Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալների վաղաժամկետ պայմանական ազատման հարցը լուծվում է

Փետրվար 03,2017 14:29

Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ դատապարտյալի վաղաժամկետ պայմանական ազատման ինստիտուտին է փոփոխությունը վերաբերում: Այսօր երեք հանձնաժողովներ են գործում եւ, ըստ նախարարի, այս ոլորտում պրակտիկան հուշում է, որ միջգերատեսչական անկախ այդ հանձնաժողովներն արդյունավետ չեն գործում. «Այլ որակումներ չեմ տա, բայց կարող եմ բարձրաձայնել, որ այդ հանձնաժողովները արդյունավետ չեն գործում»:

Նախարարն ասաց, որ լսել է դատապարտյալների հարազատների դժգոհությունները, իրավապաշտպանների դիտարկումները:

Հստակ չափանիշներ են սահմանվել, թե որ դեպքում դատապարտյալին պետք է տան պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն: Նախարարն ասաց, որ հաշվի են առնելու նրա աշխատանքը, վարքը: Անկախ հանձնաժողովի կազմում էլ պետք է ընդգրկված լինեն մասնագետներ, ոչ թե չինովնիկներ. «Առաջարկել ենք, որ այդ մասնագիտական հանձնաժողովի կազմում լինի սոցիալական աշխատող, հոգեբան, կրիմինոլոգ: Դատապարտյալի ներկայությունը պետք է լինի անկախ հանձնաժողովի նիստին, ոչ թե միայն գործն են տալու: Պետք է հանձնաժողովում տեսնեն դատապարտյալին, համոզվեն եւ տան իրենց համաձայնությունը: Դատապարտյալը, եթե բացասական եզրակացություն է ստացել, կարող է վիճարկել այն դատարանում»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ կողմ է գաղափարին, բայց ձեռնպահ քվեարկեց: Հանձնաժողովի մյուս անդամները կողմ քվեարկեցին եւ այն դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ մեծ օրակարգում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728