Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսիս Օհանյանը Reddit-ում պատմել է իր փախստական նախնիների պատմությունը

Փետրվար 03,2017 15:41

Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հարթակում հրապարակած բաց նամակում իր վերաբերմունքն է արտահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության նկատմամբ և պատմել Ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը: Հրապարակումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Երկու շաբաթ արտասահմանում անցկացնելուց հետո անհամբերությամբ սպասում էի՝ երբ եմ այս շաբաթ վերադառնալու ԱՄՆ: Բայց կիրակի, երբ վայրէջք կատարեցի Լոս Անջելեսի օդանավակայանում՝ վստահ չէի՝ ինչ երկիր եմ վերադառնում:

Նախագահ Թրամփի վերջին հրամանը ոչ միայն հակասահմանադրական է, այլև խորապես հակաամերիկյան: Անկախ ամեն ինչից՝ մենք ներգաղթյալների ազգ ենք: Տեխնոլոգիաների աշխարհում մենք հաճախակի ենք խոսում սթարթափերի «անազնիվ առավելությունների» մասին, որոնք թույլ են տալիս հարված հասցնել մրցակիցներին: Փախստականներին և ներգաղթյալներին ընդունելը եղել է մեր երկրի, և իմ՝ որպես ձեռնարկատիրոջ, անազնիվ առավելությունը:

Ինչպես գիտեն ձեզնից շատերը, ես Գերմանիայից առանց փաստաթղթերի եկած փախստականների որդի եմ, և Հայոց ցեղասպանությունից փրկված փախստականների թոռ:

Շուրջ մեկ դար առաջ մի թուրք զինվոր որոշեց, որ իմ մեծ պապը չափազանց երիտասարդ է սպանվելու համար այն բանից հետո, երբ նրա ծնողները սպանվել էին նրա աչքի առաջ. սրախողխող անելու փոխարեն նրան ուղարկեց մանկատուն: Շատ հայեր, այդ թվում իմ մեծ տատը, ապաստան էին գտել Սիրիայի Հալեպ քաղաքում՝ նախքան նրանք կմիավորվեին ու կմեկնեին Էլլիս կղզի: Բայց նրանք դուրս չմղվեցին, ավելին, գտան այս ակնարկը.

«Տու՛ր ինձ ձեր հոգնած, ձեր խեղճ, խումբ-խումբ հավաքված ձեր ամբոխները, որոնք փորձում են ազատ շնչել, ձեր հարուստ ափերի դժբախտ աղբը: Ուղարկի՛ր անտուններին, ափ նետվածներին ինձ մոտ, ես կբարձրացնեմ լույսը ոսկե դարպասների մոտ» (հատված Էմմա Լազարուսի «Նոր Կոլլոս» բանաստեղծությունից, որը դրոշմված է «Ազատության արձանի» պատվանդանի վրա-խմբ.):

Իմ մեծ պապը անգլերեն շատ չէր խոսում, բայց շատ աշխատում էր, և կարողացավ աշխատանք գտնել Բիրմինգթոնի (Նյու Յորք նահանգ) Endicott-Johnson կոշիկի արտադրության ընկերությունում: Դա նրա ընտանիքի ոսկե դարպասն էր: Եվ չնայած նա և իմ մեծ տատը 4 երեխա ունեին, որոնք բոլորն էլ ծնվել էին ԱՄՆ-ում, նրանց ընտանիքը շարունակեց վերաձևավորվել ներգաղթի հիմքի վրա՝ սերնդից սերունդ: Նրանց որդիներից մեկը՝ իմ պապը, կամավոր ծառայության անցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և ամուսնացավ ֆրանսահայ ներգաղթյալի հետ: Իսկ իմ մայրը՝ ծնունդով Գերմանիայի Համբուրգ քաղաքից, որոշեց թողնել իր ընտանիքը, ընկերներին և կրթությունը այն բանից հետո, երբ սիրահարվեց իմ հորը՝ ծնունդով Սան Ֆրանցիսկոյից:

Նա ուսանողական վիզա ստացավ, եկավ ԱՄՆ, հետո աշխատեց որպես au pair՝ օտար երկրում վերաարմատավորելով իր ողջ կյանքը՝ հանուն սիրո: Իր վիզայի ժամկետից նա ավելի մնաց: Նա պետք է վերադառնար, բայց չվերադարձավ: Երբ նա ամուսնացավ հորս հետ, գրին քարտ ստացավ, որից ավելի քան մեկ տասնամյակ հետո միայն քաղաքացիություն ստացավ: Ես մեծացել եմ՝ խոսելով գերմաներեն, բայց նա պնդում էր, որ կենտրոնանամ անգլերենիս վրա՝ հաջողակ լինելու համար: Ի վերջո, նա քաղաքացիություն ստացավ, և ես երբեք չեմ մոռանա՝ ինչպես էր նա երդվում այդ արարողությանը:

Եթե դուք երբեք չեք տեսել՝ ինչպես են մարդիկ առաջին անգամ հավատարմության երդում տալիս որպես ԱՄՆ քաղաքացի, դա ձեզ կհուզի. սենյակ՝ լի մարդկանցով, որոնք իսկապես երախտապարտ են, որ երջանիկ են Բրուքլինում մեծանալու, կամ պարզապես այնտեղ ծնված լինելու համար: Ես հուզվում եմ, երբ երաշխավորագիր-նամակ եմ գրում այն ձեռներեցների համար, ովքեր փորձում են այցագիր ստանալ՝ այստեղ իրենց ընկերությունը հիմնելու, ԱՄՆ-ում արժեքներ և աշխատատեղեր ստեղծելու համար:

Իմ նախնիները համարձակ փախստականներ էին, որոնք իրենց տունը հիմնեցին այս երկրում: Ես միշտ հպարտացել եմ, որ ապրում եմ մի երկրում, որն այո է ասում արկերի պայթյուններից ցնցված փախստականներին, որը ճանապարհ է հարթում այն կանանց համար, ովքեր պարզապես ցանկանում են աշխատել և ընտանիք կազմել այստեղ:

Առանց նրանց, չկամ ես, չկա Reddit-ը: Մենք հայ ենք: Եկե՛ք չմոռանանք, որ մենք՝ որպես ազգ, բարգավաճել ենք, որովհետև եղել ենք խիզախության փարոս՝ հոգնածների, աղքատների, ափ նետվածների համար:

Հենց հիմա Ազատության արձանի լույսերը խամրել են. ահա թե ինչու, առավել քան երբևէ, կարևոր է, որպեսզի մենք բարձրաձայնենք և աջակցություն ցուցաբերենք բոլոր նրանց, ում համար այն փայլում է՝ անցյալում, ներկայում և ապագայում: Ես ձեզ խնդրում եմ դա անել՝ ինչպես որ կարող եք՝ ձեր ներկայացուցիչներին կոչ անելով, բողոքի երթերով, ACLU-ին հանգանակություններ կատարելով, կամ քվեարկելով, իհարկե, ոչ միայն նախագահական ընտրություններում:

Մեր հարթակը, ինչպես և մեր երկիրը բարգավաճում է նրանով, թե որքան համայնքներ և մարդիկ կան դրանում: Reddit Inc.-ը կշարունակի ընդունել աշխարհի բոլոր քաղաքացիներին մեր թվային համայնքում և մեր գրասենյակում:

Ալեքսիս

Հրավիրում ենք բոլոր ամերիկացի ռեդդիթականներին, որոնք ներգաղթյալներ են, ներգաղթյալների երեխաներ և երեխաների երեխաներ, իրենց ընտանիքի պատմությունը թողնել մեկնաբանություններում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728