Լուսանկարում պատկերված անմարդկային պայմանները Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/2 շենքում են: Բնակիչները կանգնած են փաստի առաջ: 12 հարկանի շենքի վերելակը լավագույն դեպքում աշխատում է միայն ցերեկը. առավոտյան եւ երեկոյան «սառցակալում է»: Պատճառն այն է, որ շենքի տանիքի անմխիթար վիճակի պատճառով տանիքից ձյան հալոցքը թափվում եւ լցվում է վերելակի մեջ, «իջնում» հարկ առ հարկ: 8-12-րդ հարկերում իսկական սահադաշտ է, հանգիստ կարելի է չմուշկներով այցելել այս հարկի բնակիչներին: Շենքի բնակիչները դիմել են համատիրության նախագահին, նա ասել է, որ միջոցներ չկան խնդիրը վերջնականապես կարգավորելու համար:
«Առավոտի» հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը տեղեկացրեց, որ խնդիրը փոխանցել են վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարին, որն էլ վստահեցրել է, թե միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի հնարավորինս արագ հարցը կարգավորվի:
Լուսանկարը՝ ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
«Առավոտ»
03,02.2017