Հայաստանում ֆրանսիական համալսարանում փետրվարի 3-ին կայացավ «Էրազմուս +» ծրագրի «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» նախագծի մեկնարկի շնորհանդեսը: Նախագծի նպատակն է մշակել և փորձարկել բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի եվրոպական ինտեգրացիային համահունչ որակի ապահովման համակարգ՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը: Ծրագրում ներառված է 20 հաստատություն՝ Հայաստանից, Բելգիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Մոնղոլիայից, Լեհաստանից և Ուկրաինայից:
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը փաստեց, որ ծրագիրն ունի տասնամյակների պատմություն, նա հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանում «Էրազմուս+ » ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովային: Նաեւ շեշտեց, որ ծրագրի շնորհիվ ունենք ուսանողների եւ դասախոսների սերունդներ, որոնք բաց են եվրոպական արժեքների համար:
«Սա նույն «Տեմպուս/Տասիս» ծրագիրն է, որը շարունակական լինելով՝ ԵՄ-ի կողմից շատ լուրջ աջակցություն է հայ հասարակությանը: Աջակցությունը երկու ուղղությամբ է՝ առաջինը մոտեցնելու եվրոպական տրամաբանության և շրջանառության մեջ, և երկրորդը՝ որակ ստեղծելու: Ծրագրի բաղադրիչն այնպիսին է, որ վերադարձի տրամաբանություն ունի։ Ուսանողները ստանում են իրենց վկայականը, որտեղ սովորում են և այդ ընթացքում հնարավորություն են ունենում մի քանի անգամ շփվել գործընկեր համալսարանների հետ, ստանալ մասնագիտական լուրջ վերապատրաստում: Սա հաջող ծրագիր է նաեւ դասախոսների համար: Ցավոք, պետք է արձանագրենք, որ ուսանողների շրջագայության, դասախոսների համագործակցության առումով շատ ավելի մեծ ձեռքբերում ունենք Հայաստանից դուրս հարաբերություններում, քան Հայաստանի ներսում եղած համալսարանների միջև: Այժմ մենք ցանցային համալսարանների աշխատանքային հանձնաժողով ենք ստեղծել: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է դիտել մեկ բարձրագույն կլաստեր, որովհետև ունենք ընդամենը 87 000 ուսանող, եւ եթե սա դիտենք մի ամբողջության մեջ, հնարավորությունները շատ ճիշտ կօգտագործենք: «Էրազմուս+»-ը դա է փաստում»,-նշեց Լեւոն Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, այս ծրագիրը գնում է դեպի գիտություն, այն լուրջ նախապատրաստական աշխատանք է «Հորիզոն 2020»-ի ձեւաչափով պատրաստվելու ուղղությամբ:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստն ասաց, որ ծրագիրը հնարավորություն է տալիս եվրոպական գործընկերների աջակցությամբ բարելավել համալսարանական գործունեությունը, բացի այդ, այն հնարավորություն կտա լուրջ կապեր հաստատել, ցանցեր ստեղծելով՝ ավելի միջազգայնացնել համալսարանները:
«Եվրոպական գերազանցության կենտրոնների բազա համարվող համալսարանները իրենց փորձառությունը կբերեն, սա եվրոպական ծրագիր է, որ համակարգում ենք եւ հուսով ենք, որ կկարողանանք ուրիշ ծրագրերով էլ աջակցել համալսարանական կրթության զարգացմանը»,-հավելեց ռեկտորը:
Ինչ վերաբերում է Ֆրանսիական համալսարանում կրթության որակին եւ հաջողություններին, դա նրա խոսքով՝ պայմանավորված է աշխատանքով, խստապահանջությամբ եւ ջանքերով: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն կարեւորեց ոչ միայն ծրագրի կարեւորությունը, այլեւ Ֆրանսիական համալսարանի դերակատարությունը՝ որպես առաջատար համալսարան:
Միջոցառման ընթացքում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նախարարության ոսկե հուշամեդալով պարգեւատրեց Ժան Մուլեն-3 համալսարանի դոկտոր եւ իրավաբանական ֆակուլտետի կից դեկան Գիյոմ Ռուսեին ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանին: «Ֆրանսիական համալսարանի որակը պայմանավորված է նաեւ ձեր աշխատանքով»,-ասաց նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ