Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին. «Հանրությունը չիմանա՞ ճիշտը»

Փետրվար 03,2017 14:10

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր նախագիծը, որով առաջարկում է ԱԺ-ում ստեղծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:

Ըստ նախագծի, այդ հանձնաժողովի խնդիրներն են լինելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների ձեւավորման աղբյուրները, ինչպես նաեւ նրանց գույքային վիճակը, եկամուտների օրինականությունը, հնարավոր կոռուպցիոն երեւույթներն ու խնդիրներն ուսումնասիրել:

Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովում ասաց, որ հիմա կա բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների եւ գույքի հայտարարագրման մեխանիզմ, բայց մենք չունենք մեխանիզմ ստուգելու ՝ ինչքանով են ճիշտ լրացնում պաշտոնյաները այդ հայտարարագիրը: Հայտարարագրման մեխանիզմն էլ այնպիսին չէ, որ թույլ կտա պատկերացում կազմել բոլոր փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների մասին: Մասնավորապես, հայտարարագրման ներկայիս կարգում փոխկապակցված անձ են համարվում ամուսինը, համատեղ ապրող ծնողը, չափահաս զավակը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մամուլում հրապարակումներ են լինում պաշտոնյաների՝ օֆշորային գոտում գրանցված ընկերությունների մասին եւ հանրությունը չունի մեխանիզմ ճշտելու: Հանձնաժողովը իրավունք ունի ստուգել պաշտոնյաների ամբողջական եկամուտները, գույքի շարժը, շվեյցարական բանկերում ունեցած գումարները եւ այլն: Եթե որեւէ մեկն ուզում է բարձր պաշտոն զբաղեցնել ՀՀ-ում, պետք է բացի այդ ամբողջ տեղեկությունները, չի ուզում՝ թող չդառնա:

Ըստ Փաշինյանի, օդում կախված է, եւ հանրության բավականին լայն շերտեր այսպիսի կարծիք ունեն, որ 25 տարվա ընթացքում ՀՀ կառավարիչները, իշխողները հսկայական ունեցվածք են կուտակել պաշտոնավարման ընթացքում: ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալ, թե երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, նախարարները, մարզպետները ինչ ունեցվածքի են տիրապետում:

ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը հարցրեց՝ չե՞ք կարծում, որ հիմա սրա ժամանակը չէ, բացի այդ, ընդունվել է Ապօրինի հարստացման մասին օրենքը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այս օրենքով պատժի մասին չեն խոսում. «Օրինակ, ասում են, որ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում 4 մլրդ դոլարի հարստություն է կուտակել, հանրությունը պետք է իմանա այս հարցի պատասխանը: Եթե պարզվի, որ այդպես չի, շատ ավելի լավ: Եթե պարզվի, որ այդպես է, հանրությունը դրանից հետո ինքը պետք է որոշի՝ ինչ միջոցներ ձեռնարկի կամ ինչ վերաբերմունք ցուցաբերի: Կամ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Լեգենդներ են պտտվում ու մամուլն էլ գրում է նրա հարստության մասին: Այդ լեգենդների մի մասը պարզ իրողություն է: Կամ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որից այդպես էլ չիմացանք՝ գյուղմթերքների վաճառքից 2 մլն դոլար ո՞նց է ձեւավորվել: Սա վերաբերում է մեզ նույնպես: Հանրությունը չիմանա՞ ինչ փոփոխություն է տեղի ունեցել մեր գույքի, ունեցվածքի հետ, երբ 5 տարի պատգամավոր ենք եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728