությունը, հետո հասկացավ, որ էլ չի լինում պահել, տվեցին իշխանությունը, գնացին: Հիմա նույնը ՀՀԿ-ն պետք է անի, պետք է սովորենք փոխվել, ոչ թե մտածենք ՝հենց նստեցինք այդ աթոռին, այդ աթոռը մերն է, վե՛րջ: Մարդկանց հենց այդ աթոռից հանում ես, ինֆարկտ են ստանում»:

Պարոն Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ խորհրդարան կանցնեն այն ուժերը, որոնք ռեսուրսներ ունեն. «Ովքեր շատ ունեն, շատ կանցնեն, ովքեր քիչ ունեն, քիչ կանցնեն»:

Նա ապագա խորհրդարանում տեսնում է ՀՀԿ-ին, Ծառուկյան եւ Վարդան Օսկանյան- Սեյրան Օհանյան դաշինքներին. «Այս ընտրությունները գաղափարական ընտրություններ չեն, անհատների միջեւ ընտրություններ են, պետք է ընտրենք անհատներին, իսկ նրանց միջեւ գաղափարական տարբերություն չկա»:

Մեր հարցին՝ իրակա՞ն է համարում իշխանությունների դեմ պայքարող նախկին պաշտոնյաների պայքարը, պարոն Ավետիսյանը պատասխանեց՝ այո. «Ցավում եմ, բայց, իսկապես, այդպես է: Եթե խնդիրը դնում ենք անհատների վրա, ապա Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի հարազատ եղբայրը չէ, ոչ էլ Գագիկ Ծառուկյանն է նրանց հարազատ եղբայրը, հետեւաբար, եթե խնդիրներ ունեն իրար հետ, իրարից նեղացած են, կամ այլ ձեւ են պատկերացնում պայքարը, կարող են այլ տեղերով շարժվել առաջ: Ուզում եմ, որ մենք հասկանանք, որ Հայաստանում դա շատ հնարավոր է, որովհետեւ չկա դասական իմաստով քաղաքական պայքար, կա անհատների միջեւ պայքար…չգիտեմ՝ Հովիկ Աբրահամյանի խնդիրը պաշտոնի կռի՞վն է, թե՞ վերաբերմունքի հարց էր, բայց դա էակա՞ն է, որ: Էականն այն է, որ այսօր կա իշխանություն եւ Հովիկ Աբրահամյան, որ իրար դեմ պայքարում են»:

«Համերաշխություն» կուսակցությունն առաջիկա օրերին կհայտարարի, թե որ ուժին կամ դաշինքին է միանում ընտրություններին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728