ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց մի նախագիծը, որով առաջարկում է ԱԺ-ում ստեղծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:
ՀՀԿ պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հարցրեց՝ պաշտոնյաների գույքն ու եկամուտներն ուսումնասիրելու համար որքա՞ն ժամանակահատված է պետք: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դա կախված է նրանից, թե իրենք ինչքա՞ն գույք ունեն: Եթե մամուլում հրապարակված տեղեկությունը եւ կանխավարկածը որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած գույքի ծավալների մասին իրականությանը համապատասխանում են եւ ապացուցելի են, հնարավոր է շատ երկար ժամկետ: Բայց, ըստ էության, ինչքան ժամկետ պետք լինի, այդքան ժամկետ պետք է հատկացնել: Ժամանակն արժե ակնկալվող արդյունքի հասնելու համար»:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ իրենք փաթեթներ են պատրաստում: Փաշինյանը պատճառաբանել էր, որ պաշտոնյաների հայտարարագրում հայտնած տեղեկությունները մարդիկ հնարավորություն չունեն ճշտելու: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նոր մարմին է ստեղծվելու, որն իրավունք ունի իմանալ այդ տեղեկությունները ցանկացած պաշտոնյայի դեպքում:
Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ սա նախընտրական քաղաքական օրակարգի հարց է, իսկ իրենք չեն պատրաստվում Փաշինյանի նախընտրական ծրագրում որեւէ կետ ավելացնել՝ առավել եւս, որ առանց այդ էլ իրեն եւ իր ընկերներին կապում են իշխանության հետ., «Հանկարծ չասեն, որ Ելք դաշինքի նախընտրական ծրագիրը գրել են: Կարծում եմ, մենք այստեղ անելիք չունենք»:
Կարդացեք նաև
Ավելին՝ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ ապօրինի հարստացման մասին բազմիցս ԱԺ-ում խոսել է, եւ ինքն էլ իր գործընկերների հետ գրազ է եկել, թե ինչ տեքստով է Փաշինյանը նախագիծն այսօր ներկայացնելու, ում անուններն է տալու. «Ես շահած կողմ եմ, գրազը կրել եմ, որովհետեւ այն, ինչ կանխատեսել էի, թե ինչ պետք է ասեիք, ում անունները տայիք ու ինչ տոնայնությամբ՝ եղել է»:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Լինելով ՀՀԿ անդամ, ներսից գիտեք, որ երբ խոսվում է թալանի մասին, առաջին հերթին ում անուններն են նշվելու: Դուք էլ գիտեք ՀՀ-ն 25 տարի թալանածների թոփ տասնյակը»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ իշխանական լինելուն՝ նա ասաց. «Սերժ Սարգսյանը երեւի հատուկ ուստանովկա է տվել, որ ամեն անգամ, երբ ես խոսում եմ, հիշատակեք, որ ինչ-որ մարդիկ ինձ կապում են իշխանությունների հետ: Ձեզ հե՞տ են կապում, մարդը առանց ակնոցի կարող է նայի եւ տեսնի՝ ի՞նչ կապ կարող է լինել իմ եւ ձեր միջեւ: Եվ ընդհանրապես դա ձեր իշխանության ամենալավ գնահատականն է, որ մեկին երբ ուզում եք վատություն անեք, ասում եք՝ գիտես, իշխանության հետ սա կապված է: Ձեր իշխանությունը նմանվում է բորոտի կամ ինչ-որ սուր վիրուսային հիվանդություն տարածող մեկի: Սա ձեր իշխանության ամենամեծ գնահատականն է, եւ եթե իմ դեմքին ուշադիր նայեք, կտեսնեք, որ ես բորոտության որեւէ ախտանիշ չունեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Գրազ էի եկել որ Հովհաննես Սահակյանն ու իրա շեֆությունը կոռումպացված են ու հաղթեցի գրազը: