Ինչպես տեղեկացրել ենք, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց իր նախագիծը, որով առաջարկում է ԱԺ-ում ստեղծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:
ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանն ասաց, որ ժամանակը չէ: Նիկոլ Փաշինյանն էլ առարկեց. «Ասում են՝ եթե կա ինֆորմացիա ապօրինի հարստացման մասին, թող քրեական գործ հարուցվի: Է թող հարուցվի, բայց չի հարուցվում: Քրեական գործ հարուցելու համար առիթ է հարկավոր: Քրեական դատավարության օրենսգիրքն ասում է, որ մամուլի հրապարակումներն էլ կարող են առիթ դառնալ, բայց փորձը ցույց է տալիս, որ առիթ չեն դառնում, կամ էլ, ինչպես Միհրան Պողոսյանի դեպքում է լինում՝ առիթ դառնում են, բայց հետո կարճվում են բոլորովին ուրիշ առիթներով: Կարո՞ղ է այս գործերի կարճումը կապ ունի ընտրությունների հետ»:
Վահրամ Մկրտչյանն ասել էր, որ ընտրական շրջան է, նախագիծը կարող է կապվել ընտրությունների հետ: Փաշինյանը պատասխանեց. «Իսկ ինչ է եղել, ինչի՞ց եք վախենում: Պետք է հենց ընտրություններին հստակ ազդակներ տանք մարդկանց ապագայի մասին»: Նա ասաց, որ պետք է ապագա բոլոր պաշտոնյաների ունեցվածքն էլ ուսումնասիրել, նրանց քույր, եղբայրներինն էլ. «Հլը ես կարծում եմ, որ պետք է ուսումնասիրություն անել նաեւ զոքանչների բազմաչարչար ինստիտուտի հետ կապված, նույնպես պետք է բացահայտել»:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կատակեց՝ դա չի լինի: Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն առաջարկեց ներգրավել նաեւ սիրուհիներին: Փաշինյանը պատասխանեց. «Պարոն Մարտիրոսյան, սիրուհիները…ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, ՀՀԿ խմբակցությունը այդ թեմայով հատուկ կարծիք կունենա»:
Կարդացեք նաև
Լեւոն Մարտիրոսյանն արձագանքեց՝ սիրուհիներն ունիվերսալ են: Փաշինյանի խոսքերով՝«Կան ոչ միայն ունիվերսալ սիրուհիներ, կան նաեւ ունիվերսալ պատգամավորներ, այնպես որ, այդտեղ շատ պետք չի խորանալ»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պաշտոնավարել նշանակում է ծառայել, ու ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, թե իրենց ծառաները ինչքանով են իրենց ծառայության ընթացքում նպաստել իրենց երկրի բարեկեցությանը եւ ինչքանով են նպաստել իրենց ընտանիքների եւ իրենց անձնական բարեկեցությանը:
Ըստ Փաշինյանի, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ընդամենը նախագահականի կցորդ մարմին է եւ էթիկայի ոլորտում որեւէ հարց չի լուծել: Այդ հանձնաժողովն ընդհանրապես ապագայում պետք է լուծարվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ