Այսօր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ն լքողների հետ կապված ասաց. «Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր քայլերի հաջորդականությունը, այդ թվում՝ քաղաքական ոլորտում»:
Հարցին՝ Հովիկ Աբրահամյանը լուրջ ուժ է ՀՀԿ-ի համար, հիմա ճաքե՞ր է տալիս իշխանությունը՝ նա պատասխանեց. «Դուք առաջիկայում կհամոզվեք՝ ճաքեր տալի՞ս է, թե՞ ոչ»:
Հարցին՝ ճի՞շտ է, որ ՀՀԿ-ի կանանց ցուցակը դուք եք գլխավորելու՝ նախարարը պատասխանեց, որ նման տեղեկություն չունի. «Ցուցակը կհրապարակվի՝ բոլորդ կիմանաք: Ինձ ցուցակը գլխավորելու առաջարկ չի եղել»:
Մեր հարցին՝ Հովիկ Աբրահամյանի հեռացումը կորո՞ւստ էր ՀՀԿ-ի համար՝ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ափսոսում եմ նախեւառաջ, բայց որեւէ մեկնաբանություն այդ հարցի կապակցությամբ չեմ պատրաստվում տալ»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ մտադիր չէ լքել ՀՀԿ-ն: Թե ինչ կարծիքի է այս ՀՀԿ-ի մասին, որտեղ չկա Հովիկ Աբրահամյանի թիմը, Մհեր Սեդրակյանը՝ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Երբ ՀՀԿ-ն վերջնական, ինչպես դուք եք ասում՝ կտեսնեք ճաքեր կտան, թե ոչ, ձեւավորումը կավարտվի, թե ոչ՝ վերջում հետո կտեսնեք: Գնահատականներ չեմ տալիս»:
Հարցին՝ նախագահը խոսեց մայր գետից անջատված առվակների մասին, դրանք սպառնալիքնե՞ր են ՀՀԿ-ի համար՝ նախարարը պատասխանեց, որ նախագահի որեւէ խոսք չի պատրաստվում մեկնաբանել, երբ հատկապես դա ասված էր փոխաբերական իմաստով. «Կոռեկտ չեմ համարում մեկնաբանել»:
Մեր հարցին՝ ՀՀԿ-ից արտահոսք կա, դա նկատե՞լ եք՝ նա պատասխանեց. «Յուրաքանչյուր կուսակցական՝ լինի շարքային կուսակցական, թե ոչ՝ ինքն է որոշում ում հետ շարունակել իր քաղաքական ճանապարհը»: Նա ասաց, որ ինքը արտահոսք չի որակում այն, ինչ տեղի է ունենում:
Դիտարկմանը, որ Դուք ընկալվում եք Հովիկ Աբրահամյանի թիմի անդամ՝ Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես ՀՀԿ կուսակցության անդամ եմ: Որպես ՀՀԿ անդամ՝ հիմա շարունակում եմ իմ գործունեությունը»: Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ի մեծ թիմի անդամ է նաեւ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ